Նախկին խաղամոլը խորհուրդ է տալիս առաջին անգամ հաղթած փոքրիկ գումարին չխաբվել ու իր պես «ճահիճը» չընկնել:
– Առաջին անգամ ինչպե՞ս այցելեցիր խաղատուն:
– Ընկերական շրջապատի հետ: Էդ անգամ ես շահեցի, ինչպես ասում են՝ նորեկներին բախտը ժպտում է: Հաջորդ անգամ կրվեցի, մյուս անգամ գնացի՝ կորցրածս հետ վերադարձնելու ու… ըտենց կամաց-կամաց խրվեցի ճահիճը:
– Ինչպե՞ս եք տնօրինել շահած գումարը եւ որտեղի՞ց եք գումար հայթայթել՝ նորից խաղալու համար:
– Շահած գումարը հազիվ փակում էր շահումը տոնելու ծախսերը: Ընկերներով մի տեղ նստում-նշում էինք՝ վերջանում էր: Սկզբում հետ գցած գումարովս էի գնում կազինո, հետո, երբ արդեն սկսեցի իրար վրա անընդհատ կրվել՝ պարտք էի վերցնում կամ տան եղած-չեղածը տանում գրավատուն: Մեկ-մեկուկես տարուց հետո, երբ արդեն խրվեցի պարտքերի մեջ, հասկացա, որ էլ ելք չունեմ, պիտի Հայաստանից փախնեմ, իսկ նախկին ընկերներս այդ ընթացքում ճնշում էին գործադրում ընտանիքիս վրա ու սպառնում վրեժ լուծել: Հայրս ստիպված գրավ դրեց մեր բնակարանը: Երեք տարի անց ես վերադարձա Հայաստան, քրտնաջան աշխատանքով վաստակած գումարով հազիվ կարողացա բնակարանը դուրս բերել գրավից:
«Առավոտի» զրուցակիցը նախկին խաղամոլ, 27-ամյա Դ. Հակոբյանն է: Հայաստանի գրեթե բոլոր խաղատներն այցելելուց հետո Դ. Հակոբյանը հասկացել է, որ խաղատանը հաղթելու շանսերը մոտ են զրոյի: Նրա խոսքերով՝ «ցանկացած մարդ, երբ առաջին անգամ է մտնում կազինո, մտածում է, թե ուր որ է՝ կազինոյի տիրոջը սնանկացնելու է: Իրականում ինքն էնպես է սնանկանում, ընկնում պարտքերի տակ, որ խաբար չի լինում»: Ըստ Դ. Հակոբյանի, օրինակ՝ «Ռուլետկա» խաղում միայն 0-ի առկայությունն արդեն հաղթանակի նժարը եւ խաղացողի գրպանի պարունակությունը թեքում է խաղատան տիրոջ կողմը:
Դ. Հակոբյանը շատ է հաճախել նաեւ Հայաստանում գործող բուքմեյքերական գրասենյակներ ու խաղադրույքներ կատարել տարբեր մարզաձեւերում: Ըստ նրա, այդ գրասենյակներում գործում է 15-20% «մարժայի» սկզբունքը, այսինքն՝ սպորտային իրադարձության վրա խաղադրույք կատարողը, եթե նույնիսկ կարողանա 50% ճշտությամբ գուշակել իրադարձությունների ելքերը, ինչը քիչ հավանական է, միեւնույն է, այդ տոկոսային հարաբերությամբ նա պարտված է դուրս գալիս ու կորցնում իր ներդրած գումարի մի մասը: «Խաղացողը կամ խաղադրույք կատարողն այդ պահին երբեք չի գիտակցում, որ ինքը փող է կորցնում: Նա միշտ կարծում է, թե քիչ փող է ներդրել, դրա համար էլ արդյունքն ըստ էության չի զգում»,- ասաց նախկին խաղամոլը:
Նա խաղատները, բուքմեյքերական ու նմանատիպ գրասենյակները սնանկացնելու երկու տարբերակ գիտի. առաջին տարբերակի համար արագաշարժություն ու ճարպկություն է պետք, երկրորդի համար՝ կամքի ուժ: Իսկ տարբերակները հետեւյալն են. կամ պետք է այցելել խաղատուն, դրամարկղը թալանել ու փախչել, կամ պարզապես խաղատուն ընդհանրապես չհաճախել: