Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանցի ուսանողների ոդիսականը

Հոկտեմբեր 31,2007 00:00

Արտերկրի լավագույն բուհերում ուսանող հայ շնորհալի երիտասարդները խնդիրներից «աչք» չեն բացում

Տարիներ շարունակ արտերկրի առաջնակարգ բուհերում ուսանող հայաստանցի երիտասարդները զանազան խնդիրներ են ունենում՝ սկսած ելքի թույլտվության ձեւակերպումից, որը հատկապես զինակոչի տարիք ունեցողների դեպքում համարյա անհնար է, վերջացրած՝ պետության կողմից ցուցաբերած զրո ուշադրությամբ: Եթե երիտասարդը համակերպվում է տխուր իրականությանը եւ չի մեկնում արտերկիր՝ սովորելու, մի ամբողջ քննաշրջան կամ տարի է կորցնում, իսկ ավելի համարձակները ակամա դառնում են արտերկրում անօրինական ապրողներ, եւ քիչ չեն դեպքերը, երբ արտաքասվում են: Այս խնդրի հետ առնչվում են զինկոմիսարիատները, պաշտպանության եւ ԿԳ նախարարությունները, ոստիկանությունը, սակայն հարցը ոչ միայն հօգուտ ուսանողների չի լուծվում, այլեւ նույնիսկ այս ատյանների կողմից չի էլ բարձրացվում:

Փոխվել են ժամանակները, եւ եթե ԽՍՀՄ տարիներին դիպլոմը աղջիկների համար օժիտ էր, իսկ տղաների համար՝ լավ դասավորվելու անցաթուղթ, ապա այսօր ամեն ինչ այլ է: Անկախ Հայաստանին անհրաժեշտ են բարձրակարգ կադրեր, իսկ մի շարք ոլորտների գծով մասնագետներ պատրաստումը, ինչպես ԶԼՄ-ներում խոստովանում են կրթության եւ գիտության ներկայացուցիչներից ոմանք, Հայաստանում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ հնարավոր չէ: Այնպես որ, մեր հույսը մնում են դրսի լավագույն բուհերում սովորող հայաստանցիները: Բայց արի ու տես, որ վերջիններս էլ հայտնվել են ոչ շահեկան վիճակում:

ԵՊՀ անվանական թոշակառուն ամսական ստանում է 30000 դրամ, որը մոտ $100 է: Իսկ երբ նույն ուսանողը միջպետական համաձայնագրերի շրջանակներում տեղափոխվում է արտերկիր, սովորում, ասենք, ՌԴ բուհերից մեկում, որը աշխարհի մասշտաբով բարձր վարկանիշ ունի, զրկվում է եղածից: Մինչդեռ նման ուսանողները պատահական չեն հայտնվում արտերկրի բուհերում՝ մասնակցում են ԿԳ նախարարության հայտարարած մրցույթին, պաշտոնապես գործուղվում, դեռ նախարարի հետ էլ անձամբ պայմանագիր կնքում: Փաստորեն, շնորհալի երեխաների հաջողություններն աճում են, եկամուտները՝ հակառակը (զանազան ծախսեր, թանկ տոմսեր, հանրակացարան, բժշկական ապահովագրություն եւ այլն): Նման բան ոչ մի երկրում չկա: Իսկ եթե այս ամենին գումարենք նաեւ այն, որ վերադարձից հետո այդ երիտասարդների գիտելիքները Հայաստանում կիրառություն չեն գտնում, պատկերն ավելի ամբողջական է դառնում:

Տեղին կամ անտեղի, մեր պետական, քաղաքական այրերը հաճախ զվարճալի օրինակներ են բերում միջինասիական երկրների վերաբերյալ: Սակայն մոռանում են խոսել, օրինակ, Ղազախստանի նախագահի սահմանած միջազգային կրթաթոշակի մասին: ԱՊՀ լավագույն բուհերում սովորող ղազախստանցի ուսանողները ամսական ստանում են 700, իսկ եվրոպական կամ ամերիկյան բուհերում սովորողները՝ $1300: Ընդ որում, այս ծրագիրը սկսել է գործել Ղազախստանի անկախության հռչակումից անմիջապես հետո: Ծրագրի հայտարարումից հետո 6000 ուսանողից Ղազախստան է վերադարձել 800-ը, ինչը նրանք համարում են մեծ հաջողություն՝ համոզված լինելով, որ այս թիվը տարեցտարի կավելանա: Իսկ հայաստանցի ուսանողներն առայժմ մոռացված են մեր պետության կողմից, վիրավորված եւ արհամարհված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել