Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 02,2007 00:00

ԵՐԲ ՀԱՅԸ ԴԱՐՁՅԱԼ ԴԱՌՆՈՒՄ Է ԱԾԱԿԱՆ ԱՆՈՒՆ

Անցնող եւ ուշ աշնան երամի պես հեռացող օրերի միջով, քաղաքական եւ չքաղաքական տրտմության մեջ հայտնվում է չժանգոտվող կողպեքի երկաթյա համը սիրո տեսքով՝ որպես մանկություն, երբ դու բախտ ունեցար տեսնելու, զգալու արեւն ու ջուրը եւ լույսի ծփանքը՝ անվերջ հեռացող ջրերի միջով: Ու քո կյանքի ճանապարհին ճանաչեցիր հավերժ հեռացող ջրերից կանչող տաք ձկանը, կույսի համաստեղությունը ջրհոսի ժամանակներով, բայց հողեղեն, չնայած երկնային ծովում: Ճանաչեցիր, թե՞ քեզ թվաց, թե ճանաչեցիր, դու՝ աղեղնավորդ: Փորձեցիր հարգել ու պահպանել Աստծո տասը պատվիրանները, բայց չճանաչեցիր ինքդ քեզ: Երազեցիր տեղավորվել Աստծո սիրո մեջ, բայց որպես քո հնագույն ազգի չժանգոտվող արյան մեկ կաթիլ…Ալեքսանդր Մեծն իրեն անհատուկ դաժանությամբ ոչնչացրեց Թեբե մեծ քաղաքը՝ չխնայելով ոչ ոքի, եւ հողին հավասարեցրեց մեծ մշակույթի մայրաքաղաքներից մեկը: Հայոց Տիգրան Մեծ թագավորը, Արեւելքը նվաճելիս, Հալեպ քաղաքի միջնաբերդը գրավելու ժամանակ, տեսավ, թե ինչպես է կոտրված թրով եւ կիսված վահանով շարունակում կռվել քաղաքի իշխանը. հրամայեց ու կանգնեցրեց իր հարձակվող զինվորներին: Եվ մոտենալով արնաշաղախ իշխանին՝ համբուրեց նրա ճակատը եւ մեծարեց նրան՝ դարձյալ նրան հռչակելով Հալեպի իշխան, քանի որ մարդը, զինվորը, զորավարը, ով մինչեւ վերջ կանգնում է իր հայրենիքի, իր սկզբունքի եւ իր հավատի համար, արժանի է մեծագույն հարգանքի: Եվ դա արեց մեր ցեղի թագավորը՝ չդառնալով Մեծն Ալեքսանդր:Ես այս ամենը հիշեցի, որովհետեւ ինչ որ տեղի է ունենում նախընտրական Հայաստանում, մտահոգում է ինձ. ինձ հարցնում են ծանոթ-անծանոթներ՝ դու ո՞ւմ կողմնակիցն ես: Սովորաբար ես ժպտում եմ եւ ոչինչ չեմ պատասխանում, քանի որ կգա ժամանակը, եւ ես կասեմ, թե ում կողմնակիցն եմ ես: Եվ ով կողմնակից է Սերժ Սարգսյանին, ինձ հարցնում են՝ բայց չէ՞ որ դուք ընկերներ եք, դու հայ չե՞ս, եւ նույն բանն ինձ ասում են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները… Ու կարծես թե ամեն ինչ բնական է, բայց մի հակաբնական բան եմ տեսնում ես այս ամենի մեջ, որն է՝ տարվելով նախընտրական կրքերով, մենք զարմանալի մի բան ենք մոռանում, որ այս պարագայում Հայը դառնում է ածական անուն:Այնինչ, մեծատառով հայը նա է, ով կբացի մեր քարկապ ընկած սիրո կողպեքը եւ չի մոռանա, որ Հայը հատուկ անուն է եւ գրվում է մեծատառով:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել