Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Նոյեմբեր 02,2007 00:00

Ներքոշարադրյալ նյութերը տպագրվում են «Հայաստանը եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա» հ/կ-ն ՀՀ պետբյուջեից հ/կ-ներին տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում, Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի եւ «Հայաստանի եվրոպական շարժում» հ/կ-ի աջակցությամբ:

Տիգրան Ջրբաշյան (AEPLAC հայաստանյան գ րասենյակի տնօրեն)

Ընդհանրապես, ցանկացած քաղաքականություն կամ ծրագիր դիտարկելիս՝ իմ սկզբունքային մոտեցումը հետեւյալն է. որքանով կարող է դրա իրականացումը կոնկրետ երկրում նպաստել բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը եւ երկրի մրցունակության խթանմանը: Ահա հենց այս համապատկերում էլ փորձում եմ գնահատել եվրոպական ինտեգրման քաղաքականության կարեւորությունը Հայաստանի համար: Փորձենք տեսնել, թե ինչ դերակատարում եւ նշանակություն այն կարող է ունենալ: Նախ եւ առաջ, եվրոպական ինտեգրումը մենք պետք է օգտագործենք որպես երկրի զարգացման եւ լայնածավալ բարեփոխումների միջոց, որը, ի դեպ, այլընտրանք չունի: Վերջին 15 տարիների ընթացքում եվրոպական ինտեգրման գործընթացի շրջանակներում Բալկանյան երկրներում, Թուրքիայում, Արեւելյան Եվրոպայում, Բալթյան երկրներում իրականացված բարեփոխումների արդյունքում ձեւավորվել են հասարակական եւ տնտեսական հարաբերությունների այնպիսի մեխանիզմներ, որոնց շնորհիվ այդ երկրները դարձել են մրցունակ համաշխարհային տնտեսությունում: Ահա այստեղ պետք է դրվի եվրոպական ինտեգրմանն ուղղված բարեփոխումների հիմնական շեշտը: Հիմնավորելու համար, որ եվրոպական ինտեգրմանն այլընտրանք չկա՝ դիտարկենք նաեւ մյուս տարբերակները: Կա տարբերակ, որը կոչվում է «Ասիական վագրերի տարբերակ», որի կրողն են Սինգապուրը, Հոնկոնգը, Թաիլանդը, Հարավային Կորեան: Այս բոլոր երկրների զարգացման հիմքում ընկած է չինական քաղաքակրթական մոդելը, առանց որի՝ բարեփոխումները չէին կարող ստանալ հաջող ընթացք: Հայերը, սակայն, բավական «հեռու» են չինացիներից եւ մեր դեպքում, բնականաբար, այդ մոդելն ուղղակի չի կարող ծառայել որպես իրականացվելիք բարեփոխումների հիմք: Հաճախ դիտարկվում է նաեւ Հայաստանում ռուսական բարեփոխումների մոդելի կիրառման հարցը: Այստեղ հիմնական խնդիրը, իմ կարծիքով, մեր ռեսուրսների սակավությունն է, ինչպես նաեւ փոքր եւ մեծ երկրներին բնորոշ գաղափարախոսական առանձնահատկությունները, որոնք վիճահարույց եւ թերեւս նույնիսկ անհնարին են դարձնում տվյալ մոդելի արդյունավետ կիրառումը Հայաստանում, մանավանդ հաշվի առնելով նաեւ այն, որ ռուսական մոդելը դեռեւս գտնվում է ձեւավորման փուլում: Եվս մի քանի տարբերակ կա, օրինակ՝ ԱՄՆ-ի մոդելը կամ Իսլամական մոդելը, որոնք, սակայն, բավականին հեռու են հայաստանյան իրականությունից: Կա նաեւ մեր՝ հայկական ինքնասիրությունը շոյող մի մոդել, այն է՝ «մենք ոչ մեկից ոչինչ չենք ուզում, մենք ինքներս մերը կստեղծենք»: Իհարկե, կարելի է մշակել զարգացման սեփական ճանապարհ, սակայն դա ենթադրում է երկու առանցքային նախապայմանների առկայություն. առաջինը՝ անհրաժեշտ է ունենալ պահանջվող մարդկային կապիտալը, որն ի զորու կլինի իրականացնել նախատեսվող բարեփոխումները, երկրորդը՝ անհրաժեշտ է ունենալ պետականաշինության պատմական փորձ, որը, սակայն, մենք չունենք, քանի որ դարեր շարունակ չենք ունեցել պետականություն եւ չենք կարողացել ձեւավորել ֆորմալ ինստիտուտներ, այսինքն՝ չունենք անհրաժեշտ պատմական նախընթացն ու ներուժը: Վերջինս կարելի է հիմնավորել նաեւ այն պարզ փաստարկով, որ գտնվելով Խորհրդային միության կազմում՝ մենք չենք ձեւավորել մեր ուրույն ֆորմալ ինստիտուտները, քանի որ այդ գործառույթը վերապահված էր կենտրոնին: Արդյունավետության տեսանկյունից նույնպես սեփական ճանապարհի ընտրությունը մեր երկրի համար բավականին ծանր եւ ոչ նպատակահարմար տարբերակ է, քանի որ սխալներից հնարավոր չէ ապահովագրվել, իսկ սխալվելու դեպքում ստիպված կլինենք վերստին սկսել այդ գործընթացը՝ ծախսելով հավելյալ ժամանակ եւ ռեսուրսներ: Հետեւապես, անկախ նրանից, թե արդյոք մենք ուզում ենք դա ընդունել, թե ոչ՝ եվրոպական ինտեգրումն արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու տեսանկյունից այլընտրանք չունի: Եվրոպական ինտեգրում ենթադրում է լայնածավալ եւ լայնամասշտաբ բարեփոխումներ՝ սկսած քաղաքական բարեփոխումներից ընդհուպ մինչեւ տնտեսական բարեփոխումներ: Հաշվի առնելով այն, որ այսօրվա մեր քննարկման թեման տնտեսական բարեփոխումներն են, ապա կարծում եմ, որ տեղին կլինի եվրոպական ինտեգրման համապատկերում անդրադառնալ մասնավորապես Եվրամիությանն ինտեգրվելու հարցին: Մեր հասարակության մեջ, ցավոք սրտի, թյուր ընկալում կա Եվրոպական Միության վերաբերյալ: Պետք է մեկընդմիշտ ամրագրել, որ ԵՄ-ն տնտեսական միություն է, որի հիմքում ընկած են տնտեսական խաղի կանոնները: Իմ խորին համոզմամբ, Եվրամիությունը որպես համաշխարհային դաշտում «մեկ միասնական քաղաքական ուժ»՝ դեռեւս չի կայացել, եւ դա բնական է, որովհետեւ առաջին անգամ համաշխարհային պատմության մեջ ձեւավորվում է մի գերտերություն՝ առանց արյունի, այլ պարզապես հիմնված տնտեսական շահերի վրա: Եվրամիությունն այսօր փորձում է կերտել այդ գերտերությունը՝ տնտեսական ճանապարհով: Եվ կարծում եմ, որ հենց այս պարագայում մենք հնարավորություն ունենք օգտագործել այդ վերափոխումների գործընթացն ու փորձը՝ մեր բարեփոխումների իրականացման համար: Ըստ իս, որեւէ մեկի արժանապատվությանը չի վնասի, եթե ասենք. «դուք արել եք, տեսել եք, որ լավ է ստացվել, դե բերեք մենք էլ իրականացնենք նմանատիպ բարեփոխումներ»: Այս մոդելի կիրառումը, իմ համոզմամբ, շատ տրամաբանական եւ արդյունավետ որոշում կարող է լինել:

Մհեր Շահգելդյան (ԱԺ պատգամավոր)

Եվրոպական ինտեգրացիան իրականում արժեքային մեծ հիմքեր ունի: Ես երեք-չորս կետի վրա կփորձեմ Ձեզ սեւեռել: Նախ եվրոպական ինտեգրացիան, միացիալ Եվրոպայի ստեղծումը՝ ի սկզբանե դա տնտեսական պրոցես էր, բայց պետք է հաշվի առնել, որ այն պատերազմից հետո է իրականություն դարձել, եւ երկրորդ՝ կա մի շատ հետաքրքիր փաստաթուղթ, դեռեւս Ռիշելեի ժամանակներից ստեղծված, որտեղ խոսվում է միասնական Եվրոպայի ստեղծման մասին: Դա իհարկե այն Եվրամիությունը չէ, որ այսօր կա, բայց միասնական Եվրոպայի գաղափարն արդեն այն ժամանակ արծարծվում էր: Հաջորդ խնդիրը՝ եվրոպական միջազգային կոնգրեսները, որոնք Եվրոպայի ներսում համատեղ ինչ-որ քաղաքական խնդիրներ էին լուծում՝ հետագայում դարձան միջազգային հիմնախնդիրների լուծման առավել կիրառելի մեխանիզմներից մեկը: Եվ երրորդ՝ իսկապես, Եվրոպան ստեղծվեց պողպատի եւ ածխի միավորման հիման վրա, սակայն սա իրականություն դարձավ մի պատերազմից հետո, որը Եվրոպան ուղղակի ավերեց: Իրականության մեջ այն տնտեսական պրոյեկտ էր, սակայն, իմ խորին համոզմամբ, Եվրոպան քաղաքական խնդիրներ ուներ լուծելու, որոնք առնչվում էին եւ ներքին անվտանգությանը, եւ ներքին կոնֆլիկտների լուծմանը: Եվ այս գաղափարը՝ միավորված Եվրոպայի, բավական շուտ է արտահայտվել: Բայց իհարկե մեխանիզմը, այն խթանը, որը եղավ՝ դա տնտեսական ինտեգրացիայի հնարավորությունն էր: Ուղղակի տնտեսական ինտեգրացիայից մարդիկ ուզում էին գալ ավելի խաղաղ, ավելի անվտանգ կյանքի, որովհետեւ տեսել էին երկու պատերազմ 40 տարվա ընթացքում, որոնց ժամանակ աշխարհում զոհվել էր մոտավորապես 70 մլն մարդ: Արժեքների եւ տնտեսական համակարգի մասին խոսելով պետք է նկատել, որ դրանք ոչ մի կապ չունեն եվրոպական մոտեցումների հետ: Այսօր կան մեծ ֆինանսատնտեսական կլաններ, որոնք փոխկապակցված են իշխանական կառույցների հետ, քաղաքականության եւ տնտեսության համակենտրոնացում, հիմնականում 2-3 ոլորտների տնտեսության զարգացում, արտահանում համարյա 2 անգամ պակաս ներմուծման համեմատ եւ այլն: Միաժամանակ կա երկրորդ պրոբլեմը՝ արժեքայինը, որովհետեւ, իսկապես, մեր հասարակությունը պատրաստ չէ: Եվ վերջինը, այսօր Եվրոպական Միությունը, ըստ էության, սկսել է տնտեսությունից, տեղաշարժվում է դեպի քաղաքականության եւ անվտանգության ոլորտ եւ եվրոպական արտաքին ու անվտանգության քաղաքականությունը զարգացում է ապրում:

Գերասիմ Բարսեղյան (Քաղաքագետ)

Այն հանգամանքը, որ հասարակությունը ընդհանրապես տեղյակ չէ՝ ինչ ասել է եվրոպական ինտեգրացիա եւ դա կապում են այնպիսի երեւույթների ու այնպիսի խնդիրների հետ, որոնք եվրոպական ինտեգրացիայի հետ առհասարակ որեւէ առնչություն չունեն, կամ ունեն այնքանով, որքանով, ես կարծում եմ, լուրջ խնդիր է հասարակության համար: Երբ մենք խոսում ենք արժեքներից, ապա միանշանակ է մի բան, որ եթե հասարակությունը պատրաստ չէ ինչ-որ փոփոխության, ինչ-որ տրանսֆորմացիայի, նշանակում է ցանկացած քաղաքականության ձախողում: Սա հստակ է, սա աքսիոմային հավասար դրույթ է, եթե ոչ՝ բացարձակ ճշմարտություն: Եվ այս առումով, իհարկե, շատ կարեւոր է, որպեսզի, բացի պետական կառույցներից, այլ ինստիտուտներ եւս, եւ առաջին հերթին քաղաքացիական հասարակության ինստիտուտներն ու մասնավոր հատվածը, ակտիվ մասնակցություն ունենան հասարակության մեջ այդ արժեքների տարածման եւ արմատավորման գործում:

Կարեն Զադոյան (Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ)

Հայաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին կարեւորվում են երկրորդ սերնդի բարեփոխումները, որոնք խիստ հրատապ են հատկապես արդարադատության համակարգում: Դրանք նպաստելու են տնտեսական համագործակցությանը եւ խթանելու են այն, որովհետեւ ցանկացած տնտեսավարող պետք է վստահ լինի, որ իր իրավունքները պաշտպանված են արդարադատության համակարգում: Ինձ համար միանշանակ է, որ այդ բարեփոխումները պետք է իրականացնեն իրավաբանների նոր սերնդի ներկայացուցիչները, սա, իմ կարծիքով, առաջին նախապայմանն է: Երկրորդը՝ ընդհանրապես, Հայաստանում առկա կոռուպցիոն ռիսկերի բարձր մակարդակն է, որի կանխարգելման կամ գոնե նվազեցման ուղղությամբ պետք է իրականացվի նպատակային քաղաքականություն եւ ոչ իմիտացիաներ:

Հովհաննես Գեւորգյան (ԱՅԲ համայնքային եւ իրավական աջակցության կենտրոնի տնօրեն)

Տիգրանի կողմից ներկայացվեց բազմակողմանի մոտեցումների մի ամբողջություն՝ ԱՄՆ մոդել, ռուսական, եվրոպական, չինական եւ այլն: Ճիշտ նշվեց, որ պատմության մեջ իրականում անարյուն կայսրություն է ստեղծվել, բայց կարեւորն այն է, որ տնտեսական շահի վրա հիմնված կայսրություն է եւ մենք նաեւ մեր աշխարհագրական դիրքից ելնելով, մեր ազգային մոտեցումներից ելնելով՝ որոշակի կոմպլեքսներ ունենք տնտեսական շահի եւ բարոյական գաղափարախոսության համաձուլվածք ստանալու առումով: Միգուցե նպատակահարմար է սկսել նրանից, որ Եվրոպայում կառուցվող, պայմանականորեն ասենք, հյուրանոցում կամ տանը ներկայանանք մեր տուֆով, կամ պատկերավոր ասած՝ մեր սենյակը կառուցենք: Եթե դրա համադրում կգտնվի, ապա, կարծում եմ, որ եւ պետությունը, եւ հասարակությունը ավելի արագ կլուծեն այն խնդիրները, որոնք օբյեկտիվորեն գոյություն ունեն եվրոպական ինտեգրման ճանապարհին:

Վիկտոր Ենգիբարյան («Հայաստանի եվրոպական շարժում» հ/կ նախագահ)

Ես կուզենայի նույնպես խոսել արժեքների եւ հասարակության դերի մասին եվրոպական ինտեգրացիայի գործընթացում: Այսօր մեզ մոտ, չնայած տնտեսական թեման է, սակայն մենք ամեն ինչից խոսեցինք, եւ դա էլ ցույց է տալիս, թե մենք ինչքան պակաս ունենք նման դիսկուսիաների հասարակության մեջ, որովհետեւ, այո, պետության քաղաքական միտքը պետք է ձեւավորվի հասարակության մեջ, եւ պետք է տարիների ընթացքում դառնա քաղաքական պրոյեկտ: Սակայն եվրոպական ինտեգրացիան երբեք հասարակությունից չի բխել: Այն եղել է եւ կա էլիտար պրոյեկտ եւ այդ տեսանկյունից բնական է, որ Եվրոպական Միության գինը, կարեւորությունը եւ արժեքը հասկանում են շատ քչերը, հիմնականում մարդիկ, ովքեր իրենց հենց եվրոպացի են համարում: Նրանք հիմնականում մտավորականներն են, մարդիկ են, ովքեր աշխատում են պետական համակարգերում կամ եվրոպական համակարգերում: Այսինքն, այստեղ կա մի հակասություն՝ վճարում է հասարակությունը այդ թանկ պրոյեկտի համար, բայց այդ պրոյեկտի արժեքը ընկալվում է էլիտաների կողմից: Ես վստահ եմ, որ եթե հետազոտություն անենք Հայաստանում եւ ասենք՝ Գերմանիայում Եվրոպական Միության իրազեկության հետ կապված, մենք շատ տարբեր արդյունքներ չենք ստանա, մոտավորապես նույն տոկոսային հարաբերությունը: Միակ տարբերությունը կլինի այն, որ այնտեղ ընդունում են համասեռամոլներին, իսկ մեզ մոտ վռնդում են: Այսինքն, այստեղ կարեւոր են արժեքները, բայց ոնց կարող ենք մենք խոսել արժեքների մասին, եթե Եվրոպական Միությանը անդամակցում եմ մի շարք պետություններ, ապրում են հարյուրավոր ազգեր, նույնիսկ եկել է ժամանակը, որ Եվրոպական Միությանը հնարավոր է անդամակցեն ոչ քրիստոնյա պետություններ: Այսինքն, այստեղ խոսքը չի գնում արժեքների մասին՝ ինչպիսին են կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի եւ իրավունքի գերակայությունը եւ այլն: Իտալացիներն ավելի օրինապաշտ չեն, քան մենք, կամ ավելի պարտաճանաչ չեն, քան մենք: Այստեղ խոսքը գնում է ֆունդամենտալ արժեքների մասին, որոնք ձեւավորվում են հազարամյակների ընթացքում: Ես կարծում եմ, որ մենք չպետք է քննարկենք այն հարցը, թե արժի, որ մենք ինտեգրվենք Եվրո պային, թե ոչ, որովհետեւ մենք այլընտրանք չունենք: Նաեւ կուզենայի ավելացնել, որ մեր տնտեսության մեջ էլ որոշ խնդիրներ կան, որոնք պահանջում են շուտափույթ լուծումներ: Դրանց մեջ առավել կարեւորվում է մոնոպոլիաների խնդիրը: Եթե մենք կառուցում ենք տնտեսական համակարգ՝ եվրոպական մոդելներին համապատասխան, ապա տնտեսության մեջ պետք է մոնոպոլիաներ չլինեն, ինչը նշանակում է, որ հարյուրավոր օլիգարխներ կարող են տուժել: Սակայն մենք պետք է նրանց բացատրենք, որ իրականում իրենք չեն տուժում, քանի որ իրենց վնասները կարող են փոխհատուցվել Եվրոպական Միությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել