Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նոյեմբեր 02,2007 00:00

Հոկտեմբերի 23-ի խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների եւ նրանցից մի քանիսի դեմ քրգործ հարուցելու փաստին երեկ առանձին հայտարարություններով անդրադարձել են մի շարք կազմակերպություններ եւ կուսակցություններ:

Մասնավորապես, «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ-ն դատապարտել է իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնություններն ու քրեական հետապնդում իրականացնելու բոլոր փորձերը: Հ/կ-ի նախագահ Վարդան Հարությունյանի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ խաղաղ երթի մասնակիցներն ընդամենն օգտվել են ՀՀ Սահմանադրությամբ իրենց ընձեռված իրավունքից ու որեւէ իրավախախտում թույլ չեն տվել, եւ նրանց նկատմամբ կիրառված բռնությունները՝ արցունքաբեր գազի, ռետինե մահակների ու այլ կարգի միջոցների կիրառումը, իսկ հետագայում՝ քրգործի հարուցումը, «խոսում են այն բանի մասին, որ այստեղ կրկին անգամ գործ ունենք իշխանությունների կողմից մտածված ու ծրագրված սադրանքի հետ»:

ԱԺՄ կուսակցության վարչությունն իր հայտարարությամբ անդրադառնալով տեղի ունեցած դեպքերին եւ դրանց հաջորդող զարգացումներին՝ նկատել է, որ դրանք «ակնհայտորեն միտված չեն իրական մեղավորներին բացահայտելուն եւ պատժելուն», եւ դատապարտել է երթի մասնակիցների նկատմամբ կատարած գործողությունները, որոնք խախտում են մարդու իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները, եւ պահանջել է օրենքի ճշգրիտ եւ խիստ իրականացումը տվյալ դեպքի կապակցությամբ:

ՕԵԿ հայտարարության մեջ ասված է. «Մենք եւս մեկ անգամ անթույլատրելի ենք համարում ժողովրդավարության եւ խոսքի ազատության դեմ ուղղված նման անհարիր դրսեւորումները: Ավելին, խաղաղ եւ օրենքով նախատեսված երթի մասնակիցների նկատմամբ կիրառված ծեծը, այդ թվում՝ լրագրող Գոհար Վեզիրյանի նկատմամբ միջադեպը ցույց են տալիս, որ ժամանակին լրագրողների եւ քաղաքական գործիչների նկատմամբ կիրառված բռնությունների իրավական գնահատական չտալը առաջ է բերում նոր ոտնձգություններ: Միեւնույն ժամանակ ՕԵԿ-ն իր խորը մտահոգությունն է հայտնում ընդդիմադիր թերթերի խմբագիրների եւ մյուս քաղաքական գործիչների նկատմամբ հարուցված քրեական հետապնդման առնչությամբ եւ կոչ է անում դադարեցնել այն»:

«Պահանջում ենք դադարեցնել անհիմն քրեական հետապնդումը «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ իշխանություն» ընդդիմադիր թերթերի գլխավոր խմբագիրներ Ն. Փաշինյանի եւ Շ. Մաթեւոսյանի, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի եւ նրա որդիների նկատմամբ, ինչպես նաեւ պատասխանատվության կանչել սադրանքի եւ բռնարարքի հիմնական հեղինակ Սաշիկ Աֆյանին»,- ասված է «Հանրապետություն» կուսակցության, Հայոց Համազգային Շարժման, ՍԴ Հնչակյան կուսակցության, Հայաստանի ժողովրդական կուսակցության, Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության, Պահպանողական կուսակցության, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության, «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության, «Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ» կուսակցության, Հայաստանի սոցիալ-էկոլոգիական կուսակցության եւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության համատեղ հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել