Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ

Հոկտեմբեր 31,2007 00:00

Երեկ Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության գրասենյակում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ժամանակ, որը նվիրված էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հոկտեմբերի 26-ի հանրահավաքում ունեցած ելույթի եւ դրա շուրջ ծավալված քննարկումներին, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասել է, թե Լ. Տեր-Պետրոսյանի արժանիքներն ավելի բարձր են, նպատակները՝ ավելի մեծ, քան ռեւանշիզմն է: Ատենապետի մատուցմամբ, հե՛նց դա հաշվի առնելով է, որ կոնկրետ իր գլխավորած կուսակցությունը որոշել է պաշտպանել առաջին նախագահի թեկնածությունը:

Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի ասելով էլ, 10 տարվա լռությունից հետո առաջին նախագահի երկու ելույթներն արդեն իշխանական բուրգի փլուզման պատճառ են դառնում: Նրա համոզմամբ, Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրումը լուրջ երեւույթ է ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային հանրության համար: Նրա կարծիքով, վերջինս դրական վերաբերմունք ունի առաջին նախագահի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու առնչությամբ:

Երեկ համանման կարծիք է հայտնել նաեւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Ըստ նրա, հոկտեմբերի 26-ի հանրահավաքն ու դրան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը մեծ ազդեցություն գործեց երկրում քաղաքական մթնոլորտի փոփոխման վրա: Այս մասին Գ. Մարգարյանը երեկ ասել է «Նոյյան տապանի» թղթակցի հետ զրույցում: Կուսակցության նախագահի խոսքերով, «հանրահավաքը խթան ծառայեց այն մարդկանց տրամադրությունների բեկման համար, որոնք տասը տարի առաջ թունելի վերջում լույս չէին տեսնում»: Ըստ Գ. Մարգարյանի, քաղաքական մթնոլորտի հետագա փոփոխությունը, որ միանգամայն հնարավոր է Լ. Տեր-Պետրոսյանի շուրջ միավորված ընդդիմության գրագետ գործողությունների դեպքում, անխուսափելիորեն կհանգեցնի նոր քաղաքական գործընթացների առաջացման: «Առաջին նախագահի ճիշտ քայլերի արդյունքը կարող է լինել իշխանության վաղաժամկետ փոփոխությունը եւ, համապատասխանաբար, վաղաժամկետ նախագահական ընտրությունները»,- հայտարարել է «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության առաջնորդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել