Պարզաբանում է «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունը
Հոկտեմբերի 20-22-ը հայաստանյան ԶԼՄ-ներն ու տպագիր մամուլն անդրադարձան կարագի եւ բուսական յուղի (ձեթի) շուկայում արձանագրված գների բարձրացման եւ դրա առնչությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ )՝ հոկտեմբերի 19-ի նիստին, որտեղ քննարկվում էր հիշյալ ապրանքատեսակների շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից հակամրցակցային համաձայնություններին վերաբերող հարցեր: ՏՄՊՊ հանձնաժողովում իբրեւ հակամրցակցային համաձայնության եկած տնտեսվարող սուբյեկտ մատնանշվել էր նաեւ «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի անունը, ինչը դարձավ մեր Ընկերության բարի համբավի շահարկման առարկա:
Այս առնչությամբ հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ.
1. ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի կողմից «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ-ից պահանջվել էր ներկայացնելու կարագի եւ բուսական յուղի ձեռքբերման ու իրացման գները՝ ընդհանուր կարգով: ՏՄՊՊ հանձնաժողովի այդ պահանջը չէր վերաբերում Ընկերության կողմից ձեռք բերված ապրանքի եւ այն իր սեփականության իրավունքով պատկանող հացի արտադրության մեջ՝ որպես հումք օգտագործվող կարագի եւ բուսական յուղի ձեռքբերման գներին: Մինչդեռ Ընկերության ներկայացուցիչը ՏՄՊՊՀ-ին էր ներկայացրել նաեւ որպես հումք օգտագործված կարագի եւ բուսական յուղի գնման գները, որը Հանձնաժողովը դիտել էր որպես Ընկերության կողմից սպառողներին վաճառված ապրանք: Իրականությունը, սակայն, այն է, որ մեր Ընկերության կողմից 1 կգ-ն 800 դրամով ձեռք բերված նորզելանդական կարագը ոչ թե վաճառվել, այլ՝ օգտագործվել է հացի եւ հրուշակեղենի արտադրության մեջ, որի շնորհիվ Ընկերությունը հնարավորություն է ունեցել իր արտադրած հացի գինը չբարձրացնել այն դեպքում, երբ ընդհանուր շուկայում տեղի է ունեցել գների աճ: Հանձնաժողովը ենթադրել է, որ Ընկերությունը իր հացի արտադրության համար օգտագործվող 1 կգ-ն 800 դրամով ձեռք բերած կարագը վաճառել է 2300 ՀՀ դրամով: Բայց փաստն այն է, որ Ընկերությունը վաճառքի հանված նորզելանդական կարագի 1կգ-ն օգոստոս ամսին ձեռք է բերել տոնավաճառից 1400 դրամով եւ վաճառել՝ 1700 դրամով, օգոստոս ամսվա վերջին գնել է 1450 դրամով եւ վաճառել՝ 1750 դրամով, սեպտեմբեր ամսին՝ 1700 դրամով եւ վաճառել է 2100 դրամով, սեպտեմբեր ամսվա վերջին՝ 1850 դրամով եւ վաճառել՝ 2200 ՀՀ դրամով, իսկ հոկտեմբերի վերջին ձեռք է բերել 2000 դրամով եւ վաճառել՝ 2300 դրամով:
2. ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովը պահանջել էր ներկայացնել կարագի ձեռքբերման հիմնավորված փաստաթղթեր եւ տվյալներ, որոնք Ընկերությունը չէր ներկայացրել այն պատճառով, որ կարագը Ընկերության կողմից ձեռք էր բերվել տոնավաճառից: Վերը նշված տեղեկության հիմնավորված տարբերակը հոկտեմբերի 30-ին արդեն ներկայացվել է Հանձնաժողովին եւ ընդունվել է այն: Հասարակության մեջ տեղ գտած սխալ կարծիքը, այն մասին, որ Ընկերությունը հանդիսանում է նշված ապրանքների ներմուծող կազմակերպություն, չի համապատասխանում իրականությանը:
«Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունն իր երկարամյա գործունեության ընթացքում երբեք անբարեխիղճ չի եղել սպառողների հանդեպ եւ թեկուզ իր գործարար համբավը չվտանգելու նպատակով երբեք հակամրցակցային պայմանավորվածությունների չի եկել եւ չի գա: