Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՅԼԻ

Նոյեմբեր 02,2007 00:00

\"\"ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ասաց, որ նոյեմբերի 10-ին կայանալիք ՀՀԿ համագումարը լինելու է պատմական, քանի որ ՀՀԿ-ն իր պատմության մեջ առաջին անգամ ընտրությունների է գնալու նախագահի ՀՀԿ-ական սեփական թեկնածուով:

– Ինչո՞ւ է Հանրապետականը որոշել իր համագումարը անցկացնել «Դինամո» մարզադաշտում, կներեք, մարզադահլիճում, իսկ ձեր թեկնածուի շտաբը, ըստ տեղեկությունների, կտեղավորվի Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում: Փաստորեն, ձեր կուսակցությունն ամենասպորտայի՞նն է:

– Ես գնահատում եմ ձեր կատակային տրամադրությունը, բայց պետք է լուրջ պատասխանեմ եւ ասեմ, որ սպորտը՝ իր բազմաթիվ հատկանիշներով, առավելություններ ունի քաղաքականության նկատմամբ: Նախ եւ առաջ սպորտը խաղաղություն է, երկրորդը՝ սպորտում արգելված են անազնիվ մեթոդները, երրորդը՝ սպորտում արգելված են դոպինգները, չորրորդը՝ սպորտը ուժերի չափման իրական հնարավորություն է տալիս, եւ հինգերորդը՝ սպորտը վայելում է մեծ մասսայականություն, ի տարբերություն մեր շատ եւ շատ քաղաքական կուսակցությունների: Եվ այս կեսկատակային զուգահեռների մեջ ակնհայտ է, որ Հանրապետականը առաջին հերթին ազնիվ խաղի կողմնակից է, զերծ է դոպինգից, վայելում է մասսայականություն եւ սեր ու սպորտին բնորոշող բոլոր դրական հատկանիշները մեզ հարիր են:

Իսկ հիմա, եթե ավելի լուրջ խոսենք, քաղաքի ենթակառուցվածքներից մեզ համար նախընտրելի տարբերակ են ձեր նշած երկու տարածքները, շտաբի համար հարմար է, որովհետեւ թե ճանապարհներն են այդտեղ հարմար, թե մեքենաների կայանման հնարավորություն կա, թե աշխատանքային կաբինետների հնարավորություններն են մեծ: Ինչ վերաբերում է համագումարին, առանց վարանելու կարող եմ ասել, որ, իրոք, պատմական համագումար է լինելու, եւ առաջին հերթին այն պատճառով, որ Հանրապետականը իր պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրություններին մասնակցելու է սեփական կուսակից-թեկնածուով: Նախադեպ չի եղել, սա պատմական իրադարձություն է, երբ Հանրապետականը ոչ թե սատարում է որեւէ թեկնածուի, այլ իր իսկ շարքերից վստահություն է հայտնում մեկ թեկնածուի եւ իր սեփական թեկնածուով գնում է ժողովրդավարական ընտրությունների: Եվ մեզ պետք էր ծավալ, մեզ պետք էր հնարավորություն՝ տեղավորելու այն բոլոր պատվիրակներին, հյուրերին, որոնք կցանկանային ներկա լինել պատմական այս իրադարձությանը: Այսինքն՝ Հանրապետականի համագումարը վերածվելու է Հանրապետական կուսակցության նոր պատմական առաքելության հայտի՝ ունենալ կուսակցական թեկնածու եւ այդ թեկնածուով մասնակցել ու հաղթել ընտրություններում՝ բոլոր այն հինգ կանոններին համապատասխան, որոնք ես վերը թվարկեցի սպորտի մասով: Եվ լավ կլիներ, որ բոլորը փորձեին աշխատել այդ հինգ կանոններին համապատասխան, հույսները չդնեին արգելված մեթոդների, դոպինգային ներարկումների եւ այլնի վրա: Վերջիվերջո, մարզաձեւում հաղթողը չի հաղթում սեփական ժողովրդին, այլ հաղթում է ընդամենը իր մրցակցին, եւ մենք էլ գնում ենք ընտրությունների ոչ թե մեր ժողովրդին հաղթելու համար, այլ գնում ենք դեպի հաղթանակ՝ ժողովրդի միջոցով եւ ժողովրդի համար, ի տարբերություն այլ կուսակցությունների, որոնք հասարակական կարծիքին դեմ են գնում:

– Տպավորություն կա, որ հանրապետականները մի տեսակ խուսափում են խոսել առաջին նախագահի առաջադրման մասին, փոխարենը գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձամբ եւ ամեն առիթով խոսում է ե՛ւ առաջին նախագահի, ե՛ւ նրա ելույթի մասին, չի՞ ստացվում, որ Հանրապետականի թեկնածուի PR-ով գործող նախագահն է զբաղվում:

– Երկրի նախագահը իր մամուլի քարտուղարի միջոցով եւ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, նաեւ անձամբ հայտարարել է, որ լավագույն թեկնածուն իր կարծիքով Հանրապետականի թեկնածուն է, եւ հասկանալի է, որ սա արդեն գերագույն PR է:

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրմանը եւ ՀՀԿ-ի արձագանքին, ապա ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ն դեմ արտահայտվի որեւէ թեկնածուի առաջադրմանը: Սահմանադրությունը իրավունք է տալիս առաջադրվել բոլորին, իսկ մեր երկիրը նաեւ իրավական պետություն է, հետեւաբար՝ իրավական տեսանկյունից որեւէ խնդիր չկա, քաղաքացիական տեսանկյունից եւս խնդիր չկա: Ուզում է առաջադրվել՝ թող առաջադրվի եւ լինի թեկնածուներից մեկը: Ես ավելին ասեմ, քանի որ միասնական թեկնածուի ուրվականը այլեւս չի շրջում Հայաստանում, ապա ակնհայտ է՝ ինչքան շատ լինեն ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուները, որոնք վերջիվերջո հավակնելու են իրար մեջ բաժանել մեր բողոքական ընտրազանգվածի ձայները, իսկ այդ ընտրազանգվածը ընտրողների 1/3-ը չի գերազանցում, այնքան ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում մեր թեկնածուի համար, ուստի, եթե բիզնեսի լեզվով ասենք, դա այլ շուկա է, ուր Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է առաջադրել իր քաղաքական ապրանքը, եւ դա բացարձակ մրցակցային դաշտ չի Հանրապետականի համար: Թող իրենք իրենց մեջ բաժանեն իրենց քաղաքական ապրանքը եւ որոշեն, թե ով է ամենահաջողակ ընդդիմադիր թեկնածուն: Իսկ մեր դաշտում խնդիր չունենք, դա ձայների շուրջ 2/3-ն է, իսկ թվային արտահայտությամբ՝ շուրջ 8 հարյուր հազար ձայն են հավաքել Սերժ Սարգսյանի եւ նրան սատարող կուսակցությունները: Մաթեմատիկական հաշվարկը ցույց է տալիս, որ ընդդիմության դաշտում կատարվող առաջադրումները կոնկուրենտ քաղաքական դաշտ չեն մեզ համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել