Խորհրդարանը երեկ պետք է ձեռնամուխ լիներ «ԸՕ»-ի հերթական փոփոխությանը, սակայն հարցը տեղափոխվեց մինչեւ երկուշաբթի:
Նախագահական ընտրություններից առաջ խորհրդարանը դարձյալ ձեռնամուխ է եղել «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելուն: Նախաձեռնությունը խորհրդարանական մեծամասնությանն է՝ ՀՀԿ-ինը եւ ԲՀԿ-ինը: Ամենաէական հարցը այս փոփոխություններով եւս մնում է չլուծված. ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը չի փոխվելու՝ հանձնաժողովները այսուհետեւ եւս ձեւավորվելու են, ըստ էության, նախագահի կամքով: Մի շարք կետերում առաջարկված են փոփոխություններ, որոնք բազմաթիվ հարցեր են առաջացնում: Օրինակ, եթե գործող «Ընտրական օրենսգրքով» ՀՀ նախագահի թեկնածությունը կարող են առաջարկել կուսակցական դաշինքները կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով, ապա փոփոխություններում հանվում է քաղաքացիական նախաձեռնությամբ եւ դաշինքով ՀՀ նախագահի թեկնածության առաջադրման հնարավորությունը եւ թողնվում է միայն ինքնաառաջադրումը եւ որեւէ կուսակցության կողմից առաջադրումը:
Իսկ սա նշանակում է, որ «X» թեկնածուն (իսկ մենք հասկանում ենք, որ X-ը տվյալ դեպքում «էքսն» է) չի կարող առաջադրվել կուսակցությունների կամ դաշինքների կողմից: Ընդունենք, շարքային ընտրողի համար կարող էր շատ ավելի տպավորիչ լինել, եթե նույն «X»-ը առաջադրվի այդպես, քան միայն մեկ կուսակցության կողմից, կամ լինի ինքնաառաջադրում:
Հաջորդ փոփոխությունն այն է, որ եթե գործող օրենսգրքում դիտորդական առաքելության գործունեության շրջանակները բավականին լայն էին, ապա այժմ սահմանափակումներ են մտցվում: Այսպես, գործող օրենսգրքով հնարավոր է, որ ՀՀ քաղաքացին նաեւ միջազգային դիտորդ լինի, իսկ առաջարկվող փոփոխություններում սահմանափակումներ են մտցված նաեւ դիտորդական առաքելության գործառույթներում: Հոդվածներից մեկը, որը ընտրական հանձնաժողովների ֆինանսավորման եւ անդամների վարձատրության կարգին է վերաբերում, արձանագրում է, որ ԿԸՀ նախագահի տեղակալը եւ հանձնաժողովի քարտուղարը յուրաքանչյուր ամիս ստանում են նաեւ հավելավճար՝ ԿԸՀ-ի անդամի վարձատրության 20 տոկոսի չափով: Իսկ ԸԸՏ հանձնաժողովի նախագահը եւ տեղակալը յուրաքանչյուր ամիս ստանալու են հավելավճար՝ հանձնաժողովի նախագահի վարձատրության 50 տոկոսի չափով: «Առավոտի» հետ զրույցում պարզաբանելով այս փոփոխությունը՝ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այն գնահատեց որպես ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովներին ընտրակաշառք բաժանելու, այսպես կոչված, օրինականացված- հակաօրինական եղանակ: Առաջարկվող փոփոխություններից է նաեւ ընտրական գրավի բարձրացումը: Եթե ՀՀ նախագահի թեկնածուն մինչ այժմ 5 միլիոն դրամ էր վճարում որպես ընտրագրավ, ապա առաջարկված փոփոխությամբ այդ գրավի չափը հասցվել է 10 միլիոն դրամի:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ յուրաքանչյուր ընտրություն բացահայտում է «ԸՕ»-ի թերությունները, եւ ճիշտն այն է, որ սրանում հաճախակի փոփոխություններ արվեն. «Կարծում եմ, նոր լրացումների եւ քննարկման կարիքը կա, եւ այդ փոփոխությունները պետք է միտված լինեն «ԸՕ»-ի սողանցքները փակելուն»:
Հրայր Կարապետյանը օրինակ, համամիտ է, որ նախագահի թեկնածու առաջադրվելու համար գրավը բարձր լինի, քանի որ, ըստ նրա. «Մակարդակը բարձրացնելու խնդիր կա, չեմ կարծում, որ գումարային այդ փոփոխությունը կազդի նախագահի թեկնածուների առաջադրման վրա»: Կրկնակի ընտրություններից խուսափելու համար ՀՅԴ-ն առաջարկել է, ինչպես արդեն հայտնել ենք, ընտրելուց հետո ընտրողի անձնագրում կնիք խփել կամ արդեն ընտրածների անունները պատին փակցնել, եւ այլն: Առաջարկները ներկայացված են, եւ եթե դրանք ընդունվեն, չի բացառվում, որ Դաշնակցությունը կողմ կլինի այս փոփոխություններին:
«Ժառանգություն» խմբակցությունը պատրաստվում է «կռիվ» մղել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների քննարկման ժամանակ: Ստեփան Սաֆարյանը «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ թեկնածուի նախաձեռնող խմբի կողմից ստորագրահավաքի վերացումը թվում է, թե լավ քայլ է, սակայն նախընտրական գրավի չափերի մեծացումը, ըստ պարոն Սաֆարյանի, նշանակում է մարդկանց ընտրվելու իրավունքի սահմանափակում: Ստեփան Սաֆարյանը վստահ է, որ մեծամասնության կողմից «առաջարկվող փոփոխությունները համալիր եւ ամբողջական չեն, որովհետեւ այլ խնդիրների կարգավորումում դուրս են մնացել, զորօրինակ, Հանրային ռադիոհեռուստաընկերության հետ կապված խնդիրները, որոնք պարզապես օրվա հրամայական են»: Պարոն Սաֆարյանը եւս այն կարծիքին է, «որ ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման կարգը սահմանափակելը՝ դաշինքների կամ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրումները վերացնելը, ուղղակի կապված է կոնկրետ թեկնածուի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հետ»: