Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՁԵՐԸ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԵՆ

Նոյեմբեր 01,2007 00:00

Իր վերջին ասուլիսում ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը նշեց. «Առաջին հերթին պիտի խոսել անելիքների եւ երկրի առջեւ կանգնած խնդիրների մասին, հետո նոր միայն քննարկել՝ այս կամ այն անձն ի վիճակի՞ է արդյունավետ լուծել այդ խնդիրները:

Մեզանում, ցավոք սրտի, դա գրեթե իսպառ բացակայում է: Առաջին պլանում միայն անձերի խնդիրներն են»:

«Առավոտն» այս կապակցությամբ պրն Քոչարյանին հարց ուղղեց՝ «Ձեր քաղաքական գործունեության տարբեր փուլերում պաշտպանել եք Վազգեն Մանուկյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին (նրա թեկնածությունը նախագահական ընտրություններում պաշտպանելու հնարավորության մասին ԱԺԿ-ն հայտարարել էր 2002-ի դեկտեմբերի 21-ին կայացած համագումարում.- Ա. Ի.), հետո Ստեփան Դեմիրճյանին: Իսկ այժմ մասնակցում եք Պարույր Հայրիկյանի նախաձեռնած հավաքներին, որոնց ֆավորիտն, ակնհայտորեն, Արտաշես Գեղամյանն է: Արդյոք այս բոլոր անձանց նախապատվություն տալու ժամանակ առաջնորդվել եք Ձեր մատնանշած չափանիշներո՞վ: Եվ արդյոք այդ գործիչները շեշտադրո՞ւմ էին այն խնդիրները, որոնք կարեւորում եք»: ԱԺԿ նախագահն ի պատասխան ասաց. «Համենայնդեպս՝ այդ ուղղությամբ եղել են շատ հստակ ե՛ւ քայլեր, ե՛ւ հայտարարություններ: Բնական է, որ դա եղել է ԱԺՄ-ի դեպքում: Այդպես էր նաեւ «Արդարություն» դաշինքի դեպքում՝ խոսքս համակարգային բարեփոխումների ձողի մասին է: Այլ բան է, որ հետո դաշինքը շուռ եկավ դրանից՝ սահմանադրական փոփոխությունների կամ «Ընտրական օրենսգրքի» հարցում: «ԸՕ» պատրաստի նախագիծ կար, բայց այն մի կողմ թողնելով՝ միացան իշխանության տարբերակին: Այնուամենայնիվ, մենք երբեք առանց այդ բոլոր հարցերը հստակեցնելու չենք պաշտպանել որեւէ մեկին: Եվ մենք երբեք չենք սատարել անձերին: Երբե՛ք: Մեր խնդիրն այլ է եղել: Ավելին ասեմ. ինձ երբեմն ասում են՝ 1996-ին Վազգեն Մանուկյանի համար գնացիր ԱԺ եւ այլն: Ո՛չ: Ես ժողովրդի համար եմ գնացել, քանի որ ժողովուրդը քվե էր տվել: Նույնը վերաբերում է նաեւ 2004-ի ապրիլի 12-ին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել