Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալայի» տնօրենին սպառնում են երկրից վտարե՞լ

Նոյեմբեր 03,2007 00:00

Իշխանական կառույցներից զանգել-սպառնացել են, գովազդատուներին ահաբեկել են՝ քիչ չէ, հարկայինին էլ հրահանգել են հեռուստաընկերությունում ստուգումներ անցկացնել:

Երեւանի մամուլի ակումբի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ երեկ մայրաքաղաքից լրագրողների մի խումբ էր մեկնել Գյումրի՝ տեղական «Գալա» (Գյումրիի անկախ լրատվական ալիք) հեռուստաընկերության եւ իշխանությունների միջեւ ծագած խնդիրներին ծանոթանալու: «Գալայի» հիմնադիր Վահան Խաչատրյանը մեզ հետ հանդիպման ժամանակ հիմնականում խուսափում էր տալ այն մարդկանց անունները, որոնք իրեն սպառնացել են, միայն ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ցուցադրելուց հետո իրեն զանգահարել են Ազգային անվտանգության ծառայությունից, ՀՀ նախագահի աշխատակազմից, Հեռուստատեսության պետական հանձնաժողովից եւ ասել, որ այլեւս չցուցադրի նման կարգի տեսանյութեր: Նա ասաց նաեւ, որ իրեն սպառնացողները խոստացել են, որ եթե այդ կարգի նյութեր ցուցադրելը չդադարեցնի՝ վատ կլինի թե իր եւ թե իր ընտանիքի համար. «Անգամ ասացին, որ ստիպված կլինեմ Հայաստանից հեռանալ»: Տնօրենի խոսքերով, այդ սպառնալիքներից հետո հեռուստաընկերության գովազդատուները հրաժարվեցին գովազդ պատվիրել, ըստ հեռուստաընկերության հիմնադրի՝ իրենց հիմնական գովազդատուները 27-ից դարձել են 3-ը, քանի որ նրանց նույնպես ահաբեկել են: «Գալան» էլ երեկվանից սկսել է տիտրերով Սահմանադրության հոդվածներ ցուցադրել: Այն հարցին, թե ինչքա՞ն կգոյատեւեն առանց գովազդի, պարոն Խաչատրյանը պատասխանեց՝ երկար կդիմանանք: Իսկ հարցին, եթե հեռուստաընկերությունը մինչեւ նախագահական ընտրություններ փակվի, ի՞նչ են անելու, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, հենց այդպես էլ կլինի: Մեր հեռուստաընկերության սկզբունքն է պահպանել անաչառություն եւ անխտիր եթեր տրամադրել ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը»: Մեր այցելության պահին հեռուստաընկերություն եկան Հարկային պետական ծառայության աշխատակիցները, որոնք մեր հարցերին չցանկացան պատասխանել: Օպերատիվ հետախուզության վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանն ասաց, որ սովորական ստուգումներ են եւ անհանգստանալու կարիք չկա: Շիրակի մարզպետ Լիդա Նանյանն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հեռուստատեսությանը՝ ասաց. «Ես անգամ չեմ լսել այդպիսի բան, չեմ էլ դիտել այդ ելույթը, ժամանակ չունեմ: Իմ վերաբերմունքը «Գալայի» նկատմամբ մնալու է նույնը, ինչպես նախկինում էր»: Այս առնչությամբ զրուցեցինք նաեւ գյումրեցիների հետ: Սվետա Բարսեղյանն ասաց, որ դիտել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, սակայն մտքով էլ չի անցել, որ դա կդառնա հեռուստատեսության փակման առիթ. «Շատ լավ բաներ են ցուցադրում հենց մեր լենինականցիներիս համար»: Ալիկ Գեւորգյանն էլ նկատեց. «Թող իրենց բերանը փակեն, ոչ թե հեռուստաընկերությունը: Շատ էլ լավ ալիք է, առավոտից երեկո այդ ալիքն եմ նայում»: Շատ գյումրեցիներ էլ սկսել էին ավելի հաճախ դիտել «Գալա», պարզվում է՝ այն փակելու վտանգը նույն հեռուստաընկերությանը մեծ ռեյտինգ է ապահովել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել