Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԸ ԷՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՆ

Նոյեմբեր 01,2007 00:00

\"\"Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը զբաղվում է նաեւ գիտական ուսումնասիրություններով

– Բյուջեով մարզին հատկացված գումարը ձեզ բավարարո՞ւմ է:

– Իհարկե՝ չի բավարարում:

– Ինչքա՞ն է տրված եւ ինչի՞ վրա եք ծախսում:

– Տարբեր, կրթական համակարգը, առողջապահությունը եւ կապիտալ շինարարությունը տարբեր հոդվածներ են, եւ, բնականաբար, կրթական համակարգը ամբողջությամբ տրամադրվում է ֆինանսների նախարարության կողմից, մենք վերահսկում ենք գումարները, նույնը՝ առողջապահության բնագավառը, իսկ կապիտալ շինարարության առումով եւ անցած տարի, եւ այս տարի որոշակի դժգոհություն կա, այսինքն՝ գումարը քիչ է, ունենք բավականին դպրոցներ, որ վերանորոգման կարիք ունեն:

– Ձեր մարզում ինչպիսի՞ քաղաքական իրավիճակ է, նկատի ունեմ, ո՞ր կուսակցություններն են ակտիվ:

– Հանրապետական կուսակցությունն է ակտիվ, իսկ ընդհանուր՝ նորմալ, շատ հանգիստ է, շատ խաղաղ է, լարվածություն չկա:

– Հանրապետականի այդ ակտիվությունը ինչպե՞ս է դրսեւորվում:

– Սյունեցիները էությամբ հանրապետական են, ցեղակրոնությունը Սյունիքից է դուրս եկել, դրա համար էլ իրենք իրենց սկզբունքն ունեն: Այսօր ցեղակրոն գաղափարախոսությունը կրում է Հանրապետական կուսակցությունը, սյունեցիներն էլ էդքանը պատկերացնելով՝ այդ կուսակցության նկատմամբ ունեն ընդգծված հատուկ վերաբերմունք:

– Իսկ եթե Հանրապետականը իշխանություն չլիներ, դարձյա՞լ ընդգծված հատուկ վերաբերմունք կլիներ:

– Ոչ թե էսօր, այլ միշտ էլ էս վերջին տարիներին, էս տասը տարիների ընթացքում Հանրապետական կուսակցությունը ակտիվ է եղել եւ միշտ էլ տոկոսային առումով ավելի բարձր է եղել, քան մնացած կուսակցությունները:

– Առաջին նախագահը հայտարարեց, որ առաջադրվելու է նախագահի թեկնածու, երեւանյան այս տրամադրությունները ինչպե՞ս են ազդում Սյունիքի եւ անձամբ ձեզ վրա՝ որպես մարզպետ:

– Կոնկրետ չգիտեմ էլ՝ առաջադրվելու, թե չի առաջադրվելու։

– Կոնկրետ ասաց, որ առաջադրվելու է։

– Դե որ կառաջադրվի, ժամանակը ցույց կտա, ընտրությունների արդյունքով կերեւա, սյունեցիներն իրենց վերաբերմունքը պետք է ընտրություններով արտահայտեն, ես ի՞նչ կարող եմ ասել:

– Իսկ անհանգիստ չե՞ք: Հենց Սյունիքում չկա՞ն մարդիկ, որ կողմ են եւ ՀՀՇ-ին, եւ Տեր-Պետրոսյանին, ու դա կարող է իրավիճակ փոխել:

– Չեմ կարծում եւ համոզված եմ, որ հանրապետականները, ինչպես վերջին տարիներին, այս ընտրություններում էլ իրենք իրենց գործը կանեն, ընտրություններում տոկոսային առումով բավականին բարձր տեղ կունենան, էդ մեկում համոզված եմ:

– Որպես մարզպետ՝ անհանգստություն չունե՞նք նախընտրական շրջանի եւ ընտրությունների հետ կապված:

– Չգիտեմ որտեղ ոնց, բայց Սյունիքում շատ հանգիստ է, ընտրությունների ավարտը կլինի առանց որեւէ լարվածության, եւ համոզված եմ, Սյունիքում Հանրապետական կուսակցությունը իր խոսքը կասի ընտրություններում, եւ արդյունքում կտեսնեք, որ իսկապես նախագահական ընտրություններում Սյունիքը ամենահամերաշխ, ամենախաղաղ, ամենաթափանցիկ, ամենամաքուր ընտրություններով իր խոսքը կասի, ժողովուրդը իր վերաբերմունքը ցույց կտա:

– Խորհրդարանական ընտրություններում Հանրապետականը կարծեմ 50 տոկոս ձայն էր ստացել ձեր մարզից, նախագահականի համար է՞լ եք նույնքան նախատեսել, թե՞ այս անգամ ավելին եք անելու:

– Հանրապետականի թեկնածուն մի քիչ էլ ավելին կհավաքի:

– Կարծեմ՝ դուք ինչ-որ գրքեր եք գրում, ինչի՞ մասին է վերջին գիրքը:

– Արդեն գրել եմ, «Լեռնահայաստան»-ն է, ամբողջ Սյունիքի պատմությունն է՝ 17-21 թվերը: Ներկայացրել ենք պատմության ինստիտուտին, իր գնահատականն է տվել, դա ավելի շատ գիտական թեմա է, ասեմ, իմանաք, եւ խնդիրը նա է, որ սյունեցի երեխեքը իմանան 17-20 թվականներին Սյունիքում կատարվածը, ուրիշ գիրք առայժմ չեմ գրել, չեմ հասցնում, որովհետեւ իսկապես դժվար է ժամանակի առումով, ցանկություն կա, կգրենք 60 տարեկանից հետո:

– Իսկ բանաստեղծություններ չե՞ք գրում:

– Չէ, չեմ գրել:

– Ինչո՞ւ:

– Դ ե, Համո Սահյանից հետո Սյունիքում չի կարելի բանաստեղծություն գրել, Համո Սահյանը էնքան քաղցր բանաստեղծություններ ունի գրած, որ չի էլ կարելի նրանից հետո Սյունիքում փորձել բանաստեղծություն գրել, եւ պլյուս դրան՝ կա Գուսան Աշոտ, որը ոչ միայն գուսան է, նաեւ բանաստեղծ է, խորը փիլիսոփա, նրանցից հետո գրելն անիմաստ կլինի, անլուրջ կլինի:

– Անձամբ Սուրեն Խաչատրյանի ցեղակրոնությունը ինչպե՞ս է արտահայտվում:

– Մի քանի անգամ առիթ եմ ունեցել այդ հարցերին պատասխանել, երեւի շատ քչերն են հնարավորությունը ունեցել խորհրդային տարիներին: Ես ապրում էի Զապորոժիեում, շատ մեծ հնարավորություններ ունեի, եւ 88 թվականին էդ ամեն ինչը թողնել-վերադառնալը եւ մեծ քանակությամբ անձնական գումարներով զենք-զինամթերք գնել-բերելը եւ հետն էլ միասին գնալ սահման, առաջին գիծ, կարծում եմ, դա բավարար է, որ իսկապես իմանան, որ իմ մեջ կա այդ ցեղակրոնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել