Դրանում է Ազատ Արշակյանը այսօր տեսնում իր առաքելությունը
«Ես մտածում եմ այն երկտողի մասին, որը պիտի գրվի տապանաքարիս վրա. «Աստ հանգչի ժողովրդավարության, անկախության մարտիկը»: Չէ, բայց կուզեի, որ դրանց ավելանար նաեւ «խաղաղության» բառը: Խաղաղություն եմ ուզում: Դա ավելի լուրջ գործ է, քան պատերազմն էր: Խաղաղության համար ավելի շատ խելք է հարկավոր, քան պատերազմի համար էր պետք»,- այսպես պատասխանեց 1990-ականների հայտնի քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն «Առավոտի» հարցին՝ թե ինչո՞վ է հիմա ինքը զբաղված: Քաղաքականություն՝ քաղաքական գործչի կարգավիճակով, պարոն Արշակյանը չի վերադառնա, քանի որ իր քաղաքական կարիերան ավարտված է համարում: Իսկ քաղաքականությունում կլինի այնքանով, որքանով կպահանջվի ակտիվ քաղաքացուց: Մասնավորաբար՝ մեր զրուցակիցը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանող քաղաքացիական նախաձեռնության խմբում է եւ պատրաստ է առավելագույն ներդրումների: Իսկ Տեր-Պետրոսյանին պաշտպանելու համար պարոն Արշակյանն «անձնական շահագրգռություն» ունի՝ «Կա մի շատ կարեւոր բան, որն ինձ սրտամոտ է, եւ ես իմ առաքելությունը կհամարեմ ավարտված՝ հենց դա կարողանամ կատարել: Որոշ իմաստով ես դա համարում եմ նաեւ Տեր-Պետրոսյանի առաքելությունը: Դա խաղաղությունն է. Հայաստանում խաղաղություն հաստատել, իսկ Տեր-Պետրոսյանը հիմա է խոստանում դա անել, այլ ոչ թե թողնել սերունդներին: Եթե այսօր Տեր-Պետրոսյանը չգար, գար մեկ այլ քաղաքական գործիչ, ով կհայտարարեր, որ ինքը խաղաղության կողմնակից է եւ գործուն քայլեր է անելու Հայաստանում խաղաղություն հաստատելու համար, ես նրան կպաշտպանեի: Ես խաղաղություն եմ ուզում, որ մեր հետնորդները չդառնան թնդանոթի միս: Իմ կյանքն անցել է պայքարի մեջ, ես ուզում եմ, որ պայքարը լինի մինչեւ իմ վերջը: Մեր սերունդը պայքարեց ազատության, ժողովրդավարության, անկախության համար, ու հաջողություններն ակնհայտ են: Բայց մեր կյանքի ռեսուրսներն ավարտվում են ու ժառանգություն պիտի թողնենք: Ժառանգությունը լինելու է կիսատ գործ՝ չավարտված պատերազմ: Մինչդեռ ես սերունդներին ուզում եմ թողնել պայքար՝ բարեկեցիկ կյանքի, սիրո, գիտության, առաջընթացի համար»: Իսկ կոռուպցիան, կաշառակերությունը եւ նման այլ արատավոր երեւույթնե՞րը՝ «Առավոտի» նկատառմանն ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Մի քիչ շուտ, մի քիչ ուշ՝ ամեն ինչ իր տեղը կընկնի: Ես դրա համար կյանքս չեմ դնի»:
Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում մեր զրուցակիցը Տեր-Պետրոսյանի առաջադրմանը՝ իշխանությունների արձագանքին: «Ես զարմացած եմ,- ասում է նա ու հիմնավորում։- Ռոտացիա է տեղի ունենում: Տասը տարի նրանք իշխանություն ունեն. արդեն պետք է հեռանան: Անտիկ աշխարհում քրմերը, հոգեւորականները, ժամանակակից աշխարհում՝ քաղաքագետները, սահմանադիրները հասկացել են, որ առավելագույնը տասը տարին է: Դրանից հետո սկսվում է լճացումը: Փոփոխություն է պետք: Տասը տարին բավարար ժամանակ է՝ հոգնելու, հագենալու, մեզ հոգնեցնելու համար: Փոփոխություն է պետք: Պիտի հեռանան: Ինչո՞ւ են դուռը շրխկացնելով հեռանում: Թող հանդարտվեն, հանձնեն ու գան մեզ՝ նախկիններիս մոտ»: Մեր զրուցակիցը չի բարդույթավորվում, որ ինքը նախկին քաղաքական գործիչ է, նախկին իշխանավոր է: Ավելին՝ «Հիմա ինձ ոչ ոք չի կարող հենց այնպես հայհոյել, իսկ այն ժամանակ պարտավոր էի լռել: Տասը տարի հայհոյել են իշխանություններին՝ բավական է, էլի»:
Իսկ Տեր-Պետրոսյանի հրապարակած, այսպես կոչված՝ «սեւ ցուցակին» ինչպե՞ս է վերաբերվում պարոն Արշակյանը. «Ով ինչ անում է, կստանա դրա արդյունքը: Յուրաքանչյուրը հիմա պատրաստում է իր ապագան: Կան մարդիկ, ովքեր հանցանք են գործում: Նրանցով, բնականաբար, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն»: