Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԸ ՆՇԵԼՈՒ

Հոկտեմբեր 31,2007 00:00

\"\"Խտրականությո՞ւն մայրաքաղաքային եւ մարզային ԶԼՄ-ների միջեւ

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում ավարտվեց «Տարածաշրջանային լրատվամիջոցների դերը հանրային շահերի պաշտպանության գործում» թեմայով երկօրյա սեմինարը: Այն կազմակերպել էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Բաց հասարակության օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը՝ Նիդեռլանդների թագավորության կառավարության աջակցությամբ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ սեմինարին մասնակցում էին մարզային հեռուստաընկերությունների եւ տպագիր մամուլի ներկայացուցիչներ: Մինչ այս հանդիպումը, 2006թ. դեկտեմբերից՝ 2007թ. սեպտեմբերը, իրականացվել էր մարզային լրատվամիջոցների մոնիտորինգ, որն ընդգրկել էր Վանաձորի «Միգ» եւ «Լոռի TV», Գորիսի «Լաստ», Կապանի «Սոսի», Գյումրիի «Ցայգ», «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունները, «Լոռու մարզ», «Սյունյաց երկիր», «Զանգեզուր» եւ «Կումայրի» թերթերը: Ըստ Ա. Մելիքյանի, տարանջատվածության խնդիրներ էին առաջացել մարզային եւ մայրաքաղաքային լրատվամիջոցների միջեւ: «Մարզերում մի դուքանչու քննադատելն ավելի էր դժվարացել, քան մայրաքաղաքում՝ նախագահին»,- հավելեց նա, կոչ անելով ակտիվ քննարկման:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության նախկին գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը, որի զեկուցման թեման մարզային լրատվամիջոցների գործունեության առանձնահատկություններն ու խնդիրներն էին, ասաց, որ իրենք գործում են ֆինանսական սուղ, կոռումպացված գովազդային դաշտում, եւ տեղեկատվության մատչելիության առումով հանդիպում են խոչընդոտների՝ մայրաքաղաքային լրատվամիջոցների նախընտրելիության պատճառով: Ավելին, ըստ նրա՝ «Եթե չես հաճոյանում կառավարությանը, կարող են գովազդից կտրեն»: Նրա տեղեկացմամբ, Գյումրիի քաղաքապետի կլանը տիրում է գովազդի 40 տոկոսը, եւ հայտնի իրադարձությունների ժամանակ անգամ հրահանգ էր տվել «ԳԱԼԱ»-ի հետ ընդհանրապես գործ չունենալ:

Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրեց վերոհիշյալ լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքները: Քանի որ «Առավոտը» 3 անգամ մասնակցել եւ լուսաբանել է Վանաձորի լրատվամիջոցներում անցկացված դիտարկումները, հրապարակում ենք Շիրակի եւ Սյունիքի մարզի արդյունքները: Ըստ Մ. Հարությունյանի, հետազոտության հիմնական չափանիշներն էին լուսաբանման համարժեքությունը, արդյո՞ք բոլոր կարեւորագույն իրադարձություններն են արտացոլվել ԶԼՄ-ների լրատվական թողարկումներում, օպերատի՞վ էին դրանք, հավաստի՞, անկողմնակա՞լ: Ինչպիսի՞ն էր հրապարակումների մատուցման որակը: Իհարկե, հաշվի էր առնվել այն հանգամանքը, որ «Զանգեզուր» կամ «Սյունյաց երկիր» թերթերը լույս են տեսնում 15-օրյա պարբերականությամբ: Մոնիտորինգային խումբն արձանագրել էր, որ առանց տեսանյութի՝ միայն տեքստով մատուցվող նյութերի քանակը կազմել է նշված ժամանակահատվածում միջինը 27 տոկոս, իսկ օրինակ, «ԳԱԼԱ»-ում՝ 30, «Լաստում»՝ 42 տոկոս: Հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներում նկատվել էր նաեւ այն, որ համապետական կամ միջազգային լուրերը ներկայացվում են առանց սկզբնաղբյուրը նշելու:

Փորձագետի տեղեկացմամբ, ոչ համարժեք լուսաբանումների հիմնական մասը բաժին է ընկել ՀՀ ԱԺ ընտրությունների եւ նախընտրական քարոզչության շրջանին: Դիտարկված հեռուստաընկերությունների մի մասը ուղղակի խուսափել է կուսակցությունների եւ թեկնածուների նախընտրական հանդիպումների լուսաբանումից: Մարզերում նկատելի էր նաեւ, որ լրատվամիջոցները պարզապես խուսափում էին օրվա իրադարձությունը լուսաբանել:

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն անդրադարձավ նաեւ թաքնված գրաքննությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել