Անկախ մամուլին եւ անկախության գործընթացին նվիրված գիտաժողովի ժամանակ հայտարարեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
«Մամուլը պիտի ազատ լինի, որպեսզի կարողանա հասարակության համար մեծ նշանակություն ունեցող հարցեր շոշափել ու արդարացիորեն քննել»,- երեկ ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկած «Անկախ մամուլի սկզբնավորում ՀՀ-ում. «Անկախություն» շաբաթաթերթի 20-ամյակը» խորագրով գիտաժողովի ժամանակ հայտարարեց ԳԱԱ հայագիտության եւ հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը: Հետո էլ նկատեց. «Ցավոք, հաճախ ենք մոռանում պատմական դեպքերը, մինչդեռ դրանք անհրաժեշտ են ճշմարտության համար պայքարի ճանապարհին: Ղարաբաղյան ազատամարտիկներին էլ ենք քիչ հիշում: Ախր նրանք օրինակ են երիտասարդների համար»:
Գիտաժողովի մասնակիցների խոսքում մի շեշտադրում կար՝ անկախ մամուլն ու անկախացման գործընթացը փոխկապակցված են: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը «ՀՀ-ում անկախ մամուլի հիմնադրման ժամանակը» թեմայով զեկուցումը կարդալիս նշեց. «Անկախության համար մղվող պայքարում իր դերակատարությունն ունեցավ նաեւ անկախ մամուլը: Այն ժողովրդավարություն հաստատելու պարտադիր նախապայմաններից է, դրանով են պայմանավորված մարդու իրավունքները, հասարակության՝ պաշտպանված լինելու հանգամանքը: Մամուլի դերը տեղեկատվության ապահովումն է, ոչ թե կարծիք ստեղծելն ու պարտադրելը, ինչը բնորոշ է միակուսակցական համակարգին»:
Ակադեմիայում հավաքված պատմաբաններն ու հասարակական-քաղաքական գործիչները մեր երկրում անկախ մամուլի հիմնավորումը կապում են 1987-ին Պարույր Հայրիկյանի ստեղծած «Անկախություն» շաբաթաթերթի հետ: «Անկախականները կարեւորում էին ոչ թե գորբաչովյան բարեփոխումները, այլ ազգային ինքնորոշումն ու սկզբունքները: Նրանց կարծիքով՝ ազգային հիմնախնդիրները կարելի է լուծել միայն անկախության ձեռքբերման ճանապարհով»,- հայտնեց Է. Մինասյանը:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ մտահոգված էր, որ դեռ չենք կարողացել հաղթահարել թերարժեքության մեր դարավոր բարդույթը. «Ե՛վ 1918-ին, ե՛ւ 1991-ին մեզանում կար այն մտայնությունը, որ ճակատագրի քմահաճույքով ենք ընդունել անկախությունը: Այնինչ, մեր ժողովուրդը անկախացման ճանապարհն իրոք անցել է: Ցավոք, անգամ անկախության 16-17-րդ տարում այդ բարդույթից չենք կարողանում ձերբազատվել»:
Պատմագիտության թեկնածու Լիլիթ Զաքարյանն էլ այսպես բնորոշեց խորհրդային տարիների մամուլը. «Խորհրդային մամուլում բացառվում էր այդ կարգերի դեմ քննադատությունը: 1987-ից հետո, երբ սկսեցին լույս տեսնել մեր ինքնահրատ պարբերականները, սուր քննադատության ենթարկվեց խորհրդային ներկան, եւ առաջ քաշվեցին մեր ազգային հեռանկարները: Դա ընդդիմադիր մամուլն էր, որը մեքենագրվում եւ բազմացվում էր պատճենահանման միջոցով, առանց տպարանային ձեւավորման: Այն ժուռնալիստական տեսանկյունից դեռ բարձր չէր, բայց եղածներից տարբերվում էր»: