Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼԱՎ ՏՂԵՐՔԸ» ՔԻՉ ԵՆ

Հոկտեմբեր 30,2007 00:00

300 խոշոր հարկատուների ցանկը ցույց է տալիս, որ մեր օլիգարխներից շատերը գերադասում են «լավ տղու» համբավ ձեռք չբերել:

Հարկային պետական ծառայության նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանն իր պաշտոնավարման օրոք Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով 300 խոշոր հարկատուների ցանկի մասին՝ նշեց. «Առաջ հարկ չտալու հիմքում «լավ տղա» լինելու սկզբունքը կար: Հիմա մենք փորձում ենք ապացուցել, որ ոչ թե հարկ չտվողն է լավ տղա, այլ՝ տվողը»: Հոկտեմբերի 25-ին հրապարակված 300 խոշոր հարկատուների նոր ցանկը վկայում է, որ Ֆելիքս Ցոլակյանին այդպես էլ չի հաջողվել, իր խոսքերով, «փշի-փշի» անել հարկատուներին ու նրանց բոլորին «լավ տղա» սարքել: Նրանք դեռ գերադասում են մնալ հարկ չտվող «վատ տղերք»:

Հարկայինի նախկին պետի խոսքերից բոլորովին չի ազդվել Միխայիլ Բաղդասարովը: Նրա «Միկացեմենտը», որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցանկում 117-րդ տեղում էր, հիմա ընդհանրապես 300 խոշոր հարկատուների մեջ չի մտնում: Այս ընթացքում ցեմենտի գները չեն իջել, եւ դատելով մեր երկրում իրականացվող շինարարության ծավալներից, ցեմենտի վաճառքը պետք է խթանված լիներ, հարկերն էլ՝ ավելացած: Բաղդասարովի մյուս ընկերությունները՝ «Միկա Արմենիա թրեյդինգը» եւ «Արմավիան» միասին 1 մլրդ 680 մլն դրամի հարկ են վճարել, ընդ որում՝ «Արմավիան» այս տարվա 9 ամիսներին պետբյուջե մուտքագրել է ծիծաղելի փոքր գումար՝ ընդամենը 156 մլն դրամ: Կարելի է կարծել՝ կա՛մ «Արմավիայի» տոմսերը չեն ծախվում, կա՛մ դրանցից ընկերությունն ըստ էության օգուտ չի ունենում, կամ էլ ամսական ընդամենը մեկ-երկու չվերթ է ունենում: Մինչդեռ «Արմավիան» մեր ազգային փոխադրողն է ու 156 մլն դրամի հարկային ցուցանիշները պետք է որ արձանագրված լինեին դեռեւս առաջին եռամսյակում:

Ցանկում հաճելի անակնկալ է մատուցել Գագիկ Ծառուկյանը: Նրա «Արարատցեմենտը», «Մուլտի գազն» ու «Մուլտի Լեոնը» միասին վճարել են 1 մլրդ 467 մլն դրամ: Եթե հաշվի առնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Գ. Ծառուկյանը վճարել էր ընդամենը 658 մլն դրամ, ընդ որում, այդ ցանկում «Մուլտի գազն» ընդգրկված էլ չէր, կարելի է ասել՝ մի խոշոր հարկատուի Ֆելիքս Ցոլակյանը կարողացել է «դարձի բերել»: Սակայն նկատենք, որ իրականում Գ. Ծառուկյանը տասնյակ բիզնեսներ ունի ոչ միայն ցեմենտի, գազի ու վառելիքի, այլեւ կաթնամթերքի, գինու, կոնյակի, քարի շուկաներում, որոնք հարկատուների ցանկում չեն երեւում:

«Լավ տղերքի» մասին Ֆելիքս Ցոլակյանի դիտարկումը քիչ թե շատ գայթակղել է Սամվել Ալեքսանյանին: Շաքարավազի եւ դեղերի ներկրմամբ զբաղվող նրա «Սալեքս» ու «Նատալի ֆարմ» ընկերությունները միասին վճարել են 6 մլրդ 381 մլն դրամի հարկ: Նախորդ տարի այդ ընկերությունները վճարել էին 5 մլրդ դրամ:

2006-ի ողջ տարվա արդյունքներով՝ Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Պարես Արմենիան», «Նարեկ», «Բջնի» ընկերությունները, «Հայէկոնոմբանկը» եւ Սեւանի հացամթերքների արտադրամասը միասին վճարել էին մոտ 9 մլրդ դրամի հարկ: Սակայն այս տարվա 9 ամիսների կտրվածքով՝ Սուքիասյանների հացի արտադրամասի գործերը կարծես թե հաջող չեն ընթացել. այն այլեւս 300 խոշոր հարկատուների մեջ չի մտնում, եւ Սուքիասյանների բոլոր ընկերությունները միասին այս տարի վճարել են 6 մլրդ 131 մլն դրամ: Չնայած դրան, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ կես մլրդ դրամով ավելի հարկ է վճարել «Պարես Արմենիան»՝ 5,5 մլրդ դրամ:

Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշն» անցյալ տարի էլ ճիշտ նույնքան հարկ է վճարել, որքան այս տարի՝ 7 մլրդ դրամ եւ ցանկում գտնվում է նույն՝ 5-րդ հորիզոնականում:

Ֆելիքս Ցոլակյանի փափագած «լավ տղա» տիտղոսին արժանանալու համար մեր գործարարներից, թերեւս, ամենաշատը կարող է հավակնել Հրանտ Վարդանյանը: Նրա «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Գրանդ Տոբակո», «Գրանդ Քենդի», «Մասիս Տոբակո», «Հ. Մ. Կ.», «Հայհրուշակ», «Գրանդ կոմերց» եւ Մասիսի «Գոֆրո տարա» ընկերությունները միասին վճարել են 7 մլրդ 633 մլն դրամից ավելի հարկ: Սա այն դեպքում, երբ 2006-ի նույն ժամանակահատվածում այդ ընկերությունները միասին վճարել էին մոտ 7 մլրդ դրամի հարկ: Հրանտ Վարդանյանն ընդհանրապես 300 խոշոր հարկատուների ցանկում իր վճարած հարկերի ընդհանուր մեծությամբ 5-րդ հարկատուն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել