Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարկայինը «չոքել է» «ԳԱԼԱ»-ի բկին

Հոկտեմբեր 30,2007 00:00

Մայրաքաղաքից ժամանած հարկային ծառայության պետական կոմիտեի աշխատակիցները սկսել են տակն ու վրա անել Գյումրիի

անկախ հեռուստաընկերության փաստաթղթերը:

Երեկվանից հարկային մարմինները լայնածավալ հարկային ստուգումներ են սկսել Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունում: Նկատենք, որ հարկայինը ստուգումներ է սկսել այն բանից հետո, երբ հեռուստաընկերությունն առանց ռադիոհեռուստատեսության կոմիտեի կարծիքը հաշվի առնելու «հանդգնել էր» ցուցադրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն ու եթերաժամ տրամադրել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: (Ի դեպ, «Գալան» հեռարձակել է նաեւ ՀՀ առաջին նախագահի հոկտեմբերի 26-ի ելույթը հանրահավաքում:) Այս փաստը վերեւներում շատ ծանր են տարել: Այդ է վկայում նաեւ այն, որ վերեւների հրահանգով այսօր «ԳԱԼԱ»-ի բոլոր գովազդատուներին հրահանգված է հեռուստաընկերությանն ընդհանրապես գովազդ չտրամադրել: Մեր տեղեկություններով, գովազդատուները հերթով գալիս են հեռուստաընկերություն ու խնդրում անհապաղ հանել իրենց գովազդը՝ նույնիսկ վճարված գումարը հետ չվերցնելու պայմանով: Երեկ էլ, իբրեւ թե այս ամենից անտեղյակ, «միամիտ» հարկային տեսուչները եկել էին «ԳԱԼԱ», իրենց ձեւակերպմամբ՝ «բյուջեի հետ փոխհարաբերություններում ճշտում» անցկացնելու համար: Հարկահավաքների խումբը ղեկավարում էր ՀՀ հարկային տեսչության օպերատիվ-հետախուզության վարչության 1-ին բաժնի պետ Գագիկ Օհանյանը: Նա հեռուստաընկերություն ներս մտնելուն պես «ԳԱԼԱ»-ի սեփականատիրոջը՝ Վահան Խաչատրյանին հարցախեղդ արեց:

«Յոթ տարի շարունակ հրավիրում էի, թե եկեք՝ փաստաթղթերս ստուգեք, չէիք գալիս, էդ ինչո՞ւ ամեն ինչ ռեզկի փոխվեց, մտքներդ ընկանք»,- հարկահավաք Գ. Օհանյանին հարցրեց Վահան Խաչատրյանը, ինչին ի պատասխան հարկայինի պաշտոնյան հայտարարեց, որ այս կապակցությամբ մեկնաբանություններ չունի: «Դե որ մեկնաբանություններ չունեք, հարցերիս չեք կարող պատասխանել՝ ինչի՞ համար եք էսքանով ստեղ հավաքվել, ո՞ւմ հարցնեմ, որ պատասխանի, կարո՞ղ է Վահրամ Բարսեղյանը պատասխանի»,- ասաց Վ. Խաչատրյանը: Վերջինս պահանջեց պատասխանել հեռուստաընկերությանը հուզող մեկ շատ կարեւոր հարցի եւս, այն է՝ թե ինչո՞ւ է հարկայինը սկսել հալածել իր գովազդատուներին, ինչո՞ւ է «քչփորում» վերջիններիս՝ հեռուստաընկերության հետ կնքած պայմանագրերը: Այս հարցին եւս հարկահավաքները չկարողացան պատասխանել: Ստուգողների խմբի ղեկավարը՝ Գագիկ Օհանյանը «ԳԱԼԱ»-ի սեփականատիրոջից հետաքրքրվում էր, թե ի՞նչ ծրագրեր են նախատեսել եթերով ցույց տալ: Սեփականատերն էլ իր հերթին նրանց առաջարկում էր «Հինգշաբթի» կամ էլ «Շրջապատ» շաբաթաթերթից ծանոթանալ: Հարկայինի աշխատակիցները հետաքրքրված էին նաեւ հեռուստաընկերության գրանցամատյանով, աշխատակիցների թվով, հաշվապահի հիմնական աշխատող լինել-չլինելով: Եվ քանի որ որոշ հարցեր պետք է ճշտեին հաշվապահի հետ, իսկ վերջինս տեղում չէր, խումբը ղեկավարող Գագիկ Օհանյանը ասաց, որ կսպասեն:

«Թե ժամանակ լցնելու խնդիր ունեք՝ կարող եք նարդի խաղալ»,- հարկահավաքներին խորհուրդ տվեց «ԳԱԼԱ»-ի սեփականատերը:

«Առավոտը» Գագիկ Օհանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են եկել ու քանի՞ օր են «ԳԱԼԱ»-ում ստուգումներ անցկացնելու: Նա համաձայնեց մեզ հետ զրուցել՝ առանց ձայնագրելու, առանց նշումներ անելու եւ հրապարակելու: Իսկ նրա ասածը ընդամենն այն էր, որ ստուգումներն ըստ օրենքի են անցկացնում, որ չորս հեռուստաընկերություններում արդեն եղել են, եւ որ երեսուն օր էլ «Չապ» ՍՊԸ-ում կլինեն, որին պատկանում է նաեւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը: Իսկ մեր այն հարցին՝ գուցե այդ ստուգումներով պատվե՞ր են կատարում, հարկայինի պաշտոնյան կարճ կապեց. «Չեմ հասկանում, ինչո՞ւ են քաղաքականացնում»: Իսկ որ վերջիններիս պատվիրված է անգամ, թե որքան պետք է տուգանեն հեռուստաընկերությանը, այդ մասին մեզ հետ զրույցում չժխտեց հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել