Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ՍԽԱԼ ԷՐ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ

Նոյեմբեր 02,2007 00:00

Գլխավոր բանկիրը տարեսկզբին մի բան է ասում, տարեվերջին՝ մեկ այլ բան

«2007-ին գնաճը Հայաստանում կարող է գերազանցել նախատեսված մակարդակը եւ կազմել մինչեւ 7,5%»,- մի քանի օր առաջ ԱԺ-ում այսպիսի հայտարարություն է արել Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ մինչ այդ ԿԲ-ն կանխատեսել էր մինչեւ 4% գնաճ՝ խոստանալով, որ առաջիկա 3 տարիներին աստիճանաբար գնաճը նվազելու է՝ մինչեւ 3%-ի սահմանը («Առավոտ», 06.02.2007թ.): Սակայն, փաստորեն, այս էլ որերորդ անգամ ԿԲ-ն սխալ կանխատեսումներ է անում ու տարեվերջին փոխում այդ կանխատեսումը: Դա արդեն ԿԲ-ի որդեգրած քաղաքականությունն է դարձել: Նախորդ տարի Տ. Սարգսյանը նույնպես խիստ լավատեսական կանխատեսումներ էր արել՝ մարդկանց հույս տալով, թե մինչեւ 3% գնաճ կլինի, Հայաստանը ձեռք կբերի ներդրումային ռեյտինգ, ինչի արդյունքում մեր երկիրը կհայտնվի աշխարհի միջազգային ֆինանսական քարտեզի վրա: Սակայն երրորդ եռամսյակի ավարտին նա փոխեց իր կանխատեսումը՝ ասելով, որ գնաճը 3%-ից ավելի կլինի: Փաստն այն էր, որ երկրում 5,2 % գնաճ արձանագրվեց, ընդ որում՝ դա պաշտոնական վիճծառայության տվյալներով, իրականում գնաճն ավելի խորն էր: 2003-ին էլ ԿԲ-ն կանխատեսել էր 3% գնաճ, սակայն 8,6% գների աճ եղավ:

Թե բանկի ինչին է պետք տարեսկզբին սխալ ու ոչ իրատեսական կանխատեսումներ անել, այնուհետեւ ճշտումներ մտցնել՝ պատճառները շատ են: Նախ, այս տարեսկզբին ԿԲ-ն չէր կարող ավելի բարձր գնաճի ցուցանիշ կանխատեսել, քանի որ առջեւում ընտրություններ էին, ու պետք էր մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնել: Հետո, ԿԲ-ի կանխատեսումները ներկայացվում են Արժույթի միջազգային հիմնադրամին եւ Համաշխարհային բանկին: ԱՄՀ-ն ու ՀԲ-ն այդ կանխատեսմամբ նաեւ գնահատում են ԿԲ-ի վարած դրամավարկային քաղաքականությունն ու հավանության արժանացնում այն: Իսկ երբ կանխատեսումը չի արդարանում, ԿԲ-ն դրա տակից դուրս գալու ձեւը գտել է. ասում է, որ ֆորս-մաժորային իրավիճակներ են եղել: Կոնկրետ այս տարվա կանխատեսման փոփոխությունը Տիգրան Սարգսյանը բացատրել է այսպես. «Համաշխարհային շուկաներում արձանագրվել է վառելիքի եւ սննդամթերքի աննախադեպ աճ: Ապրանքների այդ երկու խմբերը Հայաստանը հիմնականում ներմուծում է, ինչը ներքին շուկայում գների չնախատեսված բարձրացման պատճառ կդառնա: Մոնետար գործիքներով ԿԲ-ն 2007-ին կարող է ապահովել շուրջ 4% սղաճ, սակայն արտաքին գործոնների ազդեցության ներքո, որոնք պայմանավորված են, հիմնականում, համաշխարհային գների աճով, սղաճային ճնշումը Հայաստանում լրացուցիչ կմեծանա»:

Նշենք, որ արդեն երկու ամիս է՝ Հայաստանում գնաճը հատել է 5 տոկոսի սահմանը: Պարենային, ոչ պարենային ապրանքների գները ոչ թե տարեցտարի, այլ նույնիսկ ամսեամիս ու օրեցօր բարձրանում են: Պաշտոնական ցուցանիշներով՝ վերջին տարվա ընթացքում Հայաստանում հացը թանկացել է 26,5%-ով, ալյուրը՝ 32,2%-ով, կարագը՝ 44,9%-ով, բուսական յուղը՝ 65,9%-ով: Թանկացել է նաեւ ալկոհոլային խմիչքը: Անգամ Մալաթիայի տոնավաճառում, որն ամենաէժանն է համարվում մայրաքաղաքում, հագուստի գները կրկնակի բարձրացել են, հասարակ գուլպայից սկսած մինչեւ ձմռան համար անհրաժեշտ տաք հագուստը նախորդ շաբաթվա համեմատ 1000-ական դրամով թանկացել է: Սա փաստում են բոլոր վաճառականները: Հաշվի առնելով, որ ամեն տարի դեկտեմբերին, Ամանորի պատրաստություններով պայմանավորված, գները մի քանի տոկոսով բարձրանում են՝ տարեվերջին մեր երկրում տարրական գնումներ կատարելը միջին աշխատավարձով ապրող մարդու համար կդառնա ճոխություն:

Հայտնի է, որ հաջորդ տարվա համար նվազագույն աշխատավարձը բարձրացրել են 5000 դրամով՝ 20 հազարից դարձնելով 25 հազար: Կենսաթոշակառուներին էլ անչափ ուրախացրել է այն լուրը, որ 2008-ից իրենց թոշակը 60 տոկոսով բարձրանալու է: Մինչդեռ այդ ավելացած գումարը մարդկանց, ըստ էության, ոչինչ չի տալու: Ավելին՝ 25 հազար դրամով մարդը մյուս տարի ավելի քիչ ապրանք կարող է գնել ու ավելի քիչ կարիքներ բավարարել, քան 20 հազար դրամով՝ այս տարեսկզբին: Թոշակառուն, որը քիչ թե շատ կարողանում էր իր ստացած գումարով գոյությունը պահպանել, հիմա արդեն բարձրացած թոշակով չի կարողանալու հոգալ իր նույնիսկ ամենաչնչին կարիքները: Այնպես որ, նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակների բարձրացումն ընդամենը աչքակապություն է, որում կհամոզվենք ընդամենը մի քանի ամիս անց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել