Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ԱՅՍՕՐՎԱ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՀԱՂԹԻ ԱՊԱԳԱՆ

Նոյեմբեր 02,2007 00:00

ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին

– Ինչպե՞ս եք գնահատում Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը երկարատեւ լռությունից հետո:

– Ընդհանրապես խուսափում եմ ուրիշների ելույթներին գնահատական տալուց: Բայց որովհետեւ այս մեկը շատ հնչեղություն ուներ, ասեմ. ցանկացած ելույթ որպեսզի համոզիչ լինի, կարողանա համոզիչ լինել, պետք է կազմված լինի ճիշտ տրամաբանության վրա: Այդ ելույթը կարող էր համոզիչ լինել, եթե նա սկսեր իր իշխանության ժամանակաշրջանին գնահատական տալով, ինքնաքննադատությամբ սկսեր: Եթե այդպես սկսեր, այդ խոսքը կարող էր համոզիչ եւ տպավորիչ լինել: Անշուշտ, չեմ ասում, որ խոսքի հիմնական բաժինը դա լիներ, բայց գոնե այդ տեսակ մուտք ունենար:

– Դա պակասո՞ւմ էր:

– Այո, պակասում էր, եւ դա ոչ միայն ձեւի հարց է, այլեւ բովանդակության իմաստ ունի: Երկրորդը, այսօրվա Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, քաղաքական, բարոյահոգեբանական իրավիճակը ոչ մեկիս չի բավարարում, եւ, անշուշտ, արժե դա քննադատության նյութ դարձնել ու մենք, հակառակ շատ-շատերի, անցած տասը տարիների ընթացքում հաճախ ենք քննադատության նյութ դարձրել, բարձրաձայնել այդ ամենի մասին, եւ հիմա էլ կարելի է անել, բայց ի՞նչ հարաբերությամբ. եթե դա պետք է արվի անցյալի հարաբերությամբ, ես կարծում եմ՝ կոպիտ սխալ է եւ անարդար, որովհետեւ դա իրականության հետ ոչ մի առնչություն չունի, իսկ եթե դա անում ենք ապագայի հասկացողությամբ կամ իդեալական վիճակ նկատի ունենալով, կամ ավելի զարգացած երկրների պարագան նկատի ունենալով, արդարացված է ամբողջությամբ: Ուրեմն, կարծում եմ, երկրորդ տրամաբանական թերությունը դա էր, որը դարձյալ միայն ձեւ չէ, դրանով դարձյալ ինչ-որ բան է ուզեցել ասել նախկին նախագահը:

Ղարաբաղի հարցով, այն ինչ որ լսեցինք, իմաստը դարձյալ նույնն էր, ինչ որ նախապես էր հնչում. որ մենք մրցակցության հնարավորություն չունենք Ադրբեջանի հետ եւ պետք է զիջենք: Եթե այս տրամաբանությամբ երկրի ղեկավարության հավակնություն ունեցողը իր ժողովրդին դիմում եւ խոսում է, ապա այս խոսքը փոխադարձ զիջումների մասին չէ: Խոսքը միակողմանի զիջումների մասին է, որ անընդունելի է եւ մերժելի: Այո, եթե պարզ բանականությամբ, տրամաբանությամբ եթե դատեինք՝ չպետք է Ղարաբաղի պայքարում հաղթեինք: Ո՞ր բանականությունն էր կարող ի սկզբանե ասել, որ Ղարաբաղի պայքարում մենք կհաղթեինք: Ես չեմ ասում, որ պետք չէ նկատի ունենալ իրականությունը, պետք է, բայց նաեւ պետք է անճարակության չմղվել եւ միշտ մտածել, որ ինչպես կարող ենք մրցունակ դառնալ, ինչպես կարող ենք այս պայքարի մեջ դիմանալ, որովհետեւ դա է կարեւորը: Անշուշտ, խոսքը միշտ էլ փոխադարձ զիջումների մասին կարող է լինել, բայց փոխադարձ, իսկ եթե դու ասում ես՝ ես անճար եմ, ուրեմն միայն զիջելու մասին ես խոսում: Իսկ մյուս հարցը, որը, կարծում եմ, կարեւոր է, այն է, որ այսօրվա պայքարը պետք է տրամաբանորեն տարբերվի 1988 թվականի պայքարից: 1988 թվականին մենք ոտքի էինք ելել հանուն Ղարաբաղի ու անկախության եւ ջախջախեցինք Կարեն Դեմիրճյանին ու կոմունիստներին: Նույն տրամաբանությամբ չենք կարող այսօր աշխատել։ Տեր-Պետրոսյանի խոսքի տրամաբանության մեջ քանդել կար, կործանել կար, վերացնել կար, բայց ի՞նչ ստեղծել՝ չկա՛ր: Ինքն էլ է անդրադառնում այս թերություններին իր խոսքի մեջ, բայց ես կարծում եմ՝ այսօրվա պայքարի տրամաբանությունը բոլորովին պետք է տարբեր լինի։ Գիտե՞ք, այդ տեսակ ելույթը միայն ինքը կարող էր ունենալ՝ մի մարդ, որը տասը տարի կտրված էր իրականությունից, իր սեւ դղյակում էր ապրում, կարդում էր «Չորրորդ իշխանություն», «Հայք» եւ հարաբերվում մի քանի մարդու հետ: Այդ ծայրահեղական ոճով այս երկրում բան անել չի կարելի: Մեղք է այս երկիրը, եթե մեկը փորձի այդ ծայրահեղությամբ հարցեր լուծել: Պետք է խնայել մեր երկիրը, մեր ժողովրդին: Սա չի նշանակում, որ այսօրը լավն է, բայց ես ասում եմ, որ անցյալն էլ լավը չէր, շատ ավելի վատն էր, այսօրն էլ լավը չի: Նորը պետք է կառուցել: Դաշնակցությունը կկառուցի:

– Գնահատականներ հնչեցին, որ այս ռեժիմը նոր չի ձեւավորվել, այլ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո է ձեւավորվել: Դուք համաձա՞յն եք դրան:

– Եթե ես դրան համաձայն եմ, պետք է մի բանում էլ համաձայնեմ. եթե հոկտեմբերի 27-ից ձեւավորվեց այս իշխանությունը, Լ. Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 27-ից է փորձում նոր մեկնարկ սկսել՝ իր կողքին ունենալով Ստեփան Դեմիրճյանին եւ Արամ Սարգսյանին: Իր կողքին ունենալով նրանց եւ աշխատելով հոգեբանական այդ ֆակտորի վրա: Այսինքն, ինքն էլ է փորձում նոր ալիք բարձրացնել. ո՞րն է տարբերությունը։ Հոկտեմբերի 27-ը մեր ողբերգությունն էր, ես կասեի՝ նույնիսկ մեր ազգի ամոթն էր, բայց քաղաքական շահարկման նյութ չի կարող լինել, շատ անխիղճ մարդն է կարող հոկտեմբերի 27-ը կարիերիայի եւ դիվիդենդներ շահելու առարկա դարձնել, ես կամաչեի այդպիսի բան անելուց:

-Առաջին նախագահը խոսեց բուրգի մասին, ավազակապետության եւ անուններ հնչեցրեց. բուրգի գագաթը Ռոբերտ Քոչարյանն է:

– Մենք ունենք մեր վերլուծությունը այսօրվա իշխանությունների եւ այսօրվա տնտեսական քաղաքական համակարգի մասին, մենք եւս հավատացած ենք, որ մենաշնորհների, մոնոպոլիստների, մոնոպոլիաների այս քաղաքականությունը հասել է իր գագաթնակետին, եւ իսկապես ձեւավորված է այդ վիճակը:

– Ձեզ մոտ է՞լ են անունները նույնը:

– Անունները ոչ մի իմաստ չունեն: Այդ անունները ես կարող եմ փոխարինել, նաեւ՝ եթե անցյալի մասին խոսենք տարբեր անուններ տալով: Ես ոչ թե արդարացնում եմ այսօրվանը, այլ նայում եմ հարցին՝ իբրեւ երկրի մեջ ստեղծված վիճակ` անձին տալով երկրորդական դերակատարություն: Անձերի, անունների տեղը կփոխարինվի մեկը մյուսով, եւ փոխարինվել է, նաեւ ասեմ` անցյալից ներկա է փոխանցվել, անցյալից ներկա է եկել, բայց որովհետեւ ոչ մի անգամ Հայաստանում կատարյալ իշխանափոխություն տեղի չի ունեցել` համակարգը չի փոխվել: Եթե ուզենանք արդար լինել, նաեւ այսօր չի կարող այդպիսի բան տեղի ունենալ, որովհետեւ կա ճնշող մեծամասնություն ունեցող խորհրդարան, եւ այս իրողության հետ պետք է հաշվի նստել, եթե այս երկիրը չենք ուզում վերջնական այնպիսի ցնցումի մատնել, որ քարը քարի վրա չմնա:

– Դուք ո՞ւմ եք համարում մեղավոր:

– Պետական համակարգը: Ես պետական համակարգն եմ սխալ համարում: Գիտե՞ք, դեպքերի բերումով է միայն, մի քիչ էլ բախտի հարց է, որ այդ գագաթի գլխին մի օր հայտնվեց Տեր-Պետրոսյանը, մի օր՝ Ռոբերտ Քոչարյանը, բայց բանն այն է, որ Հայաստանը, ինչպես խորհրդային ժամանակաշրջանում, այս ժամանակաշրջանում էլ ղեկավարում է, իշխում է այն ուժը, այն մարդը, որը այդ պետական ապարատին տեր է կանգնում, այդ պետական համակարգի գլխին է հայտնվում: Այդ պետական համակարգը աշխատում է իբրեւ կուսակցություն, իբրեւ գաղափարախոսություն, դա շատ ավելի հզոր է, քան, այսպես ասած՝ անվանական կուսակցությունները, որ իբր թե օրվա իշխանություն են համարվում:

Մի առիթով ես ասել եմ՝ այս տեսակ երկրում կարելի է ունենալ 20 նախարար, բայց իշխանություն չլինել: Ես ասել եմ, եւ սա նոր չենք ասում, մենք ընտրություններին պարտվում ենք ոչ թե կուսակցությունից, այլ պետական մեքենայից, պետականությունից, պետական համակարգը ընտրական մեքենա է դառնում եւ սկսում է ազդել: Այս երկրի ցավն է դա, եւ այն մենք պետք է կարողանանք փոխել:

– Ինչո՞ւ նախագահը չի պայքարում դրա դեմ:

– Որովհետեւ չի ուզում: Չի ուզում այն պարզ պատճառով, որ իր հենարանը կուսակցություն չի, իրական կուսակցություն չի: Չկա այն կուսակցությունը, որ իբրեւ գաղափարախոսություն, իբրեւ քաղաքական ռազմավարություն՝ այս երկիրը ղեկավարի: Եվ դրա մեջ է ողբերգությունը:

– Այսինքն՝ անունները ճի՞շտ են հնչել:

– Այդ պաշտոնին եղել են այդ մարդիկ՝ այդ առումով ճիշտ է:

– Դուք բացահայտվա՞ծ եք համարում հոկտեմբերի 27-ը:

– Երբ ես հիշողությունս լարում եմ, հիշում եմ, որ վարչապետ էր Արամ Սարգսյանը, որ զինդատախազ էր եւ այդ գործը հետապնդում էր Ջհանգիրյանը, եւ որ գլխավոր դատախազ էր Նազարյանը: Բոլորն էլ Վազգեն Սարգսյանի թիմից էին, բոլորն էլ նույն թիմից էին, եթե բան կար բացահայտելու, երկար վեց ամիսներ տեւեց այդ ժամանակաշրջանը, իրենք պետք է կարողանային դա բացահայտել կամ իրենք պետք է խոսեին ժամանակին: Որովհետեւ՝ ի՞նչ է նշանակում, եթե այդ մարդիկ Վազգենի թիմից էին, այդ ինչի՞ հաշվին լռեցին՝ կամ բան չկար տակը, որ լռեցին, կամ Վազգենի թիմը իսկապես այնքան վատ մարդկանցից էր, որ Վազգենի հիշատակի վրայից էլ անցան:

Ես չեմ կարողանում տրամաբանել, որովհետեւ վեց ամիսը քիչ չէ նախաքննության ժամանակաշրջանի համար, մանավանդ՝ երկրի այդ հոգեբանական վիճակում: Ես լավ եմ հիշում այդ օրերը: Եթե բան լիներ, ես կարծում եմ, որ պետք է կարողանային բացահայտել, իսկ եթե բացահայտեցին եւ լռեցին, սա ինձ համար շատ վատ ցուցանիշ է:

– Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հիշեցնելու բաներ կունենան։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է ներկա իշխանությունը նախորդներին հիշեցնել:

– Ով հիշեցնելու իրավունք ունի, ես չգիտեմ, բայց ես գիտեմ մի բան՝ երեկ գիշեր Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը հանդիպում ունեին կուսակցական ընկերների հետ, եւ Վահան Հովհաննիսյանը մի շատ գեղեցիկ միտք ասաց. «Անցյալը սկսել է իրեն հիշեցնել, այն անցյալը, որ մարդ հաճախ չի ուզում հիշել»: Ես կազմակերպության ղեկավար եմ, պատասխանատու պաշտոն եմ զբաղեցնում, բայց նաեւ առիթ ունեմ ժողովրդի հետ հանդիպելու, եւ անցած երկու օրը ժողովուրդն ինձ շատ բան հիշեցրեց: Մարդիկ շատ բան հիշեցրին: Հիշեցրին անցյալը, թե ինչպես պետք է հարեւաններից պարտք վերցնեն, ինչպես պետք է ապրեն: Այդ ցավը այդ մարդիկ ապրել են շատ ավելի խորը: Գիտեն, որ այսօր էլ այնքան անարդարություն կա: Ու հաճախ մարդիկ մտածում են, եթե նույնիսկ սատանային պետք է կառչեն, որպեսզի այսօրից փրկվեն, ուրեմն անեն: Բայց, դե, դա սխալ է: Սխալ է, որովհետեւ ոչ անցյալն է փրկություն, ոչ այսօրն է այն այսօրը, որ մեզ կարողանա բավարարել: Պետք է նայել ապագային եւ այդ ապագան Դաշնակցությունն է:

– Ի՞նչ պաշտոն կտրվի այսօրվա նախագահին:

– Ճիշտն ասած, ես պաշտոն տվող չեմ: Եթե ունենամ պաշտոն տալու հնարավորություն, պաշտոն կտամ իմ կուսակիցներին, բայց կարծում եմ, որ նախագահի պետական քաղաքական գործունեությունը չի կարող սրանով ավարտվել, ինքը դեռ բան ունի տալու, եւ ես բնական եմ համարում, որ ինքը դեռ իրեն տեսնում է պետական մակարդակի վրա աշխատանքի մեջ: Եթե հակառակը լիներ, ինձ հուսախաբություն կպատճառեր: Թեպետ կարող եմ ասել, կա նաեւ մի ուրիշ իրողություն, ինքը դեռ մինչեւ ապրիլ նախագահ է, եւ մինչեւ ապրիլ այս երկիրը պահելու, ղեկավարելու խնդիր ունի եւ չի կարող խոսել միանգամից «տուն» գնալու մասին:

– Ինչպե՞ս եք գնահատում Լ. Տեր-Պետրոսյանի շանսերը:

– Այսօրվա տվյալներով՝ չունի ոչ մի շանս: Ես շատ եմ ուզում, որ Տեր-Պետրոսյանը մասնակցի ընտրությանը: Գիտե՞ք ինչու. որովհետեւ անցած 17 տարիները պատճառ չդարձան, որ ինքն անհրաժեշտ չափով իրատես լիներ: Պետք է մասնակցի, որ իր իրական տեղը գտնի այս հասարակության մեջ: Դա շատ-շատ պետք է, եւ ոչ միայն Տեր-Պետրոսյանին, մեզ էլ է պետք: Այդ առումով ես կարծում եմ, որ ինքը պետք է անպայման մասնակցի, չմասնակցելու մասին չեմ խոսում: Ես ուզում եմ, որ ինքը մասնակցի: Ես հավատում եմ, որ անցյալի ու այսօրվա ընտրության մեջ կհաղթի ապագան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել