Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վաչագան Ավագյանը Չիկագոյում փախե՞լ է թիմից

Հոկտեմբեր 30,2007 00:00

Աշխարհի ԶԼՄ-ները հեղեղված են այդ տեղեկատվությամբ, իսկ մեր սպորտի պատասխանատուների խոսքերով՝ ԱՄՆ-ում գտնվող մեր պատվիրակությունը զարմանալիորեն դա ոչ հաստատում է, ոչ հերքում:

Հայ մարզասերներն անհամբերությամբ են հետեւում Չիկագոյում ընթացող սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, որտեղ հայաստանցի մարզիկները պայքարում են օլիմպիական ուղեգրերի եւ եթե հաջողվի, նաեւ մեդալների համար:

Դեռ հայտնի չէ, թե մեր բռնցքամարտիկներն ինչպես կավարտեն մրցելույթները Չիկագոյում: Դրա փոխարեն Հայաստանի պատվիրակությունը աշխարհի առաջնությունում դարձել է խոշոր սկանդալի թեմա: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, մինչեւ 54 կգ քաշային Վաչագան Ավագյանը մեկնարկային մենամարտում կորեացի Սուն Չուլ Հանին պարտվելուց անմիջապես հետո անհետացել է (նույն օրը իրենց հավաքականը լքել են նաեւ երկու ուգանդացիներ): Առաջին իսկ օրվանից արտասահմանյան ԶԼՄ-ները տեղեկացնում են, թե Չիկագոյի ոստիկանությունը վստահ է, որ այդ մարզիկները փախել են ԱՄՆ-ում բնակության իրավունք ստանալու հույսով եւ առեւանգման մասին խոսք լինել չի կարող: Իսկ «Ռեգնումը», վկայակոչելով Չիկագոյի ոստիկանության ներկայացուցիչ Մոնիկա Բոնդի՝ «Վես սպորտ» գործակալությանն արած հայտարարությունը, նշում է, որ Չիկագոյի ոստիկանությունը փախած մարզիկներին չի որոնելու. «Մենք հիմա չենք զբաղվելու անհետացած բռնցքամարտիկներին որոնելով,- ասել է նա:- Իրենց թիմերը լքած մարզիկները երեխա չեն: Նրանք ԱՄՆ մուտքի եւ երկրում գտնվելու վիզաներ ունեն: Հայաստանցի բռնցքամարտիկին այն տրված է 90 օրով, իսկ ուգանդացիներին՝ մինչեւ առաջնության ավարտը: Մենք զանգահարել ենք Ավագյանի ծնողներին: Նրանք կատարվածի համար զարմացած չեն եւ վստահություն են հայտնել, որ իրենց որդու հետ սարսափելի ոչինչ չի կատարվել եւ որ նա ողջ եւ առողջ է»:

Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Վու Չինգ-Կոուն իր հերթին հատուկ ժողով է հրավիրել, որին ներկա են եղել աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր պատվիրակությունների ղեկավարները: Պարոն Վուն նրանց հայտարարել է. «Եթե նման բան մեկ անգամ էլ կրկնվի որեւէ թիմում, ապա այն ամբողջ կազմով տուն կուղարկվի»:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը «Առավոտին» ասաց. «Չիկագոյում Հայաստանի մարզիկի անհետանալը միանշանակ դատապարտելի է: Դա իմ, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ֆեդերացիայի նախագահ Հայկ Հարությունյանի դիրքորոշումն է, առավել եւս, որ հավաքականի մեկնելուց առաջ հրավիրված համատեղ ժողովում թե պատվիրակության ղեկավարին, թե գլխավոր մարզչին եւ նրա օգնականին զգուշացվել է՝ ուշադիր եւ զգոն լինել: Քանի որ մրցավայրում գտնվող մեր պատվիրակությունից առայժմ հստակ ոչ մի տեղեկություն չկա ու մենք ճշգրիտ չգիտենք, թե իրականում ինչն ինչոց է, սպասում ենք նրանց վերադարձին, որից հետո միայն կորոշենք մեր անելիքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել