Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պուտինի օրինակի՞ն է հետեւել

Հոկտեմբեր 31,2007 00:00

Գյումրիի քաղաքապետը որոշել է ազատվել քաղաքը զարդարող թանկարժեք, արծաթափայլ եղեւնիներից:

Օրերս Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հրահանգով, Գյումրիի ավագանու որոշմամբ, քաղաքի Անկախության հրապարակի յոթ արծաթափայլ 35-40 տարեկան եղեւնիները հատվեցին, որոնք, մասնագետների գնահատմամբ, դեռ 250 տարի էլ կարող էին զարդարել քաղաքը: Մինչդեռ ավագանին գտել է, որ «դրանք ծերացած են, կորցրել են իրենց հմայքը եւ խաթարում են հրապարակի ճարտարապետական տեսքը»: Եվ որպեսզի հրապարակի կենտրոնում կանգնեցված «Հայուհու» արձանն է՛լ ավելի լավ երեւա, Գյումրին էլ ավելի գեղեցկանա, քաղաքապետարանի աշխատակիցները մի քանի ժամում 7 եղեւնիները դաժանաբար գետնին տապալեցին: Գյումրեցիների զայրույթին ու անեծքներին ի պատասխան, Վ. Ղուկասյանը հարկադրված ելույթ ունեցավ տեղի հեռուստաալիքներով՝ արդարանալով. «Ճիշտն ասած՝ 2-3 տարի մտածում էի, որ դրանք փակում են գեղեցիկ ճարտարապետական կառույցները: Շատ քննարկումներ են եղել, խոսել ենք գլխավոր ճարտարապետի, գլխավոր նկարչի, քաղաքաշինության բաժնի պետի հետ: Բոլորն էլ իրենց մասնագիտական տեսակետն են հայտնել, որ եղեւնիները խանգարում են: Դրա մեջ ի՞նչ կա որ: Հիմա, ասենք, Պուտինը հանել տվեց Կրեմլի դիմացի եղեւնիների շարքը, Երեւանում նույնպես՝ բարձր ծառերը հանվեցին: Հիմա էլ, եթե պտտվեք քաղաքում՝ կնկատեք, որ մենք հները նորերով ենք փոխարինել: Օրինակ, իմ նախաձեռնությամբ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ ստեղծվեց այգի, որտեղ 1700 ընկուզենի տնկեցինք: Թե ուրիշ էրեխեքը արեւածաղիկ կչրթեին, մեր էրեխեքը՝ կակալ: Էլ չեմ ասում, որ եղբայրներով պահեցինք-պահպանեցինք Գորկայի այգին, որ մինչեւ էսօր կա: Ծառ տնկելը մեր ամեն տարվա ծրագիրն է: Ու հիմա էդ 7 ծառն ի՞նչ է, որ էսպես խառնվել եք»: Քաղաքապետը խոստացավ առաջիկայում անդրադառնալ նաեւ Ամենափրկիչ եկեղեցու, թատրոնի ու Շիրազի արձանը շրջափակող եղեւնիներին:

Վ. Ղուկասյանի այս ելույթը արտակարգ իրավիճակ է ստեղծել Գյումրիում, վերջինիս դեմ են դուրս եկել բնապահպանական ու այլ հ/կ-ները՝ պահանջելով 30 օրվա ընթացքում քաղաքապետից ու ավագանուց՝ իրենց անձնական միջոցներով փոխհատուցել առանց այն էլ բնազուրկ քաղաքին հասցված վնասը: Երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում քաղաքապետի այս արարքը որակեցին ոչ այլ ինչ, քան «օրինականացված վանդալիզմ»: Գյումրիի հ/կ-ների ու անհատների բողոքի հայտարարության մեջ գրված է. «Տարրական ճշմարտություն է, որ քաղաքում, այն էլ քաղաքի կենտրոնական հրապարակում դեկորատիվ բուսականությունը այս դեպքում ճարտարապետական լուծումների բաղադրիչներ են, դրանք չի կարելի դիտել ճարտարապետությունից ու քաղաքաշինությունից անջատ: Հենց այս մեկնաբանությամբ էլ դրանք 40 տարի առաջ տնկվել էին Գյումրիի ամենագեղեցիկ հրապարակներից մեկում: Դրանք մեր քաղաքի պատմության մի մասն են, եւ ոչ ոք բարոյական իրավունք չուներ կամայականորեն հատել»: «Գյումրու քաղաքապետարանը հավակնում է Նոբելյան մրցանակի, որովհետեւ հայտնագործություն է արել, թե 40 տարեկան եղեւնիները ծեր են, եթե 40 տարեկան եղեւնիները ծեր են, ուրեմն ահագին լուրջ փոփոխություններ են սպասվում բնագիտության, բուսաբանության մեջ»,- հեգնանքով նշեց «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: «Ես չեմ պատկերացնում՝ որեւէ մեկ այլ համայնքի ավագանի իր օրակարգում քաղաքի առողջ ծառերը հատելու հարց դներ»,- իր զարմանքը հայտնեց «Բիոսոֆիա» հ/կ-ի նախագահ, բուսաբան Գեւորգ Պետրոսյանը:

«Առավոտը» Շիրակի մարզի բնապահպանական տեսչությունից ու Անտառտնտեսությունից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են լռում եւ ինչո՞ւ քաղաքապետարանին վարչական տուգանքների չեն ենթարկում: Բնապահպանական տեսչության պետ Արտուշ Մովսիսյանն արդարացավ՝ ասելով, որ օրենքը տույժ-տուգանք է կիրառում անօրինական հատման համար, տվյալ դեպքում կա ավագանու որոշումը: Իսկ Անտառտնտեսությունից դատապարտելով քաղաքապետի արարքը՝ նշեցին. «Պրեզիդենտը իրեն թույլ չի տալիս ծառերը կտրելու մասին որոշում կայացնել, ավագանին ո՞վ է, որ նման որոշում կայացնի»:

Չնայած քաղաքապետարանի այն հավաստիացումներին, որ եղեւնիների փայտը հատկացնելու են քաղաքի աղքատներին՝ որպես վառելափայտ, մեր տեղեկություններով, այդ փայտը քաղաքապետը պատրաստվում է որպես շինանյութ օգտագործել «սաունա» կառուցելու համար: Ըստ շինարար-մասնագետների՝ բաղնիքների ու սաունաների կառուցման համար հենց եղեւնիների բնափայտն է օգտագործվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել