Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ՓԱԿԵԼ ՔՐԴԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ

Հոկտեմբեր 30,2007 00:00

\"\"Եվ եզդիերենի դասագրքեր է ստեղծում իր ազգականների լուսանկարներով

«Ես որպես ՀՀ քաղաքացի եւ պատմաբան, որպես Համայն աշխարհի եւ Հայաստանի եզդիների միության նախագահ, պնդում եմ, որ Հայաստանում քրդեր գոյություն չունեն, Ղարաբաղյան շարժման ժամանակ բոլորը հեռացել են, թեեւ ոչ մեկն իրենց ոչինչ չի ասել: Իսկ այժմ առանձին մարդիկ, ի դեմս Հայաստանի քրդական ազգային խորհուրդ հ/կ-ի «Զագրոս» թերթի, հակառակն են պնդում»,- «Առավոտին» դժգոհեց Հայաստանի եւ Համայն աշխարհի եզդիների նախագահ Ազիզ Թամոյանը: Նրա համոզմամբ՝ «Այս «Զագրոսի» գումարը գալիս է Իրաքից, նպատակն էլ՝ հայաստանաբնակ եզդիներին քրդացնելն է»: «2001թ. մարդահամարի արդյունքներով, Հայաստանում 40620 եզդի եւ 1519 քուրդ կար: Իրականում վերջիններս ոչ թե քրդեր, այլ քրդացած եզդիներ էին: Այնպես որ, քրդական համայնք չկա, թող իզուր ժողովրդին չբորբոքեն, թե չէ ցույցեր կկազմակերպենք ողջ աշխարհով մեկ, կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Էդ «Զագրոս» թերթում Աշտարակի Շամիրամ գյուղի գյուղապետ Մրազ Բրոյանը, փոխանակ ուրախանալու, դժգոհել է իմ ստեղծած դասագրքերից, ասել, որ դրանք պիտի ոչ թե եզդիերեն, այլ կուրմանջիերեն՝ քրդերեն լինեին: Ախր այդ գրքերը ստուգված են գիտնականների կողմից, մարդիկ ինչո՞ւ են ուզում ամեն գնով սեպ խրել եզդիներիս մեջ: Հրահրում են, ուզում են եզդիներին աշխարհի երեսից վերացնել: Թող հակաեզդիական պրոպագանդա չտանեն, թող գնան իրենց Քրդստանը ստեղծեն: Թող չգործի «Զագրոս» թերթը, քրդական ռադիոն: Դրանք ասես ստեղծվել են մարդկանց ներվայնացնելու համար»,- սպառնաց Ազիզ Թամոյանը:

Հայաստանի ազգային քրդական խորհրդի մասնակիցներից «Ռյա թազա» թերթի գլխավոր խմբագիր, արեւելագետ Գրիշա Չաթոյանն էլ այս առիթով «Առավոտին» հայտնեց. «Հետաքրքիր է, պարոն Թամոյանն այդ արտահայտություններն անելիս՝ որպես ի՞նչ է ներկայանում: Իր պատմաբանի կոչումը ո՞վ է տվել, ատենախոսությունը որտե՞ղ է պաշտպանել: Ինքը ներկայացնում է Համայն աշխարհի եզդիների միությունը, մինչդեռ այդպիսի կազմակերպություն արդեն գոյություն չունի, քանի որ լուծարվել է: Թամոյանին պատմական եւ աստվածաբանական գիտությունների դոկտորի կոչում իր կազմակերպության վարչության «ԲՈ՞Հ»-ն է շնորհել: Նրանք, ովքեր ուզում են միանգամից պրոֆեսոր ու ակադեմիկոս դառնալ, խորհուրդ կտամ իրենց մոտ ատենախոսություն պաշտպանեն… Ինչ վերաբերում է եզդի եւ քուրդ հասկացություններին, դրանք չի կարելի միմյանց հակադրել: Երբ ես ասում եմ՝ եզդի եմ, չեմ ասում, որ քուրդ չեմ, երբ ասում եմ քուրդ եմ, չեմ ասում՝ եզդի չեմ: Եզդիականությունը դավանանք է, քուրդը ազգ է: Ինչ վերաբերում է մարդահամարի տվյալներին, այդ մասին էլ կասեմ, թե ինչքան լավ եմ պատկերացնում՝ ինչ ասել է պետականորեն անցկացված միջոցառում: Ի դեպ, մարդահամարի ժամանակ ոչ ոք իմ դուռը չի բախել ու հետաքրքրվել՝ ես եզդի՞ եմ, թե՞ քուրդ: Թամոյանը մեզ մեղադրում է արտերկրից ֆինանսավորվելու մեջ, եթե այդպես է, թող դիմի համապատասխան մարմիններին: Իսկ իր հարցերո՞վ ով պիտի զբաղվի: Որպես մարդ, ասում են՝ շատ հյուրասեր է, բայց եկեք մարդկային հյուրասիրությունը չխառնենք ազգայինը վարկաբեկելու հետ: Ժամանակին երբ հ/կ-ները ստեղծվում էին, հարկային կոդ հասկացություն չկար, հետագայում բոլոր կազմակերպությունները հարկային կոդ ունեցան՝ բացի «Ալամ աշխարհի» եզդիների միությունից: Դառնալով «էզդիերեն» դասագրքերին, փաստեմ, որ դրանք հաստատված են ՀՀ ԿԳ նախարարության կողմից, ասել է թե՝ ընդունել են: Ինչ լեզվով ուզում է լինի դասագիրքը, եթե ԿԳ նախարարության հովանավորությամբ է տպագրվում, պիտի մասնագիտական փորձաքննություն անցնի, մինչդեռ Թամոյանի «հեղինակած» դասագրքերը մի ընտանիքի կամ մի գյուղի բարբառով են, ավելին՝ ընտանեկան ալբոմ են»:

Քուրդ բանաստեղծ, լրագրող Ալիխանե Մամեն էլ վկայակոչելով 1-10-րդ դասարանների եզդիերեն լեզվի ուսուցման հայեցակարգը, ասաց, որ հրատարակված դասագրքերը համահունչ չեն վերջինիս. «Դպրոցական դասագրքերում դպրոցին ու դասերին վերաբերող նյութերից բացի՝ ամեն ինչ կա: Օրինակ՝ Ազիզ Թամոյանի, իր աներ Խդրե Աթարի, խնամի Շարոե Մստոյի, իր հնարած սրբերի, էլ քրդագետ Գառնիկ Ասատրյանի եւ իր տիկնոջ կենսագրություններն ու լուսանկարներն են զետեղված: Ես մտածում էի ունիվերսալ դասագիրք ստեղծել, որոնցով կուսուցանվեր ե՛ւ լեզու, ե՛ւ գրականություն ու պատմություն: Բայց նա բոլոր նյութերը հանեց եւ կամայականորեն դրեց իր՝ դոկտոր Թամոյանի նախասիրածը: Ո՞վ չգիտի, որ իր գյուղում՝ Զովունու Ամո թաղամասում, եւ ոչ միայն, իրեն չեն հարգում: Ժամանակին կողքին էին, որովհետեւ նա միս ու բուրդ էր մթերում, պարզ է՝ մարդիկ էլ օգտվում էին: Նա ամենուրեք, ամեն ատյան, աջուձախ, սրա-նրա մասին գրելու մոլագարություն ունի: Իրեն թվում է, թե Նապոլեոնն ու Ստալինն է, եզդիների Նոյն ու Մաշտոցը… Թե ինչպես զովետի հեռական ավարտելով՝ դարձավ պատմագիտության եւ աստվածաբանության դոկտոր-պրոֆեսոր, կրկնակի ազգային հերոս է, մնում է՝ զարմանալ: Գուցե այդ տարիներին զովետի՝ իր սովորած ֆակուլտետում պատմաբաննե՞ր էին պատրաստում…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել