Հոկտեմբերի 29-ին լայնամասշտաբ խուզարկություն անցկացվեց արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների բոլոր խցերում:
ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ խուզարկության ժամանակ դատապարտյալներ Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի մոտ հայտնաբերվել է քաղաքացիական համազգեստ, ինչը ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ արգելվում է:
«Առավոտը» փորձեց պարզել՝ ի՞նչ է թույլատրվում պահել խցերում, ինչպիսի՞ սննդամթերք, իրեր ու առարկաներ կարող են ստանալ ազատազրկվածները հանձնուքով: Ըստ մեր տրամադրության տակ գտնվող «ներքին կանոնակարգի», ազատազրկվածին թույլատրվում է ստանալ «մսեղեն, ձկնեղեն, երշիկեղեն, շաքար, թեյ, ճարպ, սխտոր, հաց, մեղր, կարտոֆիլ, հյութեր, կոնֆետեղեն»: Ի դեպ, միսը պետք է լինի առանց ոսկորի, ձուկն՝ առանց գլխի: Բացի տաքացման անհրաժեշտություն ունեցող սննդամթերքից, ոգելից խմիչքներից ու գարեջրից, կարծես ամեն ինչ թույլատրվում է:
Ազատազրկվածին թույլատրվում է ունենալ մեկ սեզոնային հագուստ՝ առանց գոտիների, տաբատակալների, փողկապի, կոշիկ՝ առանց կոշկաքուղերի: Դատապարտյալներն իրենց մոտ կարող են պահել անձնական հիգիենայի պարագաներ՝ հեղուկ օճառ, պլաստմասսայից օճառաման, սանր, գրիչ ու մատիտ: Ըստ ներքին կանոնակարգի, թույլատրվում է գրականություն՝ 5 գրքից բաղկացած: Ընդ որում, սահմանված է, թե ինչպիսի գրականություն պետք է լինի. «Գրքերը պետք է լինեն ուսուցանող, կրոնական, պարբերական հրատարակչության»: Ազատազրկվածը հանձնուքով կարող է ստանալ 2 լուսանկար: Նա կարող է իր մոտ ունենալ «պահպանության հանձնված դրամի, արժեքների, փաստաթղթերի կտրոնները»: