Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ով էր խոչընդոտում երթեւեկությանը

Նոյեմբեր 02,2007 00:00

\"\"Գուցե ոստիկաննե՞րը

Հոկտեմբերի 23-ին խաղաղ երթի մասնակիցների եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած ընդհարման փաստի առիթով հարուցված քրգործում որպես տուժող հանդես եկող ոստիկանությունը հոկտեմբերի 30-ին ՀՀ քրեադատավարական օրենսգրքի պահանջների կոպիտ խախտումով մեղադրանք առաջադրեց երթի մասնակիցներից հինգին: Դրանով ոստիկանությունը, ըստ էության, ձգտում է հաստատել ՀՀ ոստիկանության կողմից ի սկզբանե շրջանառության մեջ դրված այն վարկածը, թե՝ երթի մասնակիցները խախտել են հասարակական կարգը, խոչընդոտել ճանապարհային երթեւեկությանը, ապա՝ նաեւ դիմադրել ոստիկանների «օրինական» պահանջներին: Այդուհանդերձ, շատ դյուրին է վերականգնել պատկերը, թե ինչ է իրականում տեղի ունեցել հոկտեմբերի 23-ի ժամանակ: Դրա համար անհրաժեշտ էր ունենալ ընդամենը մի ֆոտոխցիկ: Իսկ մեր թղթակցի ֆոտոխցիկը արձանագրել է, որ իրականում Աբովյան-Տերյան խաչմերուկում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, ճանապարհային երթեւեկությանը խոչընդոտել են ոչ թե մայթով քայլող երթի մասնակիցները, այլ՝ հե՛նց ոստիկանները: Մասնավորապես, 332 ՈՍ 02 պետհամարանիշով ոստիկանության մեքենան (տես լուսանկարում) «կայանել» էր փողոցի կենտրոնում՝ խանգարելով ավտոմեքենաների երթեւեկությանը, իսկ երթի մասնակիցներն այդ պահին մայթի վրա են: Այդ պահին էին «Ուրարտու» խանութի մոտ երթի մասնակիցներին մոտեցել ոստիկանության քաղաքային վարչության պետի տեղակալ, գնդապետ Սաշիկ Աֆյանն ու ոստիկանության ՊՊԾ պետ, գնդապետ Ռոբերտ Մելքոնյանն ու այլ բարձրաստիճան ու շարքային ոստիկաններ՝ պահանջելով դադարեցնել քայլերթն ու իրենց հանձնել մեգաֆոնը, թռուցիկներ չտարածել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ի «օպերացիան» ղեկավարում էր նույն ինքը՝ «Բազազ» մականունով գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը:

Հայրենի իրավապահների կարկառուն այս երկու ներկայացուցիչները տարիներ առաջ, երբ ՀՀ ՆԳ նախարար էր Վանո Սիրադեղյանը, սպայի պատիվն արատավորելու համար հեռացվել էին համակարգից: Այն ժամանակ ՀՀ ՆԳ Մաշտոցի բաժնի պետի՝ ծառայության գծով տեղակալ Ռ. Մելքոնյանը համակարգից հեռացվել էր այն բանի համար, որ մի քանի տասնյակ հազար դոլար կաշառք էր տվել մի տիկնոջ, որը, իբր, պետք է որ միջնորդեր ՆԳ նախարարին՝ Մելքոնյանին միլպետ նշանակելու հարցում: Մելքոնյանի «հերոսական» այդ դրվագին նույն ժամանակահատվածում անդրադարձել էր նաեւ ՆԳՆ պաշտոնաթերթն ու համանուն հեռուստահաղորդումը: Այնուհետեւ ոստիկանը համակարգում վերականգնվել է ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրամանով, նշանակվելով նախ՝ ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության կադրերի բաժնի պետի, ապա նաեւ՝ ՊՊԾ պետի պաշտոնում:

Համակարգից հեռացված ժամանակ այս երկու ոստիկաններն էլ, մեր աղբյուրների ասելով, զբաղվել են ալյուրի վերավաճառքով, իսկ Ս. Աֆյանը Կոտայքի մարզում անգամ հացի փուռ ուներ եւ ունի ու հայտնի է նաեւ «Հացթուխ» մականունով: Հոկտեմբերի 23-ի գործով Աֆյանը հարցաքննվել է: Հայտնի չէ, սակայն՝ արդյոք նա հարցաքննության արձանագրության մեջ հատկացված համապատասխան տողում հիշատակե՞լ է ոստիկանության համակարգից հեռացված լինելու հանգամանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել