Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծարեց Դելլալյանին

Նոյեմբեր 03,2007 00:00

\"\"Իտալացի դիրիժոր Էմիլիո Պոմարիկոն համերգը նվիրեց հայ կոմպոզիտորի հիշատակին

Հայ ժամանակակից կոմպոզիտորների դժգոհությունները չեն դադարում իրենց սիմֆոնիկ, կամերային երկերը չկատարելու կամ դրանք հազվադեպ հնչեցնելու առիթով: Չնայած պետական կոլեկտիվների՝ Ֆիլհարմոնիկ ու Կամերային նվագախմբերի հայտագրերը փաստում են, որ ժամանակ առ ժամանակ իրենք անդրադառնում են այդ գործերին: Հայտագրերից մեկն էլ նոյեմբերի 2-ին հրավիրում էր «Ա. Խաչատրյան» մեծ համերգասրահ՝ մասնակցելու ճանաչված կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին, որն անցկացվում է Երեւանյան առաջին միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Կոմպոզիտորի թիվ 3 սիմֆոնիան եւ «Մահ» սիմֆոնիկ պոեմը՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, ղեկավարեց Էմիլիո Պոմարիկոն, որն առաջին անգամ է Հայաստանում: Նա աշխատել է Իտալիայի եւ Եվրոպայի սիմֆոնիկ եւ օպերային կոլեկտիվների, այդ թվում՝ Թուրինի, Քյոլնի, Մյունխենի, Վիեննայի, Փարիզի նվագախմբերի հետ: «Առավոտի» հետ զրույցում դիրիժորը տեղեկացրեց, որ ինքն առաջին անգամ է Երեւանում, բայց տարբեր երկրներում հանդիպել ու բարեկամացել է հայ երաժիշտների հետ եւ շատ լավ գիտի հայ կոմպոզիտորներին: «Տեղյակ եմ, որ Դելլալյանը վաղաժամ է հեռացել կյանքից, բայց նրա երկերը կարող եմ բնութագրել այսպես. անվախ մտածողություն, թեթեւության եւ խորության կատարյալ սինթեզ, այնքան ներդաշնակ, այնքան տիեզերական ու այնքան մարդկային… Ասածիցս կարող եմ միայն ենթադրել մի բան՝ որ նրա ստեղծագործություններում հայի գերբնական ուժն է»,- ասաց Է. Պոմարիկոն: Հետաքրքրվեցինք, թե կայանալիք համերգի գաղափարն ու իր հրավերը ո՞ւմ կողմից է եղել: Դիրիժորը հայտնեց, որ Դելլալյանի երաժիշտ դուստրերից Նաիրայի հետ ծանոթացել է Լիսաբոնի Սան Կառլոս երաժշտական թատրոնում. «Տեղեկացված եմ, որ Դելլալյան ընտանիքն այլեւս հաստատվել է Լիսաբոնում, ավելի ստույգ՝ Հարությունի դուստրերը 1990-ականների սկզբին հրավիրվել են աշխատանքի Պորտուգալիա: Նաիրան տարիներ շարունակ երաժշտական թատրոնի նվագախմբի մենակատարն է: Եվրոպայի մի շարք քաղաքներում էլ, այդ թվում՝ Լիսաբոնում, նախապատրաստական աշխատանքներ են տարվում կոմպոզիտորի 70-ամյակի առիթով: Նախ Նաիրայի եւ ինձ մոտ միտք հղացավ հոբելյանը առաջինը նշել հայրենիքում, հետո հետեւեց Ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերը»:

Քանի որ Հ. Դելլալյանի ստեղծագործություններն ավելի շատ հնչում են արեւմուտքում, քան հայրենիքում, երաժշտագետ, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանին խնդրեցինք պարզաբանել, թե ո՞րն է վաղամեռիկ կոմպոզիտորի ստեղծագործությունների մեծ «պահանջարկի» պատճառը: «Հարությունը ծնվել է Աթենքում, տասը տարեկանում ծնողների հետ ներգաղթել Հայաստան: 31 տարեկանում առաջին անգամ ոտք է դրել մասնագիտական կրթօջախ՝ երաժշտական ուսումնարան, Էդվարդ Միրզոյանի դասարան: Հետո ուսումը շարունակել կոնսերվատորիայում՝ Էդվարդ Բաղդասարյանի մոտ: Նրա ստեղծագործական կյանքը կարճ էր՝ ընդամենը 13 տարի: Սակայն այդ կարճ ժամանակահատվածում Դելլալյանը ստեղծել է մնայուն արժեքներ, որոնք կատարվեցին եւ շարունակում են հնչել ամերիկաներում, եվրոպաներում եւ այլուր: Ճիշտ է, կոմպոզիտորի ստեղծագործությունները քանակով շատ չեն՝ շուրջ 25 երկ, բայց դրանք աննկարագրելի նորարարություն եւ հայկական ոգի են իրենց մեջ պարունակում: Նրա ստեղծագործություններն ունեն յուրօրինակ հնչողություն»,- ասաց Ն. Ավետիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել