Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԷԼ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԵՄ»

Նոյեմբեր 03,2007 00:00

\"\"Հույս ունի ԺԿ նախագահ Տիգրան Կարապետիչը, չնայած նրան, որ այլեւս հեռուստացույցներ շնորհող «Շոգեքարշ» հաղորդումը այլեւս չի գործում ԱԼՄ-ով:

«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահ Տիգրան Կարապետյանն էր, թեման՝ նախագահական ընտրությունները: «Բոլորն էլ գիտեն, որ ընտրություններն անցնելու են խախտումներով: Հուսամ, գոնե նախագահականը խորհրդարանականից մի քիչ կտարբերվի»,- ասաց Կարապետիչը: Բանախոսի համոզմամբ, 2008թ. նախագահական ընտրություններն անցնելու են երկու փուլով, եւ ինքն էլ լինելու է երկրորդ փուլն անցած թեկնածուներից թվում: Ըստ Կարպետիչի, ընտրություններին կմասնակցի 8-10 թեկնածու, որոնց մեծամասնությունը՝ ընդդիմադիր դաշտից: Նրա կարծիքով, ընդդիմադիրներին այդպես էլ չի հաջողվի գտնել միասնական թեկնածու, այդպիսին չի կարող լինել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Անդրադառնալով հոկտեմբերի 26-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, ԺԿ նախագահն այն որակեց որպես ներկա իշխանությունների քաղաքականության գնահատական, որին վերջիններս հակադարձեցին: «Փաստորեն, գործող իշխանության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմերի միջեւ ընթանալու է մեղադրանքների եւ կոմպրոմատների պայքար»,- հավելեց նա:

Խոսելով ՀՀՇ, ՀԺԿ եւ «Հանրապետություն» եռյակի մասին, Կարապետիչը հայտարարեց. «Նրանք, ի տարբերություն ինձ, ընդգծված էլեկտորատ չունեն: Պետք է գոնե այսօրվա բողոքական էլեկտորատը ծառայեցնեն իրենց նպատակներին»: Այն դիտարկմանը, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կարապետիչի սիրելի էլեկտորատն իրեն հուսախաբ է արել, ԺԿ նախագահը պատասխանեց, որ վերջինիս շեղել էին ու չի բացառվում, որ այս անգամ էլ շեղեն: Տ. Կարապետյանի մեկնաբանմամբ, այս ընտրություններում էլ որոշիչ դեր է խաղալու 2 բան՝ դրսից ստացված «դաբրոն» եւ փողերը. «Օրինակ, խորհրդարանում էլ հայտնվեցին այն խմբակցությունները, որոնք արտաքին աշխարհի հետ կապ ունեն: Դաշնակցությունը ռուսական «ԷՍ-ՎԵ- ԷՌ» կուսակցության հետ ընդհանուր պլատֆորմներ ունի, «Բարգավաճը» «Ռոդինա» իշխող կուսակցության հետ ա, Արթուր Բաղդասարյանի կապերը գիտենք՝ Ավստրիա եւ Ֆրանսիա, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանինը՝ Ամերիկա են: Այդ «դաբրոներն» արդեն արդյունավետ չեն, որովհետեւ դրանք դրսում ստանում են, այստեղ իրար փիտրում»:

Երեկվա ասուլիսին Տ. Կարապետյանը չցանկացավ պատասխանել «Առավոտի» հարցերին, լրագրողին որակելով հրահանգված ու ստախոս, իսկ իրեն ուղղված հարցերը՝ սադրանք: Օրինակ, մեզ հետաքրքրում էր, թե ինչո՞ւ են մարզերում DVD-նվագարկիչներ բաժանում ու հայտարարում, թե դրանք այլեւս փակված «Շոգեքարշում» տրվելիք հեռուստացույցների փոխարեն են: ԺԿ նախագահին զայրացրեց նաեւ «Առավոտի» կրթական հավելվածի համար պատրաստվելիք նյութի՝ իրեն ուղղված հարցը՝ դպրոցական տարիքում գրած ո՞ր շարադրությունն է տպավորվել: «Լավ ա, չեք հարցնում մանկապարտեզից ու մանկապարտեզիս դասատուից: Կամ կոշիկիս ռազմերը պետք չի՞»,- պոռթկաց նա: Կարապետիչի կոշիկի «ռազմերը» մեզ չէր հետաքրքրում, մանկապարտեզի դասատուն՝ նույնպես, որովհետեւ Մազմանյան-Կարապետիչ դատավարության ժամանակ («Առավոտ», 06.02.2007) ինքն արդեն ասել էր, որ ռուսական մանկապարտեզ է հաճախել, դրա համար էլ վատ է տիրապետում հայերենին եւ ոչ միայն հայերենին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել