Երեկ Կոմիտասի անվան կամերային տանը ասուլիս էին հրավիրել «Հովեր» երգչախմբի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Թալալյանը, «Կոմիտաս» քառյակի տնօրեն Արման Պադարյանը եւ Կամերային երաժշտության տան տնօրեն Անդրանիկ Հարությունյանը: Բանախոսներն անդրադարձան մի շարք թեմաների, մասնավորապես՝ «Հովեր» երգչախմբի գործունեությանն ու Կամերային երաժշտության տան վերջերս վերանորոգված երգեհոնին: 1979 թ. հոլանդական «Ֆելենտրոպ» ֆիրմայի կողմից տեղադրված՝ իր տեսակի մեջ ԽՍՀՄ-ում եզակի այդ երգեհոնը 1990-ական թվականներին դահլիճի չջեռուցվելու պատճառով հայտնվել էր անմխիթար վիճակում: Երեւանյան Բարոկկո երաժշտության փառատոնի կազմակերպիչ Արամ Թալալյանն ու այդ փառատոնի մասնակից, բրիտանացի երգեհոնահար Քրիստոֆեր Ստեմբրիջը գտան երգեհոնը փրկելու լավագույն միջոց: Նրանց շնորհիվ Գերմանիայից հրավիրվեց երգեհոն վերականգնող մասնագետ Քրիսթիան Վեգշայդերը: Նա էլ 10 օրվա ընթացքում վերականգնեց այն: Երգեհոնի վերականգնման առիթով այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն երգեհոնահար Քրիստոֆեր Ստեմբրիջը, երգչուհի Աննա Մայիլյանը, «Հովեր» երգչախումբն ու «Նարեկացի» նվագախումբը: Ա. Հարությունյանի փոխանցմամբ, ինքը զարմացած է, որ երգեհոն վերականգնող մասնագետը անվճար է վերականգնել գործիքը: «4000 մասից բաղկացած երգեհոնը փռված էր բեմով մեկ: Մտածում էի՝ ինչպե՞ս է այս մարդն աշխատում՝ չշփոթելով փոքրիկ մասնիկները: Մի օր նա ինձ ասաց, որ ուրախ է բուժել մեր հիվանդ երգեհոնը: Ես զարմացած եմ նրա երգեհոնամեծարությամբ: Երբ Քրիսթիանին ճանապարհում էինք՝ բաժակ բարձրացրեց, մտածեցի, թե հիմա կխմի երգեհոնի կամ էլ Հայաստանի համար… նա խմեց աշխարհի բոլոր երգեհոնների կենացը»,- այսպես արտահայտվեց Կամերային երաժշտության տան տնօրենը եւ հավելեց, որ վերանորոգման աշխատանքների նախաձեռնողն ու «հայրը» եղել է Արամ Թալալյանը: «Հովեր» կամերային երգչախմբի ղեկավար Ս. Հովհաննիսյանն էլ ասաց, որ 2006 թ. դեկտեմբերից սկսած տոնում են խմբի ստեղծման 15-ամյակը: «Հովերը» Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում 6 համերգով հանդես է եկել Փարիզում, Մարսելում, Նանտում, Փոնտեւրոյում եւ այլուր: Մայիսին խումբը 3 օր ելույթ է ունեցել Լեհաստանում՝ մասնակցելով «Գաուդեմատեր» հոգեւոր երաժշտության փառատոնին, այնուհետեւ շրջագայել Գերմանիայի մի շարք քաղաքներում: Երգչախումբը 15 տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ փառատոների՝ արժանանալով բարձր գնահատանքի: Երգչախումբը հաջողությամբ շարունակելով իր հյուրախաղերը՝ նոյեմբերի 2-4-ը կրկին կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու հոգեւոր երաժշտության «Լոգոս» փառատոնին: Շուտով Գերմանիայում կթողարկվի «Հովերի» «Աշխարհիկ խմբերգեր» ձայնասկավառակը, որը ընդգրկում է կոմիտասյան 30 ստեղծագործություն: