Հոկտեմբերի 23-ին խաղաղ քայլերթը լուսաբանող «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը դեռ օրեր առաջ էր հայտարարել, որ դեմքով ճանաչում է իր գլխին հարվածող ոստիկաններից մեկին: Այդ ոստիկանը (լուսանկարում) ՀՀ ոստիկանության պարեկապահակային վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանն է, ով առաջին անգամ չէ, որ ակտիվորեն մասնակցում է խաղաղ երթերը «ճնշելուն» ուղղված եւ սադրանքներ հրահրող գործողություններին: Բայց Գոհար Վեզիրյանը այդ օրը տեղի ունեցած միջադեպի փաստի առիթով հարուցված քրգործով ճանաչվել է ոչ թե տուժող, այլ՝ ընդամենը վկա: Իսկ Արայիկ Պետրոսյանը իր գործողությունների համար դեռեւս պատասխանատվության չի ենթարկվել: Հիշեցնենք, որ նույն օրը շտապօգնության բժիշկների նախնական եզրակացությամբ՝ լրագրողը ուղեղի ցնցում է ստացել: