Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարապետյանը չկա, կեցցե՛ Կարապետյանը

Հոկտեմբեր 31,2007 00:00

\"\"Գագիկ Կարապետյանից հետո Պարի պետականը չունի գեղարվեստական ղեկավար, իսկ նրա պաշտոնի մի մասն անցել է Ասատուր Կարապետյանին:

Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլի համար 2008թ. հոբելյանական է. լրանում է կոլեկտիվի հիմնադրման 50 տարին: Անցած տարիների ընթացքում արտերկրում հայկական պարին ծանոթացել են հիմնականում հենց այս պարախմբի բարձրարվեստ կատարումների շնորհիվ: Վերջին տարիներին կոլեկտիվի անունը սկսեց հոլովվել ավելի շատ կապված ղեկավարների փոփոխության ու պաշտոնին հավակնություններ ունեցողների հետ, ինչին ժամանակ առ ժամանակ անդրադարձել է մեր օրաթերթը: Հիշեցնենք, որ 2007թ. ապրիլի 11-ից անսամբլի տնօրենն է Էրիկ Չանչուրյանը, որն էլ հրավիրել է աշխատանքի՝ պարարվեստի ոլորտում ճանաչված անուն Ասատուր Կարապետյանին՝ որպես գլխավոր բալետմայստեր: Վերջինս 1995-2005թթ. աշխատել է որպես պարի պետականի փորձավար, բալետմայստեր:

Օրերս Ազգային օպերային թատրոնում կայացավ պարի պետական անսամբլի հերթական մենահամերգը: Ա. Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ ձեզ հասել է հարուստ ժառանգություն, այն է՝ Իլյա Արբատովի, Վանուշ Խանամիրյանի եւ պարարվեստի մյուս երախտավորների բեմադրությունները, դուք ինչո՞վ եք հարստացնում կոլեկտիվի պարացանկը: Պարոն Կարապետյանը պատասխանեց. «Այսօր էլ համերգային ծրագրերում ընդգրկված են Արբատովի «Հովիվները», խանամիրյանական բեմադրությունները՝ «Սուսերով պար», «Էնզելի», մեր անսամբլի այցեքարտը հանդիսացող «Բերդ» պարերը, Գագիկ Կարապետյանի, Փայլակ Սարգսյանի բեմադրությունները եւ այլն:

1995-2005թթ. ընթացքում ինքս իրականացրել եմ մի շարք բեմադրություններ, այդ թվում՝ «Սայաթ-Նովա», Խաչատրյանի երաժշտությամբ «Սյուիտ», կոմպոզիտոր Մանասյանի «Գարնանային անուրջները», «Կոմիտասյան մտորումներ», ազգագրական պարերի շարք, Մնացականյանի «Հին ու նոր Երեւան», վերջին համերգում կայացավ ժողովրդական երաժշտությամբ «Զուռնի տրնգիի» առաջին բեմելը»: Գլխավոր բալետմայստերը հավելեց նաեւ, որ առաջիկայում պատրաստվում է հրավիրել ՌԴ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված բալետմայստեր ու բեմադրիչ Մաքսիմ Մարտիրոսյանին՝ բեմադրելու նոր համար. «Յուրաքանչյուր մշակութային կոլեկտիվում ձեռագրերի տարբերություն է անհրաժեշտ ու նաեւ դրանով է պայմանավորված կոլեկտիվի հաջողությունը: Այս ամիսների ընթացքում 4 պարի համար պատրաստվել է 40 կոստյում՝ աքսեսուարներով, եւս 20-ը կարվում է»:

Դիտարկմանը, չգիտես ինչու, 21-րդ դարում խոսվում է, թե ինչպիսին պետք է լինի իսկական հայկական պարը եւ քննադատվում պարի պետականի որոշ համարներ, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Ասեկոսեներ տարածողները, հենց թեկուզ մեր ոլորտում, չկայացած մարդիկ են: Նրանք ուրիշի աշխատանքը փնովելու գնով ինքնագովազդով են զբաղվում: Այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս լինել մեր մենահամերգներին, որոնք անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, իսկ գնահատականները թողնում եմ իրենց խղճին»:

«Առավոտը» մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ շուրջ 6 ամիս չի լուծվում պարի պետականի գեղարվեստական ղեկավարի նշանակման հարցը: Հիշեցնենք, որ անսամբլի նախկին գեղարվեստական ղեկավար ու գլխավոր բալետմայստեր Գագիկ Կարապետյանի ու Էրիկ Չանչուրյանի «ջուրը» մի առվով չէր հոսում, ինչի արդյունքում Գ. Կարապետյանը իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից, այլապես Է. Չանչուրյանը կազատեր նրան՝ ըստ ՊՈԱԿ օրենքով ունեցած լիազորությունների:

Ինչպես եւ սպասվում էր, նախարարությունից հայտնեցին, որ այդ հարցի լուծումը կախված է տնօրենից եւ եթե մինչ օրս չի նշանակվել, հավանաբար Է. Չանչուրյանը հարմար թեկնածու չի գտել:

Անսամբլի տնօրեն Է. Չանչուրյանն էլ այս առիթով ասաց. «Անսամբլում նորմալ աշխատանքային, ստեղծագործական մթնոլորտ է, կոլեկտիվն ունի ստեղծագործական ղեկավար՝ հանձին գլխավոր բալետմայստեր Կարապետյանի, իսկ ինչ վերաբերում է գեղարվեստական ղեկավար նշանակելուն՝ դեռ կորոշենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել