Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԼՌԵԼ ՏԱՍԸ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ»

Հոկտեմբեր 30,2007 00:00

\"\"Խորհրդարանական ուժերը չեն ուզում մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը

«Բոլորովին չեմ կասկածում, որ իմ ընդդիմախոսներից ոմանք վաղը նորից լուրջ դեմքերով կհայտարարեն՝ Տեր-Պետրոսյանն այս անգամ եւս բավարարվեց միայն փաստերի կոնստատացիայով ու քննադատությամբ, չառաջարկելով որեւէ ծրագրային լուծում եւ չարձագանքելով իրեն ու նախկին իշխանություններին ուղղված մեղադրանքներին»,- ուրբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքում իր մեկուկես ժամանոց ելույթում հայտարարել էր առաջին նախագահը: Եվ չէր սխալվել, քանի որ երեկ խորհրդարանում բոլորն անխտիր զբաղված էին հենց այդ ելույթը քննարկելով, գնահատելով եւ վերլուծելով, եւ, այո, ասվում էր նաեւ այն, ինչ կանխատեսել էր Տեր-Պետրոսյանը, սակայն հրապարակավ խոսելու ցանկություն քչերն ունեին. «Լավ, էլի, ինձ մի խոսացրու» կամ՝ «Բա ինձ պե՞տք ա, գլուխս ցավի տակ դնեմ»: Մեր մի զրուցակիցն էլ բառացի ասաց. «Իսկ ինչո՞ւ էր լռում 10 տարի, այսինքն՝ այդքան ժամանակ ինքը իր համար ապրում էր եւ նույնիսկ իր կողմից առաջ քաշված խնդիրների վրա թքած ուներ, հիմա, ուրեմն, ինչո՞ւ է մեջտեղ եկել: Տասը տարի ձեռքերը լվացել էր, հիմա ի՞նչ է ասում, որ չգիտենք»:

Ազգային ժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանելով «Առավոտի» հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին հայտարարությունից հետո Հանրապետականը պատրաստվո՞ւմ է փոխել նախագահական ընտրություններում իր որդեգրած մարտավարությունը, ասաց. «ՀՀԿ-ի պես ազդեցիկ կուսակցությունը իր մարտավարությունը փոխելու կարիք չունի՝ անկախ նրանից, թե ովքեր կառաջադրվեն նախագահի թեկնածու: Անիմաստ կլինի, եթե նախագահական ընտրություններին մասնակցող ամենաազդեցիկ քաղաքական ուժը այս կամ այն թեկնածուի մասնակցության կամ չմասնակցության հետ կապված իր մոտեցումներում փոփոխություններ անի»: Անդրադառնալով ուրբաթ կայացած հանրահավաքին, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ասաց. «Շատ բան էր արված, որ շատ ժողովուրդ հավաքվի: Եվ չեմ կարծում, որ սպասելիքները հաստատվեցին»: Պարոն Թորոսյանը որեւէ մեկնաբանություն չտվեց առաջին նախագահի ելույթում հնչած մտքերի կապակցությամբ:

ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Ռուստամյանը «Առավոտի» հետ զրույցում չուզեց մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, ասելով, որ այդ ելույթը դեռ պետք է ուսումնասիրվի. «Բավականին մեծածավալ է, եւ ես հիմա պատրաստ չեմ այն ամբողջական գնահատելու: Ինչ վերաբերում է առաջադրմանը, մեր տեսակետը նույնն է եղել մինչեւ իր կողմից պաշտոնական առաջադրման մասին հայտարարելը, հիմա էլ շարունակում է նույնը մնալ, որ մենք շատ նորմալ ենք համարում այդ առաջադրումը եւ համարում ենք, որ այդ առաջադրմամբ երկրում իսկապես հնարավորություն կստեղծվի ծավալել քաղաքական-գաղափարական բանավեճ: Մենք մեր կողմից այդ բանավեճը ողջունել ենք եւ համարում ենք, որ այդ բանավեճի առկայությունը օգտակար է իրական ընտրություններ անցկացնելու առումով, քաղաքական զարգացումները ավելի գունավորելու առումով, եւ արդեն իսկ իր մուտքը քաղաքական դաշտ՝ նման գնահատումների հնարավորություն տվել էր, հիմա էլ եթե պաշտոնապես կառաջադրվի, սա նշանակում է՝ մեզ սպասվում է լուրջ մրցակցություն: Իսկ այդ մրցակցությանը մենք պատրաստ ենք»: Դաշնակցության մարտավարությունը եւս չի փոխվի Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ, քանի որ, Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ, Դաշնակցության մարտավարությունը ամենեւին կապված չէ այն բանի հետ, թե ով կառաջադրվի եւ ով չի առաջադրվի. «Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ մեր ծրագրերով ենք ներկայանալու, եւ այդ ծրագրերը, անկախ նրանից, թե ովքեր են առաջադրվելու, մեր կողմից խորապես վերլուծված են: Մեր ծրագրերի վրա ենք կառուցելու մեր քարոզչությունը՝ առանց դիմելու հակաքարոզչական մեթոդների: Սակայն համապատասխան հակազդեցություն հնարավոր հակաքարոզչությանը՝ բնականաբար, տալու ենք»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը Տեր-Պետրոսյանի առաջադրումը համարում է ոչ միայն վերջինիս ցանկությունը, այլեւ այն ուժերի, «որոնք ժամանակին եղել են իշխանության մոտ կամ իշխանություն: Եվ կարծում եմ, անփոփոխ են մնացել նրանց մեջ ոչ միայն իշխանությունը ետ ստանալու ցանկությունը, այլեւ դիրքորոշումները, եւ ես ոչ թե քննադատաբար, այլ ուղղակի ֆիքսում եմ, որ դա այդպես է եւ կարծես թե չկային այս տասը տարիները»: Լարիսա Ալավերդյանը այն կարծիքին է, որ առաջին նախագահի եւ մյուս թեկնածուների տարբերությունն այն է, որ առաջինի դեպքում «կա խումբ, որը ժամանակին եղել է իշխանություն, հիմա ունի հստակ ցանկություն՝ վերադառնալ: Դա գործոն է: Եթե համեմատենք այլ խմբերի հետ, բոլոր դեպքերում Լեւոն Տեր-Պետրոսյանը ունի թեկուզ հնուց եկած, բայց թիմ, եւ երկրորդը, առնվազն թեկուզ միջին էշելոնի ներկայացուցիչներից շատերը մնացել են իշխանության մեջ, այսինքն՝ չեն կտրվել ոչ հմտությունների առումով եւ ոչ էլ, ըստ երեւույթին, կորցրել են ցանկությունը՝ լինել ավելի բարձր մակարդակներում: Դա կարող է այդ խմբի համար որոշիչ լինել քվեները հավաքելու ժամանակ»: Այնուամենայնիվ, առաջին նախագահի ընտրվելու հավանականությունը տիկին Ալավերդյանը ցածր է գնահատում. «Ոչ թե նրա համար, որ թիմի շանսերն եմ ցածր գնահատում, այլ գտնում եմ, որ փոփոխված իրավիճակում հանդես գալ անփոփոխ, նույն թեզերով՝ արգասաբեր չի կարող լինել»: Տիկին Ալավերդյանն այսօրվա ռեալ այլընտրանքը համարում է ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանին, այլ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Եվ դա վերաբերում է ոչ միայն իր կրթական կամ այլ շատ ավելի բարձր ցենզերին, այլ այն քաղաքական պլատֆորմին, որով Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է գալիս»: «Ժառանգության» ներկայացուցիչը գտնում է, որ 95-ից այս կողմ մեզանում իրական ընտրություն չի եղել, եւ մարտավարությունը պետք է լինի իրական ընտրության ապահովումը:

«Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակից մեզ տեղեկացրին, որ դրական են վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկությանը, սակայն առայժմ ձեռնպահ մնացին մեկնաբանել Տեր-Պետրոսյանի ելույթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել