Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիկն ու Աբրահամը կմենամարտեն նույն օ՞րը

Հոկտեմբեր 27,2007 00:00

IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, 27-ամյա Արթուր Աբրահամը, արտասահմանյան լրատվամիջոցների հավաստմամբ, դեկտեմբերի 8-ին Բազելի (Շվեյցարիա) «Jakob Halle» մարզասրահում պաշտպանելու է իր չեմպիոնական գոտին: Նրա մրցակիցը լինելու է անգլիացի Ուեյն Էքլոքը: Նա 33 տարեկան է, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 20 մենամարտ, տարել 18 հաղթանակ, որից 8-ը՝ նոկաուտով, կրել 2 պարտություն (1-ը՝ նոկաուտով) եւ IBF-ի ցուցակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:Արթուրի մարզական կենսագրությունը պրոֆեսիոնալ բռնցքամարտում ավելի տպավորիչ է. 24 մենամարտ, նույնքան հաղթանակ, որից 19-ը՝ ժամկետից շուտ:ԶԼՄ-ները տեղեկացնում են նաեւ, որ օրերս Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) ղեկավարությունը մենամարտ է նշանակել այդ կազմակերպության թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ ֆիլիպինցի Զեդ Հորրեսի միջեւ, որի հաղթողը հռչակվելու է առաջին թեթեւագույն քաշային կարգում հոկտեմբերի 13-ին աշխարհի չեմպիոն դարձած 28-ամյա ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի պարտադիր հավակնորդ: «Վախթանգը գիտի, որ Հորրեսը ուժեղ բռնցքամարտիկ է, ձախլիկ եւ նոկաուտ անող հարվածով եւ ինչ-որ բանով նման է իրեն,- ասել է Դարչինյանի ներկայացուցիչ Անջելո Հայդերը:- Վերջերս Հորրեսը մրցավարների խիստ կասկածելի վճռով պարտվել է WBO-ի չեմպիոն Ֆերնանդո Մոնտիելին: Բայց դա չի խանգարում, որ Հորրեսը մնա որպես առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի լավագույն բռնցքամարտիկներից մեկը»:IBF-ի ներկայացուցիչ Լինդսեյ Տակկեր-կրտսերը հայտարարել է, որ երկու բռնցքամարտիկներն էլ պարտավոր են առանց հապաղելու ընտրական մարտին մասնակցելու իրենց ցանկության մասին տեղյակ պահել ֆեդերացիային, հակառակ դեպքում IBF-ը ստիպված կլինի քննարկել ուրիշների թեկնածությունը: Այստեղ հարկ է նշել, որ երկու բռնցքամարտիկների ամերիկացի պրոումոթերները արդեն դեկտեմբերին բռնցքամարտի մեծ շոուներ են ծրագրել եւ եթե նրանց հաջողվի պայմանավորվել, ապա Դարչինյան-Հորրես մենամարտը կարող է կայանալ դեկտեմբերի 1-ին կամ 8-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել