Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՏՈՒԺՈՂԸ» ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

Հոկտեմբեր 31,2007 00:00

\"\"Ոստիկանությունը հա՛մ տուժող է, հա՛մ նախաքննական մարմին

Երկուշաբթի օրը ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քրգործ էր հարուցվել հոկտեմբերի 23-ի խաղաղ երթի ընթացքում դրա մասնակիցների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի փաստի առիթով: Երթին մասնակցած «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, «Չորրորդ իշխանության» խմբագիր Շողեր Մաթեւոսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ու նրա 2 որդիները՝ Կարենը եւ Տիգրանը, քրգործում ներգրավվել էին որպես կասկածյալներ: Սակայն երեկ նրանց արդեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 316 հոդվածի առաջին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հատկանիշներով: Հիշյալ հոդվածը նախատեսում է պատիժ՝ նվազագույնը տուգանք, առավելագույնը՝ 5 տարի ազատազրկում: Բոլոր 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չբացակայելու մասին:

Ոստիկանությունը նշված հիմքերով ճանաչվել է տուժող այն պատճառաբանությամբ, որ միջադեպի արդյունքում 4 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք: Իսկ ահա նույն միջադեպի արդյունքում տուժած եւ մարմնական վնասվածք ստացած Ն. Փաշինյանը, Պ. Մակեյանի երկու որդիները՝ Տիգրանն ու Կարենը, երեկ արդեն մեղադրյալի կարգավիճակում էին: Հիշեցնենք, որ միջադեպի արդյունքում Տիգրանը գլխին ստացած հարվածների հետեւանքով ուղեղի ցնցումով արդեն երկու օր գտնվում է հիվանդանոցում, իսկ Կարենի աչքերը վնասվել են ոստիկանների օգտագործած արցունքաբեր գազից, ինչը, ի դեպ, հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ: Քրգործում որպես վկա է ընդգրկված նաեւ «ՉԻ» լրագրող Գոհար Վեզիրյանը, որը եւս տուժել էր միջադեպի եւ ոստիկանների կողմից ստացած հարվածների արդյունքում: Բայց ամենազավեշտականն այն է, որ սույն գործով «տուժողի» կարգավիճակ ունեցող ոստիկանությունն ինքն է սկսել քրեական վարույթ իրականացնել, կատարել նախաքննություն, բերման ենթարկել, քննչական գործողություններ կատարել (առերեսումներ): Ավելին, քրգործ է հարուցել եւ քրեական վարույթն իրականացնող մարմին լինելով հանդերձ՝ խափանման միջոց է կիրառել: Այսինքն՝ կատարել է գործառույթներ, որոնք նրա նկատմամբ բացարկի լավագույն հիմք կարող էին լինել: Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 88 հոդվածի, դատավորը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը, երբ կասկածվում են գործով շահագրգռվածության մեջ, երբ կասկածվում են իրենց մասնակցությամբ գործի նորմալ քննությունը շեղելու մեջ, բացարկի հիմք է: «Քրգործով վարույթից պետք է հեռացվեն այն անձինք, ովքեր անձնական կախվածության այլ հարաբերություններով ձեռք են բերել դատավարության մասնակցի կարգավիճակ»,- ասվում է վերոհիշյալ օրենքում: Ըստ ՀՀ ՔՕ-ի հոդված 59-ի, ուր սահմանված են տուժողի իրավունքներն ու պարտականությունները, տուժողը վարույթ իրականացնելու իրավունք չունի: Նա ծանոթանում է քրգործի նյութերին՝ նախաքննության ավարտման պահից սկսած: Իսկ այս դեպքում նախաքննության գաղտնիությունը խախտվել է, քանի որ նախաքննությունը փաստացի տնօրինում է «տուժող» կողմը:

Երեկ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին բերման էր ենթարկվել Պ. Մակեյանը, հարցաքննության էին ներկայացել նրա որդին՝ Կարենը, եւ «ՀԺ» խմբագիր Ն. Փաշինյանը:

Շ. Մաթեւոսյանի պաշտպան Հովիկ Արսենյանը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ իր պաշտպանյալը մեղադրվում է, իբր, ձեռքին եղած դրոշակով ոմն սերժանտ Մարտիրոսի հարվածելու եւ նրան մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Մեղադրանքը հիմնված է այդ ոստիկանի եւ մի կրպակավաճառի տված ցուցմունքների վրա: Հ. Արսենյանի մատուցմամբ, վկայություն տված մեկ այլ քաղաքացի էլ է եղել՝ Սամվել անունով մի կրպակի վաճառող, որը, պաշտպանի ասելով՝ «ակնհայտ էր, որ ոստիկանության հաստիքային կամ արտահաստիքային աշխատող է, որի եւ Շ. Մաթեւոսյանի միջեւ նախորդ օրը փորձել էին առերեսում անել»: Ի դեպ, նույն այդ «վկայի» առնչությամբ էր, որ երկուշաբթի օրը Ն. Փաշինյանը միջնորդել էր դատահոգեբուժական փորձաքննություն անցկացնել: «Այս քրգործում բացակայում է պատճառահետեւանքային կապը, եւ համարվում է, որ ոստիկաններն իրենց օրինաչափ գործողությունները կատարելիս ենթարկվել են բռնության, իսկ պատճառը չեն էլ փորձում քննության առնել, որովհետեւ հանձնարարություն ունեն»,- երեկ պնդեց Հ. Արսենյանը: Ըստ նրա, «եթե քննչական խումբը որոշեր օբյեկտիվ եւ խորացված քննություն անել, ապա ստիպված էր լինելու արձանագրել, որ ոստիկանության աշխատակիցները գերազանցել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ու քրեական հետապնդում պետք է իրականացներ ոչ թե, օրինակ՝ իմ պաշտպանյալի, այլ հե՛նց ոստիկանների նկատմամբ»:

Շ. Մաթեւոսյանը ցուցմունք չի տվել եւ հայտարարել է, որ ոստիկանության գործողությունները քաղաքական հետապնդում են եւ քաղաքական զարգացումների թեժ փուլում թերթի ուշադրությունը դատական պրոցեսների կողմը շեղելու փորձ: «Բայց «ՉԻ»-ն չի զբաղվի Շողեր Մաթեւոսյանի ագրեսիվ պաշտպանությամբ»,- վստահեցրեց Շ. Մաթեւոսյանը՝ հավելելով, որ իր գլխավորած թերթը շարունակելու է անել այն, ինչ արել է մինչ օրս՝ հետեւել քաղաքական զարգացումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել