Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՏՈՒԿ ՔՆՆԻՉՆԵՐ՝ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նոյեմբեր 02,2007 00:00

«Օրենքի առջեւ հավասար են բոլո՛րը: Ո՞վ է ասել, թե ինչ-որ մեկին պիտի քննեն հատուկ քննիչները»,- հարցնում է «Ժառանգություն»

խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

ԱԺ այսօր կայանալիք արտահերթ նիստի օրակարգում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը «Հատուկ քննչական ծառայության մասին», որն ընդունվելու դեպքում պիտի ուժի մեջ մտնի մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 1-ից: Հենց այդ ժամանակ է լրանում ժամկետը, որից հետո դատախազությունն այլեւս իրավունք չի ունենա իրականացնել նախաքննություն: Եվ ահա ստեղծվում է այս ծառայությունը՝ իրականացնելու «օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց հանցակցությամբ կամ նրանց կողմից կատարված հանցագործությունների, ինչպես նաեւ ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն»: Նախագծի հիմնավորման մեջ ասված է, թե այս օրենքի ընդունումը «կնպաստի կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ պայքարի ուժեղացմանը»: 

Ըստ օրինագծի՝ «Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնում են ՀՀ գլխավոր դատախազը եւ նրա լիազորած դատախազները»: Ծառայության պետին նշանակում եւ պաշտոնից ազատում է ՀՀ նախագահը՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ:

Նախատեսվում է, որ հատուկ քննչական ծառայությունը պիտի հրապարակի տեղեկատվություն իր գործունեության մասին, իսկ ծառայության պետն ամեն տարի ԱԺ-ին եւ ՀՀ նախագահին պիտի ներկայացնի հաղորդում իրենց նախորդ տարվա գործունեության մաuին:

Օրենքի նախագծի համաձայն՝ «Հատուկ քննչական ծառայությունն ինքնուրույն պետական մարմին է եւ լիազորություններն իրականացնելիս անկախ է», սակայն անցումային դրույթների համաձայն՝ այս ծառայության աշխատակազմը ձեւավորվելու է միայն 2009-ի հունվարի 1-ից: Իսկ մինչ այդ՝ այս մարմնում ծառայությունն իրականացվելու է դատախազության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման միջոցով:

Այս օրինագիծն արդեն իսկ դարձել է քննադատության առարկա: Ներկայացնենք ընդամենը մի քանիսն այն վերապահումներից, որոնք մեր զրույցի ընթացքում շարադրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, իրավաբան Զարուհի Փոստանջյանը. «Կարծում եմ, այս ծառայությունն առաջին հերթին լուծում է հետեւյալ խնդիրը: Դատախազությունում գործում է գլխավոր քննչական վարչություն, որը ղեկավարում է Անդրանիկ Միրզոյանը: Հայտնի է, որ այս վարչությունը հիմնականում քննում է այն գործերը, որոնք «պատվերով» են, պետք է «սարքվեն»՝ ապօրինի մեղադրանքներ առաջադրեն մարդկանց: Քանի որ դեկտեմբերի 1-ից այս անձինք մնալու են անգործ կամ հավասարեցվելու են այլ քննիչների՝ այդ պատճառով են ցանկանում, որ չցրվի այս խումբը, որն արդեն նման գործերով մասնագիտացված է, եւ կրկին ծառայի իր «նպատակներին», ուստի ցանկանում են ստեղծել այս հատուկ քննչական ծառայությունը: Ուղղակի խորամանկ մոտեցում է, որ սահմանել են, թե այս խումբը քննելու է միայն այն գործերը, որոնք վերաբերում են բարձրաստիճան անձանց: Ցանկացա՛ծ գործ կարող են տալ այս ծառայությանը: Ինչպես կարող է դա տեղի ունենա՞լ: Հայտնի է, որ եթե որեւէ գործում կա զինվորական, ապա այդ գործը քննում է զինվորական դատախազությունը: Տվյալ գործերով մեղադրանք կառաջադրվի որեւէ պաշտոնյայի, եւ այդ գործը կփոխանցեն այս ծառայությանը: Բացի այդ՝ ինչո՞ւ պիտի այս ծառայության ղեկավարին առաջարկի գլխավոր դատախազը. նա այստեղ անելիք չունի՛: Կամ՝ եթե ՀՀ նախագահն է նշանակում ծառայության ղեկավարին, ապա նրան պաշտոնից ազատելը, կարծում եմ, նախագահի գործառույթների մեջ չպետք է մտնի, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ նախագահին վերապահված չէ նման գործառույթ: Կարծում եմ, ՀՀ նախագահն ավելի լուրջ գործեր ունի անելու, քան քննիչների ղեկավարին պաշտոնի նշանակելն ու ազատելն է կամ ծառայության քննիչներին խրախուսելն ու կարգապահական տույժի ենթարկելը»:

Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նաեւ այն փաստին, որ այս ծառայությունն է վարելու ընտրական գործընթացների հետ կապված քրգործերով նախաքննությունը. «Գործընթացներ ասվածը մի քիչ լայն հասկացություն է, որն իր մեջ բավական անորոշություններ է պարունակում»:

Եվ ամենակարեւորը՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի համար ընդհանրապես անհասկանալի է հատուկ պաշտոնյաների համար քննչական խումբ ստեղծելու նպատակահարմարությունը. «Օրենքի առջեւ հավասար են բոլո՛րը: Ո՞վ է ասել, թե ինչ-որ մեկին պիտի քննեն հատուկ քննիչները, իսկ մյուսին՝ ոչ: Գոնե հանցագործության որակումով լիներ՝ ես էլի կհասկանայի: Բայց այսպես՝ այս օրենքի նախագծից բացարձակապե՛ս չի երեւում, թե պետական համակարգում՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններ, որտե՞ղ է գտնվելու այս մարմինը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել