Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը տունդարձի կոչ է արել»

Նոյեմբեր 03,2007 00:00

Հոկտեմբերի 26-ին Փարիզում ՀՀ վարչապետի եւ ՀՀ քաղաքացի ուսանողների հետ հանդիպման կազմակերպիչներից մեկը՝ «Սոցիալական գիտությունների» բարձրագույն դպրոցի դոկտորանտ Դավիթ Կարապետյանը, «Առավոտին» տված հարցազրույցում կարծիք է հայտնում, որ դա աննախադեպ հանդիպում էր:

– Ինչո՞վ եք կարեւորում նման հանդիպման անցկացումն այսօր:

– Վերջին 16 տարում Եվրոպայում ուսանած ՀՀ հարյուրավոր քաղաքացիները մի տեսակ պետության ուշադրությունից դուրս էին մնացել։ Այսօր մթնոլորտը փոխվում է: Պարոն Սարգսյանը հանդիպման ժամանակ հստակ նշեց, որ Հայաստանի զարգացման համար խնդիրների խնդիրը ոչ այնքան շրջափակումն է կամ ԼՂ խնդրի չկարգավորվածությունը, որքան բարձրակարգ կադրերի պակասը: Վարչապետը տունդարձի կոչ արեց հայ ուսանողներին՝ նշելով, որ Հայաստանն իրենց կարիքն ունի եւ մեր հայրենիքի զարգացումը կարող է զգալիորեն անցնել նրանց գիտելիքների ներդրման ճանապարհով:

– Արդյոք հանդիպումը քաղաքական շարժառիթ չունե՞ր, նկատի ունեմ՝ կապված չէ՞ր նախագահական առաջիկա ընտրությունների հետ եւ քարոզչությո՞ւն չէր ՀՀԿ-ի եւ նրա թեկնածուի համար:

– Դուք հարցնում եք, թե հանդիպումը կարո՞ղ է քաղաքական միավորներ ապահովել որեւէ քաղաքական ուժի համար. կցանկանայի նկատել, որ դա, որքան էլ մեր ընդդիմության համար անցանկալի լինի լսել, շատ նորմալ է: ՀՀ վարչապետը միաժամանակ պետական ու քաղաքական գործիչ է, եւ եթե իր, որպես վարչապետի, գործունեության ընթացքում գնահատելի գործեր են արվում, ապա այն մեխանիկորեն դրական միավորներ է ապահովում նրա գլխավորած քաղաքական ուժի համար:

– Որո՞նք են այսօր արտասահմանում սովորող հայ ուսանողներին հուզող հիմնական խնդիրները:

– Խնդիրները տարաբնույթ են՝ սկսած սոցիալականից, մինչեւ հոգեբանականը: Եթե առաջինը ժամանակի մեջ իր լուծումները գտնում է, ապա հոգեբանական խնդիրը, կարծում եմ, շատ ավելի կարեւոր է: Ուսանելով արեւմտյան առաջնակարգ բուհերում՝ մեր երիտասարդները աշխատանքի միջազգային շուկայում ընտրության լայն հնարավորություն են ստանում: Նրանք կանգնում են երկընտրանքի առաջ՝ մնալ եւ աշխատել արտասահմանո՞ւմ (ինչը կարող է ապահովել բարեկեցիկ կյանք), թե՞ վերադառնալ Հայաստան, որտեղ աշխատաշուկայում հաճախ պրոֆեսիոնալիզմը չէ, որ գնահատվում է: Մեզանում դեռեւս չկա պետական հատուկ քաղաքականություն, որը մի կողմից՝ կխրախուսեր հայ երիտասարդների կրթությունը արեւմտյան բուհերում, մյուս կողմից՝ կխթաներ նրանց վերադարձին հայրենիք եւ նրանց գիտելիքների ներդրմանը Հայաստանում:

֊ Դուք տարիներ շարունակ դրսում եք, ուսանելով Եվրոպայում, արեւմտյան արժեքային համակարգում՝ հեռվից ինչպե՞ս է երեւում Հայաստանը:

– Կցանկանայի Ձեզ հավաստիացնել, որ մեր ուսանողների մի զգալի մասը թեեւ ուսանում եւ ապրում է Եվրոպայում, սակայն ուշադիր հետեւում է այն ամենին, ինչ կատարվում է մեր երկրում։ Կարծում եմ, Հայաստանում կան դրական զարգացումներ։ Ճիշտ է՝ համեմատական հայացքով նայելիս գույները բավական տարբեր են, զարգացման տեմպերը ոչ այնքան բավարար, սակայն կուրորեն քննադատելու փոխարեն մեզնից շատերը պատրաստ են վերադառնալ Հայաստան եւ իրենց ներդրումն ունենալ մեր հայրենիքի զարգացման գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել