Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՁ ԹՈՒՅԼ ՉԵՄ ՏԱ ԹԱԼԱՆԵԼ»

Նոյեմբեր 03,2007 00:00

\"\"Ասում է «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ նախագահ Ալբերտ Երիցյանը

Հոկտեմբերի 19-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) իր նիստում քննարկելով վերջին 3 ամիսների ընթացքում հայաստանյան շուկայում կարագի եւ բուսական յուղի (ձեթի) գների բարձրացման փաստը՝ շուրջ 50 տնտեսվարողների տուգանեց հակամրցակցային համաձայնությունների համար: Տուգանքի չափը կազմեց մոտ 300-ական մլն դրամ, որը տնտեսվարողներից գանձվելու է 2006-ին նրանց ստացած հասույթից՝ 2 տոկոսի չափով: Ընդ որում, ՏՄՊՊՀ-ի կողմից սահմանված այս «պատիժը», ըստ մամուլի հրապարակումների, տարածվել է ոչ միայն կարագ կամ բուսական յուղ ներկրող մի քանի, այդ թվում՝ գերակայող դեր ունեցող, ընկերությունների, այլեւ՝ վաճառքի խոշոր օբյեկտների վրա, այդ թվում՝ «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի: Սա այն դեպքում, երբ վերոհիշյալ ժամանակահատվածում հայկական շուկայում բուսական յուղի եւ կարագի, նաեւ հացի գների աստիճանաբար կամ կտրուկ թանկացումը համընդհանուր բնույթ էր կրել ՀՀ ողջ տարածքում: Հիշեցնենք, որ ներկրողներն արդարացել էին, թե հիշյալ ապրանքատեսակների գների բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկայում գների թանկացումով, իսկ վաճառքի օբյեկտների սեփականատերերն իրենց հերթին դա պատճառաբանել էին ներկրողներից ձեթն ու կարագը թանկ գնելու փաստով:

Երեկ մենք զրուցեցինք «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ նախագահ Ալբերտ Երիցյանի հետ: Նա կտրականապես հերքում է մասնավորապես իր ընկերության կողմից գների բարձրացման շուրջ որեւէ այլ տնտեսվարող սուբյեկտի հետ հակամրցակցային համաձայնության գալու մեղադրանքը: «Ես ուղիղ 40 տարի աշխատում եմ եւ նման բան երբեւէ չեմ արել ու ինձ թույլ չեմ տա ժողովրդին թալանել՝ ինչպես գրվում է մամուլում: Ես գերշահույթ ստանալու նպատակ չեմ հետապնդում, ինձ համար՝ որպես գործարարի, ավելի կարեւոր է իմ բարի համբավը, ու այդ մեղադրանքը շատ վիրավորական էր: Ստացվեց, որ մենք ժողովրդին թալանում ենք, մյուսներն էլ ժողովրդին մեզնից պաշտպանում են: Նման բան չկա: Թերթերում գրել են, թե մեր ընկերությունը, իբր, 300 մլն դրամի չափով տուգանվել է: Մեզ չեն տուգանել, մենք խախտում չենք արել: Ստացված հասույթի 2 տոկոսի չափով տուգանվել են նրանք, ովքեր խախտում են արել: Ես չգիտեմ, թե որտեղից է նման տեղեկություն շրջանառության մեջ դրվել: Այո, հանձնաժողովում մեր հարցը քննարկվել է, բայց հանձնաժողովի վերջնական որոշումն առաջիկա օրերին նոր կհրապարակվի, եւ մենք միայն այդ ժամանակ կարող ենք ստույգ ասել՝ մենք տուգանվե՞լ ենք, թե՞ ոչ, թեեւ ես վստահ եմ, որ մեզ չեն տուգանի, որովհետեւ մենք ճիշտ ենք: Մենք հոկտեմբերի 30-ին նամակ ենք գրել հանձնաժողովին՝ խնդրելով ցանկության դեպքում գալ ընկերություն ստուգումներ անցկացնելու եւ համոզվելու, որ մեր կողմից որեւէ խախտում չի եղել, մենք պատրաստ ենք փաստաթղթերով դա ապացուցել: Հանձնաժողովի որոշումը մեր մասով, կարծում եմ, ուղղակի թյուրիմացություն է եղել՝ հանձնաժողովի՞, թե՞ մեր կողմից՝ չեմ կարող ասել»,- պարզաբանեց Ա. Երիցյանը:

Անդրադառնալով մասնավորապես ձեթի վաճառքի գների աճին, Ա. Երիցյանը մեզ ներկայացրեց փաստաթղթեր, ըստ որոնց օգոստոս-հոկտեմբեր ամիսներին իր գլխավորած ընկերությունը ձեթը վաճառել է ձեռք բերված գների 15-20 տոկոսի չափով վերադիրի պայմաններում: Նույնպիսի փաստաթղթեր կային նաեւ կարագի ձեռքբերման եւ վաճառքի մասով: «Մեր խանութներում երբեք ձեթի եւ կարագի գները արհեստականորեն չեն բարձրացել, բայց գոնե այդ 20 տոկոս վերադիրը մեզ անհրաժեշտ է տնտեսությունը պահելու համար: Մենք ներկրող կազմակերպություն չենք, եւ ի պատասխան ձեր հարցի՝ ասեմ, որ ճիշտ չենք համարում, երբ մեզ ներկրողների հետ միեւնույն հարթությունում են դիտարկում: Ընդհանրապես, իմ կարծիքով, ճիշտ չէ, որ հանձնաժողովը մեզ ներգրավել է այդ ցուցակում: Բացի այդ, չեմ հավատում, թե գործնականում հնարավոր էր, որ Երեւան քաղաքում վաճառող բոլոր կազմակերպությունները կարողանային գների բարձրացման շուրջ իրար հետ համաձայնության գալ: Եթե մենք նման բան անելու լինեինք, դա կանեինք, օրինակ՝ այն ժամանակ, երբ հացի գինը բարձրացավ: Հիշո՞ւմ եք, որ շուրջ երեք ամիս առաջ հացի գինը բարձրացավ, իսկ մեր հացի գործարանի արտադրանքինը մնացել էր նույնը, որովհետեւ մտածում էինք, որ դա ժամանակավոր բնույթ կարող է կրել: Մենք նոր ենք հացի գինը ստիպված բարձրացրել 12 տոկոսով, որ վնասով չաշխատենք: Մինչ այդ երեք ամսում հացի գործարանում մենք 7 մլն դրամի վնաս ենք կրել, ու դա բոլորին է հայտնի: Կարծում եմ, որ մեր ժողովրդին ամեն ինչ պետք է ճիշտ մատուցել՝ առանց որեւէ կազմակերպության որակումներ տալու եւ վարկաբեկելու»,- նկատեց ընկերության նախագահը: Նրա փոխանցմամբ, գների աճի հետ կապված այս ողջ պատմությունը «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությանն արդեն իսկ մեծ վնաս է հասցրել: Դա որպես առիթ է օգտագործվել ինչ-ինչ անձանց կողմից՝ ընկերության օտարերկրյա գործընկերներից մեկին հորդորելու համար գործ չունենալ «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի հետ՝ ասելով, թե այն, իբր, «անվստահելի գործընկեր» է: Սա այն դեպքում, երբ այս ընկերությունը արտասահմանյան մի կազմակերպության հետ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանում երկարաժամկետ ներդրում անել խոշոր մի գործարան կառուցելու համար: Այսօրինակ անպարկեշտ գործողություններում ընկերության նախագահ Ա. Երիցյանը որոշակի միտում է տեսնում:

Իսկ ի՞նչ են ասում ՏՄՊՊ հանձնաժողովի կողմից իրականացված վարույթի եւ տնտեսվարող կազմակերպությունների նկատմամբ գործի դրված «պատժամիջոցներ» կիրառելու եւ ընդհանրապես շուկայում ձեւավորված գները սանձելու փորձերի մասին անկախ տնտեսագետներն ու փորձագետները: Մասնագետները համարում են, որ հակամրցակցային կլիներ այն, եթե տնտեսվարող սուբյեկտները արհեստականորեն իջեցնեին ապրանքների գները՝ միաժամանակ ՏՄՊՊՀ վերջին որոշումը որակում են որպես նախընտրական գործընթացների փուլում պոպուլիզմի դրսեւորում: Անկախ փորձագետ Էդուարդ Աղաջանովը, օրինակ՝ երեկ խնդրո առարկայի շուրջ «Առավոտին» փոխանցեց. «Եթե խոսքը տնտեսվարողների կողմից գերշահույթ ստանալու մասին է, ապա ՏՄՊՊՀ-ն այստեղ այնքան էլ գործ չունի: Հիմնական գործ անողը պետք է լինի հարկային ծառայությունը: Երբ առաջանում է գերշահույթ եւ մենաշնորհային գերշահույթ, դրանով պետք է զբաղվի հարկայինը, որը պետք է փոխի իր հարկային պահանջները տվյալ սուբյեկտների նկատմամբ: Այդ դեպքում հենց տնտեսվարողին ձեռնտու չի լինի գների բարձրացումը: Բայց Հայաստանում հայտարարում են, թե մեր հարկային ծառայությունը պատրաստ չէ գերշահույթներին վերաբերող հարց առաջադրել տնտեսվարող սուբյեկտների առաջ: Իսկ ինչի՞ են պատրաստ»: Տնտեսագետը քիչ հավանական համարեց, որ կոնկրետ ապրանքների գների բարձրացման շուրջ ե՛ւ ներկրող, ե՛ւ վաճառող կազմակերպությունները կարողանային ընդհանուր հայտարարի ու համաձայնության գալ: Բացի այդ, նա եւս փաստեց, որ ամբողջ միջազգային շուկայում էլ ապրանքների մեծածախ եւ մանրածախ գների միջեւ արձանագրվում է սովորաբար մինչեւ 40 տոկոս տարբերություն՝ վերադիր, ինչը շատ նորմալ է: Աննորմալ եւ սխալ է, երբ ՏՄՊՊՀ-ն կարագ եւ ձեթ ներկրող եւ վաճառող կազմակերպություններին տուգանել է միեւնույն՝ 2 տոկոսի չափով՝ առանց հաշվի առնելու նրանց՝ գների աճից ստացած շահույթի չափի մեջ եղած տարբերությունը: Նա նաեւ նշեց, որ միջազգային պրակտիկայում 40 տոկոս վերադիրը դեռեւս գերշահույթ ստանալ չի համարվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել