Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱԴՐՎՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Նոյեմբեր 01,2007 00:00

\"\"Առայժմ միայն այն ժամանակ, երբ խոսքն ընդդիմադիրների նախաձեռնությունների մասին է

Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա կողմնակիցներին առնչվող անցած շաբաթվա իրադարձությունները հետին պլան մղեցին մեկ այլ՝ ոչ պակաս ուշագրավ փաստ: Խորհրդարանական մեծամասնությունը հոկտեմբերի 22-ի նիստի օրակարգում մերժեց ներառել «Օրինաց երկիր» խմբակցության անդամների առաջարկած երկու օրինագծեր, որոնցից մեկը՝ «ԱԺ-ի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախաձեռնությունը, ստացել էր կառավարության դրական եզրակացությունը՝ վարչապետ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ: Նկատենք, որ ՕԵԿ-ի 50-ից ավելի օրենսդրական նախաձեռնություններից հազիվ մի քանիսն են արժանացել կառավարության դրական եզրակացությանը, եւ դրանցից մեկն էլ ահա մերժեց քննարկել ԱԺ-ն:

Եվ սա միակ օրինակը չէ: ՕԵԿ խմբակցությունը նաեւ առաջարկել է փոփոխություն կատարել «Քրեական օրենսգրքում» եւ ուժը կորցրած ճանաչել 318-րդ հոդվածը՝ «Իշխանության ներկայացուցչին վիրավորելը»: Հիշեցնենք, որ ըստ այդ հոդվածի՝ «Իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 200-ապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ 6 ամսից 1 տարի ժամկետով»: Իսկ նույն արարքը, որը դրսեւորվել է հրապարակային ելույթներով, ԶԼՄ-ներով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 400-ապատիկի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Նախաձեռնության հիմնավորման մեջ ՕԵԿ անդամները հիշեցրել են, որ 318 հոդվածի անընդունելի լինելու մասին միջազգային փորձագետները խոսում են վաղուց, «քանի որ այդ հոդվածով իշխանության ներկայացուցիչները վեր են դասվում շարքային քաղաքացիներից, այսինքն՝ խախտվում է օրենքի առջեւ բոլորի հավասար լինելու սկզբունքը»:

Օրերս ստացվել է կառավարության եզրակացությունը օրինագծի վերաբերյալ, թե սկզբունքային առարկություններ չունեն: Սակայն ԱԺ օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունը իր եզրակացության մեջ անհիմն է համարել այս նախաձեռնությունը, մասնավորապես նշելով, թե «հանցագործությունները որակելիս (գնահատական տալիս) կարեւոր դեր ունի հանցագործության (ոտնձգության) օբյեկտը», եւ 318-րդ հոդվածով «նախատեսված հանցագործության հիմնական օբյեկտ է համարվում կառավարման կարգը, իսկ որպես լրացուցիչ օբյեկտ՝ անձի պատիվն ու արժանապատվությունն է»: Եզրակացության մեջ նաեւ նշված է, որ իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար պատասխանատվություն է սահմանված նաեւ ԳԴՀ-ի, ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Լիտվայի, Բուլղարիայի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Հոլանդիայի, Ռումինիայի եւ մի շարք այլ երկրների քրեական օրենսգրքերում:

Մեր խնդրանքով մեկնաբանելով այս փաստը, որ ԱԺ-ն սկսել է հակադրվել կառավարության տեսակետներին՝ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց. «Մեզ զարմացրեց, որ խորհրդարանական մեծամասնությունը, որը ձեւավորել է կառավարությունը, դեմ է վարչապետի ուղարկած եզրակացությանը: Այսինքն, կառավարությունը նպատակահարմար է գտնում, որ մեր նախաձեռնությունը քննարկման առարկա դառնա, իսկ ԱԺ մեծամասնությունը նույնիսկ դա նպատակահարմար չի համարում: Իսկ 318 հոդվածի կապակցությամբ մենք ի վերջո կարողացանք կառավարության ներկայացուցչին համոզել, թե չարժե տարանջատված մոտեցումներ ցուցաբերել հասարակ քաղաքացուն եւ իշխանության ներկայացուցչին հասցված վիրավորանքի նկատմամբ: Վիրավորանք է հասցվում անձին, այլ ոչ թե պաշտոնին. յուրաքանչյուր պաշտոնյա նախ անձ է, հետո նոր՝ իշխանության ներկայացուցիչ: Այս նախաձեռնությունը կառավարության դրական եզրակացությանն է արժանացել, բայց այժմ չգիտեմ, թե ինչ մոտեցում կցուցաբերվի քննարկման ընթացքում: Միգուցե սրա՞ն էլ դեմ լինի այս ԱԺ-ն, որտեղ զարմանալի բաներ են տեղի ունենում: Այս ամենի պատճառը, իմ կարծիքով, նաեւ այն է, որ շատ հաճախ չեն կարողանում բովանդակության մեջ խորանալ: Ասենք, մեր մի նախագիծը՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, որը մերժեցին օրակարգում ներառել, անգամ չէին բաժանել: Իսկ պատգամավորը գոնե պիտի տեղյակ լինի, թե ի՛նչ է քվեարկում, ինչի՛ մասին է խոսքը»:

Նաեւ այս բացը լրացնելու նպատակով էր նախորդ քառօրյայում ՕԵԿ-ը 20 րոպեանոց ընդմիջումներ խնդրել՝ արժանանալով ԱԺ խոսնակի կշտամբանքին: Հովհաննես Մարգարյանն այս կապակցությամբ ասաց. «ԱԺ նախագահը պարբերաբար փորձեր է անում վերլուծել ու պարզաբանել պատգամավորների հարցադրումները: Ինձ թվում է, օրենսդրությամբ սահմանված չէ նման իրավունք: Եվ սա արդեն տեղիք է տվել, որ մի շարք նիստերի ընթացքում առաջանան արհեստածին բախումներ: Ինձ թվում է, սա հարիր չէ ո՛չ ԱԺ նախագահին, ո՛չ էլ պատգամավորին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել