Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ապշած եմ այդ լկտիությունից»

Նոյեմբեր 01,2007 00:00

Ըստ Հրանտ Բագրատյանի, տգիտությունը սահման չունի

«Ես հստակ գիտեմ, որ արդեն տասը տարի է՝ Հայաստանում բանավեճ հնարավոր չէ: Բանավիճում են մակարդակ ունեցող մարդկանց հետ: Ես իմ գործելակերպը շարունակելու եմ: Դա շատ էական է: Ես հանդես եկա լուրջ գիտական հոդվածով, որում ընդհանրապես համաշխարհային տնտեսագիտական առումով նորություն կար: Ես միայն ցավում եմ, որ իշխանությունները՝ հանձինս Ազգային վիճակագրական ծառայության պետի, այդպիսի բարբաջանքով պատասխանեցին»,- այսպես արձագանքեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Առավոտի» դիտարկմանը՝ թե լուրջ բանավեճի հայտին ի պատասխան՝ ինքը ստացավ վիրավորանք:

«Հոկտեմբերի 26-ին ես զեկուցում եմ կարդացել ռուսական կառավարության կողմից Ժողովրդական տնտեսության ակադեմիայում կազմակերպվող տարեկան կոնֆերանսում: Իմ զեկուցումը ճանաչվեց գրեթե լավագույնը, եթե նկատի ունենանք, որ այնտեղ ռուսական կառավարության երեք փոխվարչապետներ զեկույց կարդացին, ներկա էին եվրոպական երկրների չորս նախկին վարչապետներ եւ համաշխարհային տնտեսագիտության էլիտան: Ես բոլորին զգուշացրի, որ երբ տնտեսության կառուցվածքը արագ է փոխվում, նոր ծառայություններ եւ ապրանքներ են հայտնվում, հները դուրս են գալիս, սոցիալական կենտրոնացումը շատ ուժեղ է, երբ տնտեսական աճը չի արտահայտվում արտահանման աճի մեջ՝ ապա այդ աճերը պետք է մաթեմատիկական կոռեկցիայի ենթարկվեն: Այսինքն, աճը չափելու ամերիկյան տնտեսագետներից եկող բանաձեւը իր մեջ խնդիրներ է պարունակում: Այս իրադրությունը շատ նման է ֆուտբոլի Եվրոպայի ռմբարկուի որոշմանը. երբ մեկ գոլ խփում ես Անգլիայի չեմպիոնատում, ապա Ալբանիայի չեմպիոնատում պետք է խփես երեք գոլ:

Շատ հաճախ՝ եվրոպական երկրների 2 տոկոս աճը շատ ավելին է, քան այսպիսի երկրների երկնիշ աճերը: Ոչ մի դեպքում չի կարելի նստել եւ ասել՝ թե որ էսպես գնա՝ 20-30 տարի հետո Հայաստանը կամ Ռուսաստանը կանցնեն միջին եվրոպական մակարդակը: Ավելին, հիմա մի բան էլ խորանում է մեր եւ հարուստ երկրների միջեւ եղած տարբերությունը:

Զեկույցս ուշադրությամբ լսելուց հետո Ռուսաստանում ինձ հրավիրեցին գիտական թեմա ղեկավարելու, ասելով, որ եթե մենք հասնենք նրան, որ ասվածը մաթեմատիկորեն հնարավոր լինի մինչեւ վերջ ձեւակերպելու, ապա այդ մեթոդը կկիրառեն պրակտիկայում: Ինչո՞ւ եմ այդ ամենը պատմում: Ես պարզապես ապշած եմ, որ Հայաստանում ինձ դաս են տալիս: Ապշած եմ այդ լկտիությունից, հանդգնությունից: Ես իմ գրքերից մեկում եմ գրել՝ տգիտությունը, ավաղ, սահման չունի:

Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը վերջերս Հայաստանում սկսել են բավականին բացասական դեր խաղալ՝ առանց խորանալու երեւույթների մեջ: Երբեմն տեսնում ենք՝ անպատրաստ մարդիկ գալիս են էստեղ թելադրում են: Կոնկրետ Հայաստանի պարագայում՝ մերոնք նաեւ խաբում են: Բայց եթե չխաբեին, եթե 4-5 տոկոս աճ էլ ունենային, միեւնույն է՝ էլի խնդիր կա:

Դժբախտաբար, ինձ Հայաստանից ոչ ոք չի դիմել՝ թե քո գիտական հետազոտությունների շրջանակներում, պարոն Բագրատյան, գուցե գաս մեկ անգամ մեզ դասախոսություն կարդաս: Ես մեծ հաճույքով պատրաստ եմ նախագահականից մինչեւ կառավարություն՝ հանդես գալ այդ նույն դասախոսությամբ, որով հանդես եմ եկել ռուսական կառավարության կազմակերպած կոնֆերանսում»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել