ԳԱԱ ընդհանուր ժողովում Գիտության պետական կոմիտեի գոյության վերաբերյալ տարաձայնություններ ծագեցին
Երեկ ՀՀ ԳԱԱ նախագահության մեծ դահլիճում տեղի ունեցավ ԳԱԱ ընդհանուր ժողովը, որի ընթացքում քննարկվեցին գիտական բարեփոխումներին, Գիտության պետական կոմիտեի ստեղծմանը եւ այլ խնդիրների վերաբերող հարցեր: «Լավ կլինի, որ ակադեմիայի բյուջեն հատկացված 6.6 միլիարդ դրամից ավելին լինի: Թե չէ դա պետական բյուջեի մեկ տոկոսն էլ չի կազմում»,- լրագրողներին դժգոհեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Ի՞նչ չի հաջողվել ձեզ անել հարցին նա պատասխանեց. «Ինձ չի հաջողվել ամբողջովին ավարտել ԳԱԱ ինստիտուտների եւ աշխատակիցների օպտիմալացման գործընթացը, գիտական արդյունքները տնտեսության մեջ ներդնելու կապակցությամբ աշխատանքներ տանելը, ակադեմիան երիտասարդ կադրերով համալրելը»:
Երեկվա ժողովին առաջին անգամ ընդգրկվել էին նաեւ ԳԱԱ ինստիտուտների բաժինների վարիչներն ու դոկտորները: «Վերջապես ակադեմիկոսները հասկացան, որ իրենք՝ դոկտորների ու բաժնի վարիչների հետ պիտի միասին լինեն: Թե չէ նախկինում ակադեմիկոսները մի կողմում էին, մնացած աշխատակիցները՝ մյուս»,- նկատեց Ինֆորմատիկայի պրոբլեմատիկայի ինստիտուտի դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Պողոսյանը: Ժողովի սկզբում, երբ Ռ. Մարտիրոսյանը ներկայացրեց օրակարգը, նշեց, որ ՀՀ ԳԱԱ կանոնադրության նոր նախագծի քննարկումը տեղի կունենա միայն ինստիտուտների տնօրենների եւ ակադեմիկոսների ներկայությամբ: «Առավոտին» Է. Պողոսյանն այս առիթով պարզաբանեց. «Մինչեւ վերջ գիտակցված չէ, որ դոկտորներին եւ վարիչներին պիտի ավելի խորը ընդգրկեն ակադեմիայում կատարվող գործընթացներում: Դա ավանդական մոտեցում է: Դեռ Վիկտոր Համբարձումյանի ժամանակվանից այն կար»:
Ակադեմիկոսները երեկ մտահոգված էին նաեւ Գիտության պետական կոմիտեի գոյությամբ: Ակադեմիկոս Յուրի Ալեքսանյանը քննադատեց այդ կոմիտեի կանոնադրությունը. «Հիմնադրույթներում նշված է, որ կոմիտեն ստեղծված է՝ մեր կառավարության քաղաքականությունը գիտության ոլորտում մշակելու եւ իրագործելու համար: Սակայն գիտենք, որ դեռ վերացված չէ 2000-ին ընդունված գիտության եւ գիտատեխնիկական գործունեության վերաբերյալ ԱԺ օրենքը, որով ԳԱԱ-ն համարվում է կառավարության պաշտոնական խորհրդական»: Հետո էլ հավելեց. «Ունենք երկու պետական կառույց գիտական կառավարման ոլորտում՝ ԿԳ նախարարությունն ու այս կոմիտեն: Մինչդեռ պարզ չեն նրանց խնդիրներն ու լիազորությունները»: Մի հանգամանք էլ նկատեց. «Կոմիտեի ֆինանսավորման մասին կանոնադրությունում ոչ մի խոսք չկա: Եթե որեւէ թիվ չկա գրված, ուրեմն հնչած հիմնադրույթները կկրեն միայն դեկլարատիվ բնույթ»:
ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը որոշեց իր խոսքով սրբագրել թյուրիմացությունները. «Գիտությունն ավելի կարեւորելու համար է ստեղծված այս կոմիտեն, ինչպես տարածքային կառավարման նախարարությունում՝ ջրային պետական կոմիտեն: Այն գործառույթները, որը ուներ ԿԳ նախարարությունը, այժմ տեղափոխվում են հատուկ ստեղծված պետական կոմիտե»: Ֆինանսական մասով էլ նախարարն ասաց. «Կանոնադրության մեջ ինչպե՞ս կարող է խոսք լինել կոմիտեի ֆինանսավորման մասին: Մարմնի գործունեության մասին է այնտեղ խոսվում»: