Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐՆ ՕԴԻՑ ԳԻ՞Ն ԵՆ ՈՐՈՇՈՒՄ

Նոյեմբեր 01,2007 00:00

\"\"Ներկրողները դժգոհում են, որ մաքսայինի աշխատակիցները գումարներ գրպանելու համար իրենց մշտապես «քաշում» են:

Մեր երկրում մաքսային քաղաքականությունից դժգոհ են գրեթե բոլոր մանր ու միջին ներկրողները, որոնք ամեն անգամ ապրանք ներմուծելիս, ուզեն թե չուզեն, շփվում են մաքսավորների հետ ու բախվում մի շարք խնդիրների: Ներկրողների ներկայացմամբ՝ ապրանքը ներմուծելիս իրենք, որպես կանոն, բազմաթիվ փաստաթղթեր են ներկայացնում մաքսակետում: Այդ փաստաթղթերի մեջ պարտադիր է նաեւ ներկայացնել հաշիվ-ապրանքագիրը, ապրանքը մինչեւ ՀՀ մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, ապահովագրման եւ այլ փաստաթղթեր, որով էլ պիտի որոշվի մաքսային արժեքը: «Ես արդեն 10 տարուց ավելի է՝ դեղորայք եւ դեղամիջոցներ եմ ներկրում ու ամեն անգամ ապրանքը մաքսազերծելիս լուրջ խնդիրների առաջ եմ կանգնում: Ներմուծելիս երբ ներկայացնում եմ հաշիվ-ապրանքագիրը, որը ներմուծման գինն է, մաքսայինում դա հիմք չեն ընդունում, իրենք իրենց ուզած գինն են սահմանում՝ որպես մաքսային արժեք»,- «Առավոտին» պատմեց Կարեն Աբրահամյանը: Նրա ներկայացմամբ՝ իրենց ընկերությունը (անունը չենք նշում, որպեսզի հետագայում մաքսայինի հետ խնդիրներ չունենան) համագործակցում է միջազգային ընկերության հետ, որը ներկայացուցչություն ունի Հայաստանում եւ պարտադիր հաշվետվություն է ներկայացնում եվրոպական ֆիրմային, թե ինչ գնով է մաքսազերծել ապրանքը, ինչքան է վաճառվել եւ այլն. «Մենք ոչ մի կերպ չենք կարողանում բացատրել մեր գլխավոր ֆիրմային, թե ինչու են Հայաստանում մաքսային արժեքը իրենց կամքով հաշվում, այլ ոչ թե գործարքի գնով: Մեզ ասում են՝ ձեր երկիրը չի՞ կարող ստուգել, թե ինչ գնով եք գործարքը կատարել, որպեսզի ավելի չհաշվեն: Երբ նույնը մեր մաքսայինում ենք ասում, մեզ բանի տեղ չեն դնում: Հայերին թվում է, թե հանգիստ կարելի է իրենց ուզած գինը նկարել հաշիվ-ապրանքագրում»:

Կ. Աբրահամյանը միակ ներկրողը չէ, որ դժգոհում է մաքսայինի աշխատանքից: Նարեկ Սարգսյանն էլ համակարգչային եւ էլեկտրական տեխնիկա է ներկրում: Նրա պատմելով՝ 6 ամիսը մեկ ապրանք է բերում Հայաստան. «Ամեն անգամ, երբ ներկայացնում եմ ինվոյսը, մաքսայինի աշխատողներն իմ ներկայացրած թվերը հաշվի չեն առնում՝ պատճառաբանելով, թե ես չեմ կարող այդքան էժան գնով ապրանք ձեռք բերել ու հաշվում են իրենց ուզած գներով, իրենց ասած՝ հսկիչ գներով: Որ ասում եմ՝ հարցում արեք տվյալ ֆիրմայից ու ճշտեք, թե ինչքան է գործարքի գինը, ինձ ասում են, իբր ես կարող է իրենց հետ համաձայնեցրած լինեմ, ու դա անում եմ, որ մաքսազերծումը էժան նստի ինձ վրա: Չեն հասկանում, որ մենք սուտի մանր-մունր թուրքական կամ էլ անհայտ ֆիրմաների հետ չենք աշխատում, որ ըտենց գործարք արվի: Թող նման ֆիրմաներին ստուգելու համար մաքսայինը մեթոդներ ձեռնարկի, ոչ թե իրենց գրպանները լցնելու համար մեր նմաններից փող պոկի»:

Այս առնչությամբ Եվրախորհրդի հետ համագործակցության եւ առեւտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ Վահագն Ղազարյանը «Առավոտին» պարզաբանեց. «Եթե ես հիմնավորում եմ, որ այս գնով եմ բերել ապրանքը եւ դա միջազգային ընկերություն է, դա կարող է հիմք լինել: Եթե մաքսային մարմինների կողմից կասկած է առաջանում փաստաթղթերի արժանահավատության վերաբերյալ, ապա մաքսի գինը որոշվում է ինքնուրույն, բայց դա չի նշանակում, որ նրանք իրավունք ունեն գինը որոշել օդից կամ չհիմնավորված»: Ղազարյանի խոսքերով՝ գները ճշտելու համար մի քանի մեթոդներ կան, սակայն այդ մեթոդները կիրառում են միայն այն դեպքում, եթե ներմուծողի կողմից ներկայացրած փաստաթղթերը անարժանահավատ են. «Օրինակ՝ Ֆրանսիայից այսօր բերել են 1000 մկնիկ, ինձ համար մաքսային արժեքը գործարքի գինն է, ինձանից մեկ շաբաթ հետո նույն մկնիկից, մոտավորապես նույն երկրից մեկ ուրիշն է բերում մոտ նույն քանակությամբ եւ մաքսային մարմնին ցույց չի տալիս ապրանքի արժեքի որոշման մասին փաստաթղթեր, այդ ժամանակ մաքսայինն իր բազայի մեջ փնտրում է ու ասում, որ 4 շաբաթ առաջ էսինչը բերել է նմանատիպ ապրանք, բայց՝ մեկ այլ գնով, ուրեմն՝ մաքսայինը ինքն է գինը որոշում»: Մաքսային պետական կոմիտեի սակագնային կարգավորման բաժնի պետ Ալբերտ Հարությունյանն էլ «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ գները ճշտելու մեթոդը կիրառվում է այն դեպքում, երբ ներկրողը օրենքով հաստատված փաստաթղթերից ուրեւէ մեկը չի ներկայացնում, կամ այդ հաշիվ-ապրանքագիրը հավաստի չի լինում: Մեր այն դիտարկմանը, որ մաքսավորը, բացի օլիգարխներից, գրեթե բոլոր ներկրողների ներկայացրած հաշիվ-ապրանքագրերը կասկածի տակ կարող է դնել ու իր հսկիչ գինը կիրառել, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Հնարավոր է մաքսավորը անբարեխիղճ լինի, բայց եթե ներկրողը ըստ օրենքի է գործում եւ ներկայացնում է բոլոր պահանջվող փաստաթղթերը, իսկ մաքսավորը գործարքի գնով չի մաքսազերծում՝ ուրեմն դա օրենքի խախտում է, գործարարը կարող է դիմել մաքսայինի վերադաս մարմիններին կամ դատարան»: Նկատենք, որ դատարան դիմելը ներկրողները հարցի լուծում չեն համարում, քանի որ աչքի առաջ ունեն սուրճ ներկրող «Ռոյալ Արմենիայի» հայտնի գործը:

Պարոն Հարությունյանի հավաստմամբ՝ շատ են լինում դեպքեր, երբ ներկրողները սխալ թվեր են ներկայացնում հաշիվ-ապրանքագրում եւ դա հիմնականում կատարվում է Արաբական երկրներից, Թուրքիայից, Չինաստանից կամ ԱՊՀ երկրներից ապրանք ներկրելու ժամանակ: Ա. Հարությունյանի պատմելով՝ եղել է դեպք, երբ Արաբական Էմիրություններից տեսամագնիտոֆոն են ներկրել եւ հաշիվ-ապրանքագրում ներկայացրել հատը՝ 2 դոլար, սա այն դեպքն է, որ գործարքի գնով հնարավոր չէ մաքսազերծել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել