Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ»

Հոկտեմբեր 30,2007 00:00

Շեքսպիրի գլխավոր հերոսներից մեկը ինքնասպանություն գործելուց առաջ ներկաներին միայն մի բան է խնդրում. հայտնել Վենետիկի դուքսին կատարված ողբերգության մասին, բայց չավելացնել եւ չպակասեցնել ոչինչ: Զուգադիպությո՞ւն է, արդյոք, թե՞ օրինաչափություն, բայց երբ հենց շեքսպիրյան ժամանակներում, սրանից մոտ չորս հարյուր տարի առաջ, նույն Վենետիկում եւ Իտալիայի մյուս քաղաք-պետություններում դիվանագիտությունը ստացավ պաշտոնական բնույթ եւ սկսեց ձեւավորվել որպես միջազգային հարաբերությունների ամենից օգտակար եւ ճիշտ միջոց: Այդ նորաստեղծ դիվանագիտությունը որդեգրեց չգրված, բայց ոսկե մի օրենք. դիվանագետի գրչի տակից դուրս եկած փաստաթուղթը պետք է լինի ճշմարտացի եւ օբյեկտիվ, իրականությանը չավելացնի եւ չպակասեցնի ոչինչ:

Դիվանագիտության պատմությունը ցույց է տալիս, որ այս պոստուլատից շեղվելը, այսինքն՝ ինֆորմացիոն սուտը, կեղծիքը եւ ապակողմնորոշումը հղի են քաղաքական վտանգով եւ առանձին դեպքերում կարող են լուրջ հետեւանքներ ունենալ ազգային-պետական մասշտաբով: Սա հայտնի է յուրաքանչյուր սկսնակի, եւ եթե նա մտածող մարդ է, եւ եթե հարազատ պետությունը չի խեղաթյուրել նրա պրոֆեսիոնալ խիղճն ու մտածելակերպը, ապա չստելու սինդրոմը նրա մոտ դառնում է երկրորդ բնավորություն, միս ու արյուն:

Ես ինձ թույլ եմ տալիս դասել այդպիսի պրոֆեսիոնալների շարքը: Այնպես որ, ստորեւ տպագրվող հոդվածը փաստերի եւ օբյեկտիվության առումով զերծ է անճշտություններից: Ինչ վերաբերում է վերլուծական մասին, ապա դա իմ անձնական տեսակետն է, որի հետ ընթերցողը կարող է համաձայնել կամ՝ ոչ: Դա էլ արդեն կախված է նրա ինտելեկտի մակարդակից եւ օբյեկտիվ լինելու ունակությունից:

Հոդվածը որոշեցի գրել որպես «Քաղաքական դիմանկար», որը տարիներ շարունակ եղել է իմ նախասիրած դիվանագիտական փաստաթղթերից մեկը, բնականաբար՝ բաց թողնելով Տեր-Պետրոսյանի կենսագրության եւ աշխատանքային գործունեության մանրամասները, որոնք ծանոթ են բոլորին:

(«Քաղաքական դիմանկարը» դիվանագիտական կարեւոր փաստաթուղթ է, որը դեսպանի ստորագրությամբ եւ «Գաղտնի» մակագրությամբ պարբերաբար ուղարկվում է Կենտրոն, այսինքն՝ Արտգործնախարարություն, որում 3-4 մեքենագրական էջի սահմաններում տրվում է դեսպանընկալ երկրի նախագահի, պրեմիեր-մինիստրի, կառավարության անդամների, պետական եւ հասարակական գործիչների համառոտ կենսագրությունը, քաղաքական հայացքները, բնավորության խառնվածքը, նախասիրությունները, բարոյակամային հատկությունները եւ այլն: Ճշգրիտ կազմված «Քաղաքական դիմանկարը» լրիվ պատկերացում է տալիս տվյալ գործչի մասին՝ նպաստելով երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը):

……Եթե ինձ հարցնելու լինեն, թե որն է Տեր-Պետրոսյանի էության առավել ցայտուն հատկանիշը, կպատասխանեմ՝ հմայքը, կամ, ինչպես ընդունված է ներկայումս ասել՝ խարիզմը:

Այն, որ Հայաստանի առաջին նախագահը, իրոք, ուժեղ խարիզմի տեր անձնավորություն է՝ իմ հայտնագործությունը չէ: Ականատես եմ եղել այն վերաբերմունքին եւ ուշադրությանը, որին արժանացել է փոքրիկ Հայաստանի նախագահը Քլինթոնի, Ելցինի եւ մյուս խոշոր տերությունների լիդերների կողմից: Ինձ կարող են առարկել, թե դա պայմանավորված է եղել դիվանագիտական էթիկայով եւ արարողակարգի օրենքներով: Համաձայն եմ, բայց մասամբ, քանի որ այդ օրենքների սահմաններում դյուրին չէ տեղավորել Թուրքիայի նախկին վարչապետ երկաթյա տիկին Թանսու Չիլերի կամ Հեյդար Ալիեւի ցուցաբերած ընդգծված հարգանքը նրա նկատմամբ: Կամ ինչո՞վ բացատրել համանման վերաբերմունքը Թուրքիայի նախագահ Օզալի կողմից: Չմոռանանք, որ խոսքը վերաբերում է Հայաստանի, մեղմ ասած, ոչ երկրպագուներին: Չմոռանանք նաեւ այն, որ հիշյալ հանդիպումները կայացել են ղարաբաղյան հակամարտության ամենածանր օրերին: Տեր-Պետրոսյանի մասին ինձ հետ անձնական զրույցների ժամանակ ակնածանքով են խոսել Թուրքիայի նախկին արտգործնախարար Հիքմեթ Չեթինը, նրա տեղակալ, թուրք ճանաչված դիվանագետ Սանբերգը, ԵԱՀԿ-ում հավատարմագրված թուրք դիվանագետները:

Մարդը որպես բանական էակ՝ homo sapines, բոլոր ժամանակներում եւ հասարակարգերում մնում է մարդ իր դրական եւ բացասական կողմերով հանդերձ: Եվ տարիների աշխատանքը տարբեր երկրներում, տարբեր մարդկանց հետ ինձ բերել է այն եզրահանգման, որ երբեմն բարեկամ պետությունների լիդերները կարող են չհամակրել մեկմեկու, իսկ մեկ այլ դեպքում թշնամի երկրների ղեկավարները՝ հարգանք տածել իրար նկատմամբ անգամ այն ժամանակ, երբ նրանց պետությունները պատերազմում են: Պատմությանը հայտնի են նման դեպքեր: Ես դրանց շարքին եմ դասում Տեր-Պետրոսյանի ֆենոմենը: Նրան հավասարապես հարգում էին Հայաստանի ե՛ւ համակիրները, ե՛ւ չարակամները: Դրանում, անշուշտ, մեծ դեր էր խաղում նրա խարիզմը:

Դիվանագիտության, սոցիալ-հոգեբանության, ֆիզիոլոգիայի եւ հարակից գիտությունների վերջին նվաճումները ժխտում են խարիզմի ժառանգական լինելու վարկածը: Մնում է պարզել, թե ձեռքբերովի այդ հատկանիշը որտեղից է արմատացել նրա մեջ եւ ինչպես է նա տիրապետել հմայելու արվեստի գաղտնիքներին: Ընտանեկան ճիշտ դաստիարակություն, փայլուն կրթություն, էրուդիցիայի ահռելի պաշար, նպատակային թրեյնինգ. սրանք են, իմ կարծիքով, այն հիմնական գործոնները, որոնք նրա մեջ ստեղծել են մագնետիզմի հասնող հմայք: Միայն այն հանգամանքը, որ նա տիրապետում է բազմաթիվ լեզուների եւ շատ երկրների լիդերների հետ խոսում է իրենց մայրենի լեզվով, նրանց ձգում է իր կողմը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսները թերություն են համարում նրա «կաբինետային» կամ «գրքային» լինելը: Նման մարդիկ իրենց միաբջջային մտածողության սահմաններով, պարզապես, ի զորու չեն ըմբռնել, որ տերպետրոսյանական խարիզմը տասնյակ տարիների մտքի եւ ուղեղի տքնաջան աշխատանքի արդյունք է: (Այս տխմարության հասնող ալոգիզմի դեմ հանդիման չգիտես՝ լաս, թե խնդաս: Մենք, հավանաբար, միակ ազգն ենք, որը գրքասիրությունը համարում է մարդկային արատ: Եվրոպական հավակնություններ ունեցող միակ ազգն ենք, որի մեկուկես միլիոնանոց մայրաքաղաքում մնացել է մեկուկես տասնյակից էլ պակաս գրախանութ: Հավանաբար միակ ազգն ենք, որը կրթության եւ մշակույթի օջախների փոխարեն զարկ է տալիս կիսալեգալ բորդելների շինարարությանը, ինչը վերջիվերջո միջազգային մասշտաբով Հայաստանին հաղորդելու է այն ամոթալի կարգավիճակը, որն ուներ Կուբան անկախությունից առաջ ամերիկյան մայրցամաքում):

Եթե խարիզմը Տեր-Պետրոսյանի մոտ հիմնականում ձեռքբերովի է, ապա քաղաքական գործչի համար խիստ կարեւոր հատկանիշները նրան տրված են ի վերուստ: Դրանք են գերզգայուն քաղաքական աչքաչափը, քաղաքական իրադրությունը վերլուծելու ունակությունը եւ բանակցելու փայլուն կարողությունը:

Տեղի սահմանափակության պատճառով կանգ կառնեմ միայն նրա այս վերջին հատկության՝ բանակցային տաղանդի վրա, քանի որ այն առաջնային է դիվանագետի համար՝ ընդհանրապես եւ երկրի լիդերի համար՝ մասնավորապես:

Ենթադրում եմ, որ Տեր-Պետրոսյանը ծանոթ է դիվանագիտական արվեստի խոշոր գործիչներ Նիկոլսոնի ու Կամբոնի դավանած տեսությանը, համաձայն որի՝ դիվանագիտությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ բանակցային գործընթաց: Համենայնդեպս, նախագահը դիվանագիտության բոլոր ուղղությունների մեջ կարեւորում էր բանակցայինը:

Այն տարիներին գլխավորելով ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակությունը, ես մոտիկից ծանոթացա տերպետրոսյանական բանակցային սկզբունքներին եւ մեթոդոլոգիային:

Բանակցելիս նրա համար ազգային եւ պետական շահերը առաջնային էին, անսասան: Այստեղ նա հիշեցնում էր կարդինալ Ռիշելյոյի բանակցային արվեստը, քանի որ մեծ ֆրանսիացու նման մնում էր անհողդողդ սենտիմենտալության, նահանջի եւ զիջողականության դեմ հանդիման: Միեւնույն ժամանակ, լինելով մասշտաբային գործիչ, Տեր-Պետրոսյանը հարցին մոտենում էր ժամանակակից միջազգային չափանիշներով եւ ամեն կերպ ձգտում էր արգելակել համընդհանուր կոնֆլիկտի տարածաշրջանային բռնկումը:

Հայտնի է, որ առաջին նախագահի ղարաբաղյան բանակցությունների դրամատիկական կետը հանդիսացավ նրա հայտնի հոդվածը՝ ուղղված ժողովրդին: Դա համարձակ քաղաքական քայլ էր, բաց եւ ազնիվ: Եվ, ամենակարեւորը, փուլային եւ փոխզիջումային տարբերակին զուգահեռ, հայկական կողմի համար ստեղծում էր մանեւրելու լավ հնարավորություն: Նա փորձում էր մարդկանց հասկացնել, որ հակառակորդի նկատմամբ ունենալով ռազմական եւ դիվանագիտական առավելություն, ժամանակն է կնքել հաշտության պայմանագիր, եւ որ վտանգավոր է Ադրբեջանի ստորացման զգացումը հասցնել ռեւանշիզմի: Նրան չհասկացան, ավելի ճիշտ՝ չուզեցին հասկանալ: Իսկ թե ինչ եղավ հետո՝ հայտնի է բոլորին, եւ արժանի է ափսոսանքի:

Պատմությունը սիրում է կրկնություններ: Հին հունական դիվանագիտությունը հասել էր բարձր մակարդակի: Այն զարգանում էր ժողովրդավարական մոդելով, սակայն երբ դիվանագիտական կոնկրետ խնդիրները բախվեցին լուծման ավտորիտար մեթոդների հետ, սկսվեց քաոս ու կոլապս եւ դա մեծապես նպաստեց կայսրության փլուզմանը: Մոտավորապես նույն բանը կատարվում է Հայաստանում: Ժառանգելով հիմնադիր նախագահի ժողովրդավարական դիվանագիտությունը, նրա հաջորդները սկսեցին այն տանել ավտորիտար ուղեգծով, որի հետեւանքներից մեկն էլ ղարաբաղյան բանակցություններում հայկական կողմի փաստացի ֆիասկոն է:

Անձամբ վարելով երկրի համար այն տարիներին առանցքային նշանակություն ունեցող բանակցությունները, Հայաստանի առաջին նախագահը ապացուցեց, որ նա որքան պետության լիդեր, այնքան էլ դիվանագետ է: Զուգահեռաբար նա հղկեց իր հատկանիշները, ավելի վստահորեն սկսեց տիրապետել այդ արվեստի նրբություններին եւ վերջին նվաճումներին:

Ինձ համար հետաքրքիր էր, օրինակ, օգտագործո՞ւմ է նա, արդյոք, մոդայիկ համարվող ֆիզիոգնոմիկայի միջոցները, որոնք հնարավորություն են ընձեռում դիմագծերի օգնությամբ հասկանալ դիմացինի ով եւ ինչ լինելը, կարդալ նրա մտքերը: Չգիտեմ, չեմ կարող ասել: Բայց որ նա տիրապետում էր ոչվերբալ հաղորդակցության մեթոդիկային, ինձ համար փաստ էր: Եղել են դեպքեր, երբ նա տվել է իրեն ընդունած պատվիրակության այս կամ այն անդամի բնութագիրը՝ այն դեպքում, երբ վերջինս հանդիպման ընթացքում բերանն անգամ չի բացել:

(Ոչվերբալ հաղորդակցություն: Շփում առանց խոսքի, երբ մարդիկ խոսքեր չեն գտնում իրենց զգացմունքները արտահայտելու համար: Ոչվերբալ հաղորդակցության ձեւերը բազմաթիվ են. մարմնի դիրքը տարածության մեջ, զրուցակիցների միջեւ ընկած հեռավորությունը, շարժումները, դիմախաղը եւ այլն: Ոչվերբալ բանակցությունները հաճախ որոշիչ դեր են խաղում մարդկանց միջեւ հաղորդակցության գործընթացում: Հոգեբանության բնագավառի ամերիկյան հայտնի մասնագետ Ալան Պիզը իր հանրահայտ «Մարմնի լեզուն» տեսությունով ապացուցում է, որ մարդկային շփումների ընթացքում ոչվերբալ հաղորդակցությունը կազմում է 55%, ձայնային հաղորդակցությունը՝ այսինքն՝ ձայնի բարձրությունը, տեմբրը, ինտոնացիան, շեշտադրությունը, տոնը՝ 38% եւ վերբալ հողորդակցությունը՝ այսինքն խոսքը, ընդամենը 7%):

Բանակցային գործընթացներում եւ ընդհանրապես զրույցների ընթացքում, լինի օտարերկրացու, թե յուրայինի հետ, պրոֆեսիոնալի աչքերով նայելու դեպքում կարելի էր տեսնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հմտությամբ օգտվում էր նաեւ էմպատիայի մեթոդից, որն ամբողջովին հիմված է փոխզիջումային սկզբունքի վրա:

(Դիվանագիտական զրույցի արդյունքը բացառապես կախված է էմպատիայի մեխանիզմի յուրացումից եւ ճիշտ կիրառումից: Բանակցային գործընթացում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել դիմացինի տեսակետը, իրերին նայել նրա տեսանկյունից, ցույց տալ, որ զրուցակցի մտքերը եւ զգացմունքները ձեզ համար նույնքան կարեւոր են, որքան սեփական զգացմունքները, օգնել նրան բացահայտելու իր մտքերը: Դեռեւս Սոկրատեսն է ասել. «Հասկանալ, որ ուրիշը դա դու ես», իսկ Պասկալը լրացրել է. «Եթե ցանկանում ես համոզել ինչ-որ բանում, անհրաժեշտ է հաշվի նստել այն մարդու հետ, որին ուզում ես համոզել»):

Բանակցելով հենց այս մեթոդիկայով, առաջին նախագահը կարողանում էր համոզել դիմացինին, հասնել դրական արդյունքի, շահելով նրա հարգանքն ու համակրանքը: Հաճելի է նշել, որ անցած տասը տարիները չեն փոխել նրա հավատարմությունը բանակցության փոխզիջումային պոստուլատին: Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակի իր ելույթում անդրադառնալով ղարաբաղյան հարցին, նա նշեց, որ «հաջող են համարվում այն գործարքները, որոնցից շահում են երկու կողմերը»: Այսօր հազիվ թե գտնվի որեւէ լուրջ դիվանագետ, որ վիճարկի այս սկզբունքը:

Աշխատանքի բերումով շփվելով առաջին նախագահի հետ Երեւանում եւ արտասահմանում, նրա մոտ հայտնաբերեցի այնպիսի հատկություններ, որոնցով բնութագրվում են իդեալական դիվանագետները. ինտելիգենտություն, ճշմարտախոսություն, ինքնատիրապետում, սառնասրտություն, համբերատարություն, զսպվածություն, դիտողականություն, խորաթափանցություն, համեստություն: Ես կարող էի նրա այս հատկությունները բացահայտել մեկ առ մեկ, կոնկրետ դեպքերում, կոնկրետ պայմաններում, վերլուծել դիվանահոգեբանական տեսանկյունից:

Սակայն դա դուրս կգար թերթային հոդվածի սահմաններից: Կարծում եմ, նման հետազոտություն կանի առաջին նախագահի կենսագիրը: (Իրեն հարգող յուրաքանչյուր ազգ պետք է, որ ունենա իր լիդերների կենսագիրները:)

Կանգ կառնեմ հիմնադիր նախագահի վերջին հատկանիշի՝ համեստության վրա: Նրա ընդդիմախոսողները հայտարարում են, թե նա գոռոզ է, ամբիցիոզ, ինչը չի համապատասխանում իրականությանը: Պետության լիդերի արժանապատիվ կեցվածքը եւ պահվածքը, մանավանդ՝ օտարների ներկայությամբ, չպետք է շփոթել գոռոզամտության հետ, եթե կանխակալ կարծիք չունես տվյալ անձնավորության նկատմամբ: Լինելով մեծ էրուդիցիայի եւ ավելի քան մեծ գիտելիքների տեր, նա, ընդհակառակը, համեստ է եւ երբեք դիմացինին, մանավանդ՝ իրենից ցածր կանգնածին չի ճնշում իր առավելությամբ: Դա վերաբերում է առաջին հերթին լեզուների իմացությանը, որոնք հաշվելու համար հարկ է դիմել երկու ձեռքի մատների օգնությանը: Թե ինչպիսի հսկայական նշանակություն ունի լեզուների իմացությունը քաղաքական գործչի կամ դիվանագետի համար, ապացուցման կարիք չունի: Հայտի է նաեւ, որ թարգմանչի համար դժվար է թարգմանել լեզուներ իմացող, բարձր ինտելեկտի տեր մարդուն: Մի քանի անգամ ներկա եմ եղել Հայաստանի առաջին նախագահի բանակցություններին, երբ նա «բռնում» էր թարգմանչի՝ ներկայումս Իտալիայում դեսպան Ռուբեն Շուգարյանի «սայթաքումը» եւ ուղղում նրան:

 

Բայց դա անում էր մեղմ տոնով, բանակցող կողմի համար աննկատ, ցածրաձայն հայերենով: Նա պարզապես հարգում էր թարգմանչին, որին շատերը նայում են վերեւից, նրանց աշխատանքը համարելով տեխնիկական, ինչը սխալ է:

Սակայն խոսելով Տեր-Պետրոսյանի բնավորության «փափուկ» գծերի մասին, միանգամայն սխալ կլիներ ներկայացնել նրան իբրեւ ալտրուիստ, նեկրասովյան ՊպՊ ԾՈջՈռ, որի հետ աշխատելը տոն է: Ամենեւին: Նա գիտեր նաեւ պատժել, այն էլ խիստ, շատ խիստ: Համոզվեցի անձնական փորձով, երբ մեղանչեցի: (Պարզվեց, որ պրոֆեսիոնալ դիվանագետները եւս կարող են սխալվել): Այնպես որ, ինչպես Վարպետը կասեր՝ «Տառապանքս փորձ ունի»:

Երեւանում հավատարմագրված դիվանագետները, որոնցում, կարծում եմ, կլինեն նաեւ հոգեբաններ, համոզված եմ՝ կազմել եւ հետագայում մի անգամ չէ, որ թարմացրել են նրա «Քաղաքական դիմանկարը»: Կուզեի աչքի պոչով տեսնել, թե բնավորության որ խառնվածքն են նրանք վերագրում նախագահին. սանգվինիկ, մելանխոլիկ, խոլերիկ, թե՞ ֆլեգմատիկ: Ես պայմանականորեն նրան կտայի ֆլեգմատիկ բնորոշումը:

(Բնավորության ֆլեգմատիկ խառնվածքին հատուկ են հանդարտ ընթացող հոգեբանական գործընթացները, թույլ դիմախաղը, հուզականության ցածր գրգռվածությունը, կայուն տրամադրությունը: Բնավորության ֆլեգմատիկ տիպը համարվում է քաղաքական գործչի եւ դիվանագետի համար «ամենահարմար» խառնվածքը):

Բնութագրելով նրան «ֆլեգմատիկ», ես պատահական չավելացրի «պայմանական» բառը, քանի որ բնավորության կոնկրետ տիպը գիտական աբստրակցիա է, որը գործնականում կարող է լրացվել մյուս տիպերի առանձին հատկանիշներով, առաջացնելով բնավորության հինգերորդ՝ խառը տարատեսակը: Սա է, իմ կարծիքով, Տեր-Պետրոսյանի խառնվածքը, որ իր մեջ ներառում է տարբեր խառնվածքների՝ քաղաքական-դիվանագիտական գործունեության համար օգտաշատ գծերը:

Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանին վերագրելով դիվանագետին հատուկ բարեմասնություններ, ես հեռու եմ նրան որպես դիվանագետ, թեկուզ փայլուն դիվանագետ, դիտելու մտքից: Նա մնում է Հայաստանի հիմնադիր նախագահը, հայ նոր գեներացիայի ականավոր քաղաքական գործիչը:

Այն տարիներին իր պաշտոնի բերումով նա պարզապես ղեկավարում էր նորաստեղծ արտաքին քաղաքականության գերատեսչությունը: Ղեկավարում էր հմտորեն: Սակայն նա երբեք չիջավ մանրուքների մակարդակին, չմտավ երկրորդական հարցերի մեջ, իր ապարատի տակ չճզմեց արտգործնախարարությունը: Մինչդեռ այդ ապարատի չինովնիկի համար դեսպան նշանակելու եւ ազատելու գայթակղությունը միշտ էլ մեծ է եղել: Ինքը՝ նախագահը, որքան ես եմ նկատել, իրեն հեռու էր պահում դեսպանների թեկնածուների առաջադրումից, չնայած վերջին հաշվով որոշումը իրենն էր: Ես դա բացատրում եմ երկու պատճառով: Նախ նա հասկանում էր, որ համակարգում փաստորեն բացակայում են պրոֆեսիոնալ դիվանագետները եւ չէր ուզում սխալվելու «մեղքի» բաժինը վերցնել իր վրա եւ հետո նա բնավորությամբ հեռու էր ֆավորիտիզմից, ինչը հետագայում սկսեց ծաղկել արտգործնախարարությունում: Մյուս կողմից նա մտահոգված էր կադրային հարցերով: Ռաֆֆի Հովհաննիսյանի հանձնարարությամբ, հավանաբար նախագահի ցուցումով, մենք սկսեցինք դիվանագիտական ակադեմիա հիմնելու աշխատանքը, ինչը, սակայն, կիսատ մնաց:

Ղեկավարելով ԱԳՆ-ի կայացման գործընթացը, Տեր-Պետրոսյանը արեց մի շատ կարեւոր քայլ. նա նախարարությունը զերծ պահեց քաղաքականությունից եւ գաղափարախոսությունից, ինչպես այն տարիներին էին ասում՝ դեզիդելոգիզացրեց արտգործնախարարությունը, ինչը գերկարեւոր է պրոֆեսիոնալ դիվանագիտությունը անաղարտ պահելու գործում: Եվ եթե այսօր գտնվում են մարդիկ, որոնք նույնացնում են նրան ՀՀՇ-ի հետ, ազնիվ լինելու համար պետք է, գոնե, այդ պիտակը չփակցնեն նրա օրոք գործող ԱԳՆ-ին: Ես, համենայնդեպս, այդ տարիներին աշխատելով որպես նախարարի տեղակալ, հետո՝ դեսպան, որեւէ գաղափարախոսական ճնշում չեմ տեսել եւ չեմ զգացել: Բայց փոխարենը եղել է լոյալության պահանջ:

(Դիվանագիտական լոյալությունը նվիրվածությունն է իր երկրին, իր կառավարությանը, նրա վարած քաղաքական գծին, որը որպես կանոն ձեւավորվում է նախագահի կողմից եւ հանձնարարականների միջոցով դեսպանին է փոխանցվում արտգործնախարարի միջոցով: Հանձնարարականների կատարումը պարտադիր է):

Հետաքրքիր մի հանգամանք: Դեսպաններից պահանջելով բացարձակ լոյալություն եւ անձամբ հսկելով այն, Տեր-Պետրոսյանը ինքը փոխադարձ լոյալություն էր ցուցաբերում նրանց նկատմամբ: Սա շատ կարեւոր է: Եթե երկրի նախագահը հարյուր տոկոսով չի վստահում իր դեսպանին, ուղղորդում է նրա յուրաքանչյուր քայլը, զրկում ինքնուրույն գործելու հնարավորությունից, հավատացնում եմ ձեզ, որ այդ երկրի արտաքին քաղաքականությունը պարզապես դատապարտված է: Իմիջիայլոց, շատ երկրների դիվանագիտական ծառայություններ վարակված են այս ախտով: Առաջին նախագահը շուտ հասկացավ հարցի կարեւորությունը եւ ի պատիվ իրեն՝ կարողացավ զերծ պահել ԱԳՆ-ն այդ հիվանդությունից:

Լեւոն Տեր-Պետրոսյանը կարդում էր դեսպանների դիվանագիտական գրագրությունը՝ կարեւոր փաստաթղթերն ու հաշվետվությունները, մշտապես ընդունում էր դեսպաններին, երբ նրանք տարբեր առիթներով լինում էին Երեւանում, իսկ անհրաժեշտության դեպքում զրույցի համար կանչում էր արտասահմանից: Այդ հանդիպումները հետաքրքիր էին ոչ միայն գործնական, այլ նաեւ հոգեբանական առումով: Հանդիպումներից մեկի ընթացքում խոսելով դեսպանի գործառության մասին, նա նկատեց. «դեսպանը փոստատար չէ, այլ քաղաքականագետ»:

Շփվելով Տեր-Պետրոսյանի հետ, ես հայտնաբերեցի նրա արժեքավոր եւս մեկ հատկություն՝ լսելու հատկությունը, ըստ որում՝ ուշադիր եւ ակտիվ լսելու, մի երեւույթ, որի դեֆիցիտը այսօր զգացվում է ողջ քաղաքակիրթ աշխարհում:

Լինելով գիտության մարդ, նախագահը գիտեր եւ բանավոր, եւ գրավոր խոսքի արժեքը: Իսկ դիվանագիտությունը գրավոր խոսք է: Լավ հասկանալով այս հանգամանքը, նա ուշադրության կենտրոնում էր պահում դիվանագիտական գրագրությունը, որը նորություն էր Հայաստանի համար: Գրիչ ունեցող դեսպանը գնահատված էր Տեր-Պետրոսյանի կողմից: Նրա հսկողությամբ կազմված միջազգային պայմանագրերը եւ մյուս դիվանագիտական փաստաթղթերը հիշեցնում էին ֆիլիգրանային աշխատանք: Դա բարձրագույն պիլոտաժ էր, իսկական դպրոց նրա հետ աշխատողների համար: Ցավալի է տեղեկանալ, որ հետագայում արտգործնախարարությունում դադարեց դեսպանությունների քաղաքական հաշվետվություն եւ այլ կարեւոր փաստաթղթեր կազմելու պարտադիր պրակտիկան: Գրավոր փաստաթուղթը դիվանագիտության քվինտ-էսենցիան է, առանց որի դիվանագիտական ծառայությունը չի կարող գոյություն ունենալ:

…Եվ վերջինը: Օրերս թերթերից մեկը հայտնեց այն մասին, որ Թուրքիայում եւ Ադրբեջանում վախենում են Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելուց, քանի որ նա «մեծ հեղինակություն է վայելում արտասահմանում»: Առանձնապես հավատ չեմ տածում նման հաղորդագրությունների իսկությանը: Ե՛վ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի լիդերները խելոք մարդիկ են, չնայած մեր լրատվամիջոցները հակառակն են պնդում: Իսկ խելոք մարդիկ ցանկանում են ունենալ խելացի թշնամի, քան հակառակը:

P. S. Անձնական հանգամանքներով գալիք, մանավանդ՝ ներկա իշխանություններից որեւէ ակնկալիք չունեմ, ինչպես նաեւ որեւէ դիվիդենդ չեմ սպասում:

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Հեղինակի մասին. պրոֆեսիոնալ դիվանագետ: Երկար տարիներ աշխատել է Խորհրդային Միության ԱԳՆ-ի համակարգում: Անկախությունից հետո հրավիրվել է Հայաստան եւ նշանակվել արտաքին գործերի փոխնախարար, աշխատել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավստրիայում, Հունգարիայում եւ Լիբանանում: Դիվանագիտության, արտաքին քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների վերաբերյալ բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031