Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ

Հոկտեմբեր 30,2007 00:00

\"\"Հոկտեմբերի 23-ի խաղաղ երթի մասնակիցները, որոնց նկատմամբ ոստիկանությունը բռնություններ էր կիրառել՝ գործի դնելով մահակներ ու արցունքաբեր գազ, երեկ հրավիրվել էին Կենտրոնի ոստիկանություն:

Երեկ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի քննչական բաժին հարցաքննության էին հրավիրվել հոկտեմբերի 23-ի երեկոյան նույն բաժին բերման ենթարկված եւ Երեւանում խաղաղ երթի մասնակից քաղաքական գործիչներն ու նրանց ուղեկցած լրագրողները, որոնք առայժմ կասկածվում են իբր ճանապարհային երթեւեկությունը խոչընդոտելու, խուլիգանություն անելու, ոստիկանների «օրինական» պահանջները չկատարելու, նրանց դիմադրություն ցույց տալու, նաեւ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Հիշեցնենք, որ հիշյալ դեպքի առնչությամբ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին եւ երկրորդ կետերով եւ 316 հոդվածի 1-ին մասով: Երեկ ոստիկանության նույն բաժնում կասկածյալի կարգավիճակում հարցաքննվել են «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ու նրա որդին՝ Կարենը, «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանը, նաեւ գործով որպես վկաներ անցնող «Այլընտրանքի» հիմնադիր անդամ Դավիթ Մաթեւոսյանն ու նրա որդին՝ Թեւոսը, «ՉԻ» լրագրող Գոհար Վեզիրյանն ու այլք:

Պ. Մակեյանը երեկ մեզ հետ զրույցում նախ ասաց, թե համաձայն չէ քրգործի հարուցման որոշման մեջ առկա ձեւակերպումների հետ՝ հասարակական կարգի խախտում, խուլիգանություն, դիմադրություն ոստիկաններին եւ այլն: Պ. Մակեյանի գնահատմամբ, դրանք իրականությունը հերթական անգամ խեղաթյուրելու անհաջող փորձեր են: Մակեյանը երեկ հրաժարվել է ցուցմունք տալ՝ այն բանից հետո, երբ իր պահանջին՝ ասել, թե այդ քրգործում ինչ կարգավիճակ ունեն ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ, տեղի ունեցածի հիմնական դերակատար եւ հրահրիչ Սաշիկ Աֆյանն ու փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը, ոստիկանությունում պատասխանել են, թե դա գաղտնիք է: Փոխարենը շուրջ երկու ժամ տեւել է Պ. Մակեյանի առերեսումը ոստիկանության մի մայորի հետ, որը, կուսակցության նախագահի գնահատմամբ, սուտ ցուցմունք տված ոստիկաններից մեկն էր:

Երեկ մինչեւ ուշ երեկո հարցաքննվել է նաեւ Պ. Մակեյանի որդիներից մեկը՝ Կարենը: Նրա մյուս տղան՝ Տիգրանը, եւս հրավիրված է եղել ոստիկանություն, բայց հարցաքննության չի ներկայացել: Հոկտեմբերի 23-ին ոստիկանների կողմից գլխին ստացած հարվածների արդյունքում երեկ Տիգրանին շտապօգնության կանչով ուժեղ գլխացավով եւ սրտի նոպայով տեղափոխել են հիվանդանոց:

Հարցաքննության ներկայացած Շ. Մաթեւոսյանը եւս հրաժարվել է ցուցմունք տալուց եւ քննչական որեւէ այլ գործողության մասնակցելուց: Փոխարենը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց տիկին Մաթեւոսյանը, ինքը հետամուտ է լինելու, որպեսզի իրեն զրպարտելու համար օրենքի առաջ պատասխան տան ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանն ու ոստիկանության քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանը, որոնք հայտարարել էին, թե Շ. Մաթեւոսյանը միջադեպի պահին եղել է անսթափ վիճակում: «Ես եմ դրանց դատի տալու: Ոմն Մահտեսյան թառում է ԱԺ ամբիոնին եւ հայտարարություն է անում մի բանի մասին, որը չի համապատասխանում նույնիսկ ոստիկանության անցկացրած փորձաքննության արդյունքին: Նա վկայություն է տալիս մի բանի մասին, որին ընդհանրապես տեղյակ չէ»,- ասաց «ՉԻ»-ի խմբագիրը, որն, ի դեպ, չբացառեց, որ առաջիկայում իրեն կարող են նաեւ մեղադրանք առաջադրել:

Նույն թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի հարցաքննությունը երեկ կիսատ է մնացել նրա վատ ինքնազգացողության պատճառով: Այսօր նրան կրկին հրավիրել են ոստիկանություն. «Ինձ հրավիրել էին որպես վկայի, թեեւ տուժողի կարգավիճակում պիտի լինեի: Առերեսում չի եղել, ուղղակի ինձ հարցնում էին՝ եթե տեսնեք ձեզ հարվածողին, կճանաչե՞ք: Ես ասել եմ՝ այո, ու մանրամասն նկարագրել եմ մասնավորապես Նիկոլի եւ Աֆյանի միջեւ եղած խոսակցությունը»: Գ. Վեզիրյանի մատուցմամբ, քննիչներն իրենց հարցերում շեշտը դրել էին երթի մասնակիցների թվի վրա՝ թերեւս փորձելով հաստատել ոստիկանների այն հայտարարությունները, թե ցուցարարները խոչընդոտել են երթեւեկությանը. «Ես մի քանի անգամ շեշտել եմ, որ երթի մասնակիցները քայլել են մայթով, եւ եթե եղել է մեկը, որ խանգարել է երթեւեկությանը, ապա դա ոստիկանությունն է եղել, որովհետեւ նա իր ավտոմեքենաները կանգնեցրել էր անթույլատրելի տեղում ու խցանել էր ճանապարհային երթեւեկությունը՝ առաջացնելով ավելորդ լարվածություն»:

Ի դեպ, «Առավոտի» տեղեկություններով, քաղաքային վարչության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի մասով նույն ոստիկանությունում չբավարարվելով նրա կողմից ներկայացված զեկուցագրով՝ նաեւ հարցաքննել են: Սա, «ՀԺ» խմբագիր Նիկոլ Փաշինյանի մատուցմամբ, նշանակում է, որ այս քրգործը քննողները հասկանում են, որ իրավիճակը փոփոխվում է, եւ մոտ ապագայում կարող է անհրաժեշտություն առաջանալ այսօրվա կասկածյալների փոխարեն քրգործում իբրեւ կասկածյալ ներգրավել հե՛նց Սաշիկ Աֆյանին: Ն. Փաշինյանը համոզված է, որ այդ օրը տեղի ունեցած միջադեպի համար բոլոր մեղավոր ոստիկանները կպատժվեն. «Մեկ ամիս այս կամ այն կողմ՝ մեծ նշանակություն չունի: Կարծում եմ, որ Սաշիկ Աֆյանի անունը հոկտեմբերի 26-ի հանրահավաքում պատահական չի հնչել: Նա պոտենցիալ ամբաստանյալ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել