Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԺԿ ԵՎ «ՀԺ»

Նոյեմբեր 02,2007 00:00

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելել է Կարեն Դեմիրճյանի թանգարան, ՀԺԿ-ում ավելի քան մեկ ժամ տեւողությամբ հանդիպում է ունեցել կուսակցության ակտիվի հետ, ապա այցելել է նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն:

ՀԺԿ-ում տեղի ունեցած հանդիպման մասնակիցները տպավորված եւ գոհ են մնացել, ինչպես կուսակցության մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանն ասաց, հատկապես այն փաստից, որ կուսակցության եւ ՀՀ առաջին նախագահի տեսակետները քննարկված մի շարք հարցերում համընկել են: Ռ. Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում հատկապես կարեւորեց այն, որ Լ. Տեր-Պետրոսյանը երեկ եւս երկրի հաջորդ նախագահի կարեւորագույն պարտականություններից մեկն է համարել «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության լիարժեք բացահայտումը, առանց որի երկրի առաջընթացն ուղղակի անհնար է: «ՀԺԿ ակտիվիստներին հետաքրքրում էին այն նույն հարցերը, ինչ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու է հետաքրքրում, այդ թվում՝ գործող իշխանության վերարտադրման վտանգը»,- ասաց Ռ. Խաչատրյանը՝ հավելելով, որ ՀԺԿ-ականները հանդիպման ժամանակ շեշտել են լեգիտիմ իշխանություն ձեւավորելու անհրաժեշտությունը:

ՀԺԿ-ականները միաժամանակ կարծիք են հայտնել, որ լրատվական այն շրջափակման պայմաններում, որում այսօր գտնվում է ընդդիմությունը, անհրաժեշտ է ավելի ակտիվ շփումներ ունենալ ժողովրդի հետ եւ պարզաբանումներ տալ այն բազմաթիվ հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են «նախկին» իշխանությունների օրոք տեղի ունեցածին: Ռ. Խաչատրյանի մատուցմամբ, Լ. Տեր-Պետրոսյանն ինքն էլ է ասել, որ այդ հարցադրումների պատասխանները կհնչեն շատ շուտով:

ՀՀ առաջին նախագահն այցելելով «ՀԺ» թերթի խմբագրություն՝ նախ ծանոթացել է աշխատակազմի աշխատանքային պայմաններին, զրուցել թերթի լրագրողների հետ եւ պատասխանել նրանց հարցերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել