Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԵԼԱՌՈՒՍՅԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբեր 31,2007 00:00

Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին ներկա էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, Փարաջանովի անվան տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը եւ այլք: Թեման՝ հայ մշակույթի օրերն էին Բելառուսում: 2003 թ. Հայաստանի ու Բելառուսի մշակույթի նախարարությունների միջեւ ստորագրվել էր ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի եւ Բելառուսի մշակույթի նախարարությունների միջեւ «Մշակույթի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր», որից հետո, 2004 թ.՝ գործողությունների հստակ ծրագիր՝ նախատեսված 2005-2007 թթ. համար: Արդյունքում՝ 2005 թ. Հայաստանում անցկացվեցին Բելառուսի մշակույթի օրեր, իսկ այս տարի հոկտեմբերի 22-28-ին՝ Հայ մշակույթի օրեր Բելառուսում: Բելառուս մեկնած պատվիրակության անդամների փոխանցմամբ, այնտեղ ներկայացված ծրագիրը եղել է բազմաժանր ու հագեցած: Ընդգրկված են եղել ոչ միայն պետական համույթներ ու խմբեր, այլեւ Մինսկի հայ համայնքում գործող «Էրեբունի» պարային խումբը: Հ. Պողոսյանի խոսքերով, հայկական արվեստը բարձր է գնահատվել ոչ միայն տեղի հայերի, այլեւ բելառուսցիների կողմից: «Կարծում եմ, մեր հաջորդ համագործակցությունը պետք է լինի ազգագրության ոլորտում, որովհետեւ բելառուսներից սովորելու շատ բան ունենք»,- ասաց նախարարը եւ փաստեց, որ մեր Ազգագրության թանգարանը ոչ մի կերպ չի առնչվում գիտության հետ: Ա. Երնջակյանի փոխանցմամբ, Կամերային թատրոնի դերասանները Բելառուսում հանդես են եկել «Կաբարե» ներկայացմամբ: Նրա խոսքերով՝ ընդունելությունը շատ ջերմ էր ու անկեղծ: Բելառուսում հայ արվեստը ներկայացրել է նաեւ Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը: Վերջինս հանդիպում է ունեցել նաեւ Բելառուսի պետական երաժշտական ակադեմիայի ուսանողների հետ: Միջոցառումների շրջանակներում Բելառուսի պատմության եւ մշակույթի ազգային թատրոնում այդ օրերին բացվել էր Սերգեյ Փարաջանովի կոլաժների ցուցահանդեսը, իսկ Մինսկի «Ռակետա» կինոթատրոնում ցուցադրվել Փարաջանովի մասին պատմող «Ես մահացել եմ, երբ մանուկ էի» ֆիլմը: Հ. Պողոսյանը հանդիպումներ է ունեցել Բելառուսի մշակույթի նախարար Վլադիմիր Մատվեյչուկի, տեղի պառլամենտի կրթության եւ մշակույթի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վ. Զդանովիչի, Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի, Բելառուսի մշակույթի գործիչների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել