Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշխարհաքաղաքական զարգացումներն ու Հայաստանը

Նոյեմբեր 02,2007 00:00

\"\"Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի մեկնաբանությունները

«Հայացք» ակումբի երեկվա հյուրը ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն էր, թեման՝ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներն ու դրանց հնարավոր հետեւանքները Հայաստանի վրա: Բանախոսի խոսքերով, պետք է գիտակցել, որ Հյուսիսային Իրաքի հետ կապված իրադրության կտրուկ սրումը հղի է հեռուն գնացող հետեւանքներով: Հաջորդ խնդիրն էլ Իրանի հետ կապված թնջուկն է՝ ԱՄՆ-ն շարունակում է ճնշումներ գործադրել վերջինիս վրա: Սաֆրաստյանի համոզմամբ, երրորդ՝ մտահոգվելու տեղիք տվող փաստը տարածաշրջանում Թուրքիայի դերի կտրուկ բարձրացումն է, որը տեղի է ունենում լարվածության աճի ֆոնի վրա: «Վերջին շրջանում հայկական գործոնը մեծ տեղ է զբաղեցնում համաշխարհային՝ հատկապես Թուրքիայի քաղաքականության մեջ: Մեր տարածաշրջանում մասնավորապես Հայաստանի վրա հատուկ ուշադրություն է սեւեռված,- փաստեց թուրքագետը՝ հավելելով,- Հայաստանի արտաքին գործերի գերատեսչությունը պետք է լրջորեն հետեւի իրադրությանն ու եթե ինչ-որ վտանգ ծագի՝ հայկական համայնքների համար՝ արագ արձագանքի»:

Դառնալով թուրքական թերթերից մեկի կանխատեսմանը՝ թե Հյուսիսային Իրաքի վերջին իրադարձությունները կարող են վերածվել տարածաշրջանային պատերազմի, պրն Սաֆրաստյանն ասաց. «Այն ճգնաժամը, որ գնալով սրվում է Հյուսիսային Իրաքի եւ Իրաքյան Քուրդիստանի շուրջ, իսկապես ունի անկանխատեսելի հետեւանքներ: Պետք է հաշվի առնել այն, որ եթե Թուրքիան ձեռնարկի լայնածավալ ռազմական գործողություններ Իրաքյան Քուրդիստանում, ապա դա կնշանակի, որ ագրեսիա է կազմակերպում հարեւան երկրի՝ Իրաքի դեմ: Եթե տեղի ունենա թուրքական ագրեսիա՝ լայնածավալ պատերազմ, դա կտրուկ կակտիվացնի քրդական գործոնը ողջ տարածաշրջանում: Իսկ նախանշաններն արդեն կան»: Ըստ Սաֆրաստյանի, Թուրքիան օգտագործում է լայնածավալ պատերազմ սկսելու իր սպառնալիքը՝ որոշակի քաղաքական նպատակների հասնելու համար. դրանցից առաջինը հայկական 106-րդ բանաձեւի տապալումն էր, կամ էլ վերջինիս ընդունման գործընթացի կասեցումն ու դանդաղեցումը: «Թուրքիան փորձում է ԱՄՆ-ից ստանալ անհրաժեշտ տվյալներ ու հնարավորություններ՝ Թուրքիայում Քրդական բանվորական կուսակցությանը հուժկու հարված հասցնելու համար: Այս նպատակը կարծես թե իրականանում է, որովհետեւ 2 օր առաջ ամերիկացիները հայտարարեցին, որ Թուրքիային կտրամադրեն համապատասխան հետախուզական տվյալներ: Օգտագործելով լայնածավալ պատերազմի սպառնալիքը՝ Թուրքիան փորձում է ապացուցել, որ տարածաշրջանի ամենահզոր պետությունն է»:

Թուրքագետը փաստեց, որ վերջին շրջանի իրադարձությունները վկայում են, որ Թուրքիան իր քաղաքականությունը՝ ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ, բավական թուլացրել է: Նրա փոխանցմամբ՝ 106-րդ բանաձեւի ընդունումը նախեւառաջ բխում է ամերիկյան շահերից. «Ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է մարդկութան դեմ: Ամերիկացիներն ու ու եվրոպացիները հասկանում են, որ եթե չդատապարտվեն նախկինում տեղի ունեցած ցեղասպանությունները, ապա ապագայում հնարավոր չի լինի դրանք կանխել: Այն կոնգրեսականները, ովքեր «կողմ» են քվեարկել այդ բանաձեւին, փաստորեն պաշտպանել են Ամերիկայի շահերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել