Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կպաշտպանեն միասնական թեկնածուին

Հոկտեմբեր 30,2007 00:00

«Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնությունում վստահ են, որ իրականում իշխանությունները հզոր չեն:

Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն ողջունել են ոչ միայն նրա համախոհները, այլ նաեւ այնպիսի ուժեր, որոնք ժամանակին ամենասուր քննադատողներն էին: Հենց այս համատեքստում է մեր զրույցը «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության համակարգող, ապօրինի զենք-զինամթերք պահելու համար ազատազրկված Ժիրայր Սեֆիլյանի հետ: Հեռակա զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ի հանրահավաքի նախօրեին:

– Պարոն Սեֆիլյան, ի՞նչ եք մտածում Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին, մասնավորաբար՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձի:

– Այս ռեժիմի շնորհիվ անցած ինը տարիների ընթացքում մեր երկրում այդպես էլ չձեւավորվեց «քաղաքական դաշտ» հասկացությունը: Ինչպես անցյալ տարիներին, այնպես էլ այս օրերին մենք մնացել ենք այն կարծիքին, որ խիստ անհրաժեշտ է անհապաղ համախմբել մեր երկրի ապագայով մտահոգ բոլոր ուժերին: Այդ համախմբումը պետք է տեղի ունենա գլխավորապես մեկ խնդրի շուրջ՝ օր առաջ ձերբազատվել առկա հակահայ ռեժիմից: Այսօր խնդիրը քաղաքական կամ գաղափարական հայացքների շուրջ համախմբվելը չէ: Միայն այս ռեժիմից ձերբազատվելուց հետո է հնարավոր դա անել:

– Այսօր դուք ազատազրկման մեջ եք՝ ապօրինի զենք եւ զինամթերք թաքցնելու համար, բայց Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք էլ հետախուզման մեջ էիք՝ «Դրո»-ի գործով:

– «Դրո»-ի գործով կամ ընդհանրապես ուրիշ որեւէ գործով ես հետախուզման մեջ չեմ եղել: Երկու տարի Հայաստանից իմ բացակայելու պատճառը եղել է այն, որ ես լսել եմ ՀՅԴ կուսակցության ղեկավարության խորհուրդը: Նրանք նպատակահարմար չէին գտնում իմ վերադարձը հայրենիք: Սակայն ես չէի կարող երկար սպասել եւ հենց Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք՝ 1997-ի սկզբին վերադարձել եմ Հայաստան եւ բանակում անցել պատասխանատու աշխատանքի:

Իսկ ինչ վերաբերում է առաջիկա նախագահական ընտրություններին՝ պաշտպանելու ենք միայն ու միայն ընդդիմադիր միասնական թեկնածուին: Նրան՝ ով կգլխավորի այս հրոսակախմբին ասպարեզից հանելու գործը: Կոնկրետ թեկնածուն պետք է ընթացքում խոհեմաբար որոշվի եւ կանգ առնվի այն մարդու թեկնածության վրա, ում ներուժը կլինի առավելագույնը:

– Բայց ժողովրդի մեջ կարծրացած տեսակետ կա, թե այս իշխանություններն այնքան են ամրացել, որ անհնար է իշխանափոխություն իրականացնել:

– Իմ կարծիքը ճիշտ հակառակն է: Այս իշխանությունները շատ թույլ են բոլոր առումներով: Մարդիկ եթե կարծում են, որ փողի ուժով եւ պետական մեքենայով հնարավոր է ամեն ինչ անել, ապա չարաչար սխալվում են: Ռեժիմի հզոր լինելու պատրանքը ձեւավորվել է միայն ու միայն ընդդիմադիր դաշտի պառակտվածության եւ անկազմակերպվածության շնորհիվ: Ուստի, առաջիկայում ընդդիմության նվազագույն կազմակերպվածությունն ու վճռականությունը փշրելու են ռեժիմի հզոր լինելու միֆը:

– Հնարավոր համարո՞ւմ եք մինչեւ նախագահական ընտրությունները ձեր եւ ձեզ հետ ձերբակալվածների ազատումը վաղաժամ-պայմանական տարբերակով:

– Քանի որ մեր անազատության մեջ գտնվելն ուղղակի կապ ունի երկրի ներքաղաքական զարգացումների հետ, որն այժմ վայրիվերումների մեջ է, ուստի չի բացառվում, որ հանգամանքներն այնպես դասավորվեն, որ մենք հայտնվենք ազատության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել