Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԱԾԻՆՆ ԱՐԺԵՐ 84 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Նոյեմբեր 03,2007 00:00

Պատասխանատվության կենթարկվեն մայրը, միջնորդն ու գնորդը

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան է ուղարկվել Ալիսա Գրիգորյանի, Ռիմա Բալասյանի եւ Սիրանուշ Բլբուլյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Այն հարուցվել էր այս տարվա հոկտեմբերի 22-ին՝ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կողմից: Գործի հիմքում 2006թ. հունիսին ծնված նորածին տղայի վաճառքի պատմությունն է:

Իջեւանում ժամանակավոր բնակություն հաստատած Ալիսա Գրիգորյանը պատահական անձի հետ ունեցած հարաբերության արդյունքում հղիանում է: Նա արդեն ուներ եւս երկու անչափահաս երեխա, որոնց չէր կարողանոմ պահել: Ստիպված զբաղվում էր մարմնավաճառությամբ, ինչը եւ խոստովանել էր նախաքննության ժամանակ: Նորածնին պահելու դժվարությունների մասին նա պատմում է Սիրանուշ Բլբուլյանին, Բուրաստան Ցուցուլավային:

Սիրանուշ Բլբուլյանին, ըստ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների, մինչ այդ դիմել էր նրա ազգականը՝ մեղադրյալ Ռիմա Բալասյանը: Վերջինիս որդին 14 տարվա ամուսնության ընթացքում երեխա չէր ունեցել եւ մայրը որդեգրման համար խնդրել էր Բլբուլյանին գտնել «համապատասխան երեխա»: Իմանալով Ալիսայի դժվարությունների մասին, Սիրանուշ Բլբուլյանը առաջարկել էր նրան՝ նորածնին վաճառել իր ազգականին:

2006թ. հունիսի 24-ին Իջեւան քաղաքի վագոն-տնակներից մեկում Ա. Գրիգորյանը տղա երեխա ունեցավ: Ծննդաբերության ժամանակ նա մահամերձ վիճակում էր, եւ ինչպես գործով վկան՝ Ռիտա Սարգսյանն էր հայտնել, նա ուշակորույս մորը հայտնաբերել էր անօգնական, հատակին ընկած: Մահամերձ վիճակում գտնվող Ա. Գրիգորյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Իջեւանի հիվանդանոց: Իմանալով այդ մասին, Ս. Բլբուլյանը, Ռ. Բալասյանը եւ նրա հարսը հիվանդանոց են գնում: Ս. Բլբուլյանը բժիշկներից պարզում է, որ նորածինն առողջ է: Ըստ նախաքննության մարմնի, Ս. Բլբուլյանը «վերջնականապես որոշում է գնել երեխային»:

Ծննդաբերությունից 2 օր հետո՝ հունիսի 27-ին, Ալիսա Գրիգորյանը դուրս է գրվում հիվանդանոցից ու հիվանդանոցի բակում, արդեն ձեռք բերված համաձայնությամբ, 84000 դրամով երեխային վաճառում Ռիմա Բալասյանին: Երեխայի վաճառքի պահին ներկա էր նաեւ միջնորդը՝ տիկին Սիրանուշը:

Մեղադրանքի առաջադրման ժամանակ Ալիսա Գրիգորյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Սիրանուշ Բլբուլյանը նույնպես ընդունել է իր մեղքը: Նա ասել է, որ իր ազգականի՝ Ռիմա Բալասյանի տղան եւ հարսը 14 տարի չեն կարողանում երեխա ունենալ, թեեւ դիմել են տարբեր բժշկական միջամտությունների: Նրանք, ըստ Ս. Բլբուլյանի, իրենց ընտանիքը չքայքայելու համար որոշել էին երեխա որդեգրել: Ու երբ հարեւանուհու տանը պատահաբար հանդիպել է Ալիսա Գրիգորյանին, նրանից իմացել հղիության եւ նրա նյութական ծանր վիճակի մասին, հիշել է իր ազգականին: Որոշել է օգտակար լինել նրան:

Գրեթե նույնաբովանդակ ցուցմունք էր տվել Ռիմա Բալասյանը, որն իրեն նույնպես մեղավոր է ճանաչել:

Երեք մեղադրյալների նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրությունը չբացակայելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել