Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 27,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ քսաներկուերորդ

ՀԱՏՈՒՑՄԱՆ ԶԵՆՔԸ

Եվ Բիձեն բարեհամբույր բոլորիս ժպտաց ու ասաց՝ «հիմա արդեն կարող ենք հանգիստ ու վերջնականապես նստել, քաջե՛ր», ու բոլորս նստեցինք, եւ հենց էդ պահին Դոցենտի բնակարանի դուռը դղրդաց, եւ Բիձեն ասաց՝ «անմիջապես զգացվում է, որ անտաշ ու բռի բանվոր դասակարգն է շնորհ անում», եւ Դոցենտն ասաց՝ «ինքը մեղավոր չի, որ դռանս զանգը չի աշխատում», եւ Բիձեն ժպտաց ու ասաց՝ «ես ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ», եւ Դոցենտը Բիձուն զգուշացրեց ու ասաց՝ «Արտաշի մոտ հանկարծ ավելորդ բաներ չխոսաս», եւ Բիձեն ասաց՝ «ամեն ինչ կախված է օղու որակից, կոլե՛գա», եւ Դոցենտը գնաց ու քիչ անց վերադարձավ մոտավորապես իմ տարիքի անթրաշ ու ամրակազմ մեկի հետ, որն ամոթխածորեն նախ Բիձու ուսադիրներին նայեց, հետո մեկ առ մեկ մեզ նայեց, այնուհետեւ ծոցագրպանից հանեց «Պշենիչնու» յոթ հարյուր հիսուն գրամանոց շիշը, դրեց սեղանին, եւ երբ Դոցենտն ասաց՝ «տղերքի հետ ծանոթացի, Արտաշ ջան», Արտաշը մեկ առ մեկ բոլորիս ձեռքերը ցավեցնելու աստիճան սեղմելով ասաց՝ «Արտաշ», եւ Դոցենտն Արտաշի բերած օղին բացելով՝ նայեց շշին, այնուհետեւ նայեց Բիձուն ու ասաց՝ «լավ արաղ ա», եւ Բիձեն շիշը Դոցենտի ձեռքից վերցրեց, նայեց շշին ու ասաց՝ «բոլոր դեպքերում, «Լուսաստղի» տարբերակից ապահովագրված ենք», եւ Դոցենտը մեր բաժակները լցնելով ասաց՝ «Արտաշը մեր էքսպեդիցիայի ամենակարեւոր օղակն ա, ես կասեի՝ մեր ամենակարող ուժը», եւ Բիձեն քամահրանքով նայեց Դոցենտին ու ասաց՝ «բանվոր կա, որ հազար դոցենտ արժե», եւ Արոն ավելացրեց՝ «նույնիսկ ակադեմիկոս», եւ Դոցենտն ուրախացած ասաց՝ «Արտաշը հենց էդ տղեն ա», եւ Բիձեն Դոցենտին հարցրեց՝ «ի՞նչ ես առաջարկում», եւ Դոցենտը պատասխանեց ու ասաց՝ «առաջարկում եմ Արտաշի կենացը խմենք», եւ Արտաշը կարմրած ու զարմացած հարցրեց՝ «բայց խի՞ հենց ի՛մ կենացը», եւ Բիձեն Դոցենտի փոխարեն պատասխանեց եւ ասաց՝ «որովհետեւ բոլոր կենացներն անվերադարձ խմված են, դոն Արտաշես», եւ Արտաշը ժպտաց ու Դոցենտին հարցրեց՝ «շուտվանից ե՞ք նստած», եւ Դոցենտը նայեց ժամացույցին ու ասաց՝ «արդեն էրկուսուկես ժամ ա ըլնում», եւ Բիձեն Արտաշին ասաց՝ «եղբայր Արտաշ, մեզ մոտ ընդունված չէ անհատական եւ անձնավորված կենացներ խմել», եւ Արտաշը զարմացած նայեց Դոցենտին ու հարցրեց՝ «բա իմ կենացը խի՞ եք ուզում խմեք», եւ Դոցենտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ դու էս շրջապատում նոր մարդ ես, Արտաշ ջան», եւ Բիձեն բաժակը բարձրացնելով՝ Արտաշին ժպտաց ու ասաց՝ «ի դեմս ձեզ, եղբայր Արտաշ, առաջարկում եմ խմել քարից հաց քամող եւ գետնուղիներում շռող մեր առաջադեմ բանվոր դասակարգի կենացը», եւ մինչ Դոցենտը կայլայլվեր, Արտաշն անսպասելի ծիծաղեց եւ Դոցենտին ասաց՝ «էդ գետնուղու պատմությունն արդեն աշխարհով մեկ ես արե՞լ», եւ Դոցենտն այլայլված նայեց Բիձուն ու ասաց՝ «մենք չպայմանավորվեցի՞նք, որ էդ մասին խոսակցություն չենք բացելու», եւ Բիձեն միանգամայն լուրջ տոնով պատասխանեց ու ասաց՝ «համաձայն Հինգշաբթվա վկաների կանոնադրության, առանց քննարկման եւ առանց քվեարկության որեւէ պայմանավորվածություն չի կարող լինել», եւ Դոցենտը փնթփնթաց ու ասաց՝ «բայց էս լրիվ ուրիշ՝ լրիվ անձնական հարց ա», եւ Բիձեն խիստ տոնով ասաց՝ «համաձայն Հինգշաբթվա վկաների ծրագրի, մենք մշտապես պիտի վեր գտնվենք անձնական հարցերից», եւ Դոցենտը քթի տակ փնթփնթաց ու ասաց՝ «ես է՛լ եմ էդ ասում», եւ Բիձեն թարս նայեց Դոցենտին ու հարցրեց՝ «ի՞նչ ես ասում», եւ Դոցենտն ասաց՝ «ասում եմ՝ չանձնականացնենք», եւ Բիձեն շատ չոր տոնով ասաց՝ «ես ընդամենը առաջադեմ պրոլետարիատի կենացն եմ առաջարկել. ավելացնելու բան ունե՞ք, պարոն Դոցենտ», եւ Դոցենտն ասաց՝ «ուզում եմ ասեմ՝ մարդկանց չնեղացնենք», եւ Բիձեն ասաց՝ «այստեղ որեւէ մեկը որեւէ մեկին չի նեղացրել», եւ Արոն ավելացրեց ու ասաց՝ «կարծում եմ, որեւէ մեկը որեւէ մեկից չի նեղացել», եւ Բիձեն նայեց Արտաշին ու հարցրեց՝ «որեւէ մեկից նեղացե՞լ եք, եղբայր Արտաշ», եւ Արտաշն ամոթխած ժպտաց ու ասաց՝ «մի քիչ նեղացել եմ, բայց՝ անցած ըլնի», եւ Բիձեն Արտաշին հարցրեց՝ «ումի՞ց եք նեղացել», եւ Արտաշը նախ Դոցենտին նայեց, հետո նայեց Բիձուն, ժպտաց ու ասաց՝ «Դոցենտից քիչըմ նեղացած եմ, որ էդ պադզեմնու պատմությունն աշխարհով մեկ ա արել», եւ Դոցենտն ապշահար նայեց Արտաշին, հետո նայեց Բիձուն ու կմկմաց՝ «փաստորեն, ե՛ս վատամարդ դուս էկա», եւ Բիձեն ժպտաց ու ասաց՝ «փաստորեն» եւ այդ ասելով՝ Բիձեն տեղից վեր կացավ, մոտեցավ Դոցենտին, ձեռքը դրեց Դոցենտի գլխին, գլուխը շոշափեց ու ասաց՝ «ոչինչ էլ չկա», եւ Դոցենտը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ պիտի ըլներ», եւ Բիձեն ժպտաց ու ասաց՝ «չար լեզուներն ասում են, թե՝ լավություն անողի գլուխը ծակ ա, բայց քոնը միանգամայն նորմալ վիճակում ա», եւ Դոցենտն անկախ իրենից գլուխը շոշափելով՝ նայեց Արտաշին ու դժգոհ փնթփնթաց՝ «փոխանակ Մայորից նեղանաս, ինձնից ե՞ս նեղանում», եւ Արտաշը նայեց Բիձուն, հետո զարմացած նայեց Դոցենտին ու ասաց՝ «բայց ինքը մայոր չի՝ պադպալկովնիկ ա», եւ Դոցենտն Արտաշին ասաց՝ «ես պադպալկովնիկ չեմ, դրա համար ե՞ս ինձանից նեղանում», եւ Բիձեն սեւեռուն ու խիստ Դոցենտին նայեց, այնուհետեւ բաժակը բարձրացրեց ու ասաց՝ «թույլ տվեք մի կենաց էլ ասել, քաջե՛ր», եւ Արոն ասաց՝ «ասա՛, Մե՛յջեր. լսում ենք», եւ Բիձեն վերստին խիստ նայեց Դոցենտին, այնուհետեւ գլուխը բարձրացրեց, նայեց առաստաղին ու ասաց՝ «օրհնվի էն սհաթը, երբ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ, եւ մենք վերջնականապես թարգեցինք քամի բռնաբարելու արատավոր սովորույթը», եւ Արոն ծիծաղեց ու ասաց՝ «հա. վերջնականապես թարգեցինք», եւ Բիձեն տհաճությամբ նայեց Դոցենտին ու ասաց՝ «ի տարբերություն ոմանց», եւ Դոցենտը համարձակ նայեց Բիձուն ու ասաց՝ «այո, իհա՛րկե. ի տարբերություն ոմանց», եւ Բիձեն նայեց ժամացույցին, տեղից վեր կացավ ու ասաց՝ «ստիպված եմ հրաժեշտ տալ ձեզ, քաջե՛ր», եւ Արոն հարցրեց՝ «արդեն ժամանա՞կն ա, Մեյջեր», եւ Բիձեն նայեց ժամացույցին ու ասաց՝ «վաղուց ժամանակն է, Սերգե՛յիչ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ազգային անվտանգության դոկտրինը ո՛չ միայն գրում են, այլեւ ի կատար են ածում», եւ Արոն հարցրեց՝ «համ գրում ես, համ էլ ի կատար ե՞ս ածում», եւ Բիձեն պատասխանեց ու ասաց՝ «անտարակույս», եւ Արոն ասաց՝ «փաստորեն, համ ճառն ես գրում, համ էլ զանգն ես կախում», եւ Բիձեն ժպտաց ու ասաց՝ «փաստորեն», եւ Արոն հարցրեց՝ «երբվանի՞ց ես սկսելու ի կատար ածել», եւ Բիձեն նայեց ժամացույցին ու ասաց՝ «առավոտվա իննից» եւ ժպտալով ավելացրեց՝ «ես շարժվեմ, քաջե՛ր», եւ Տիկոն հարցրեց՝ «խի արդեն առավոտվա ինն ա՞», եւ Բիձեն նայեց Տիկոյին, հետո նայեց մյուսներիս, ներողամտորեն ժպտաց ու ասաց՝ «կարող եք ազատ կատակել, պարոնայք. մեր հերթական նիստի պաշտոնական մասն ավարտված է» եւ խորը հոգոց հանեց ու հառաչեց՝ «ա՜խ, այդ կանոնակարգային հարցե՜րը», եւ Վահանը Բիձուն ասաց՝ «մի քիչ էլ նստեիր, միասին դուրս կգայինք», եւ Բիձեն քամահրանքով նայեց Դոցենտին ու Վահանին ասաց՝ «իմ գնալը ճիշտ է», եւ Վահանը հարցրեց՝ «ինչո՞վ ա ճիշտ», եւ Բիձեն քամահրանքով նախ Դոցենտին նայեց, հետո Տիկոյին նայեց եւ Վահանին պատասխանեց ու ասաց՝ «իմ բացակայությամբ տղաներն իրենց մի քիչ ազատ կզգան», եւ Վահանը հարցրեց՝ «բա հաջորդ անգամ ե՞րբ ենք հավաքվելու», եւ Բիձեն ասաց՝ «լողացող գրաֆիկով», եւ Վահանը հարցրեց՝ «լողացող գրաֆիկով, բայց ե՞րբ», եւ Բիձեն պատասխանեց ու ասաց՝ «դուք իրար հետ կպայմանավորվեք, իսկ համանախագահներն ինձ տեղյակ կպահեն», եւ Արոն հարցրեց՝ «քեզ ո՞ր օրն է հարմար, Մե՛յջեր», եւ Բիձեն պատասխանեց ու ասաց՝ «ինձ համար միեւնույն է. ես իննից հինգը դոկտրինի մեջ եմ խրված, իսկ հինգից հետո ձեր տրամադրության տակ եմ» եւ այդ ասելով՝ Բիձեն մեծահոգաբար նախ Դոցենտի ձեռքը սեղմեց, այնուհետեւ մեկ առ մեկ բոլորիս ձեռքերը սեղմելով եւ հայացքը գցելով ձկների մնացորդներին ու Արտաշի բերած շշին՝ ժպտաց ու ասաց. «Ձեզ բարի վայելում ու իմաստալից ժամանց եմ մաղթում, քաջե՛ր»:

Բիձու գնալուց հետո մենք ահագին երկար նստեցինք, բայց, ինչպես երեւի հասկանում եք, ես հիմա Բիձուն հաջորդած խոսակցությունները նկարագրելու ոչ ցանկություն ունեմ եւ ոչ էլ իրավունք ո՛չ միայն էն պատճառով, որ Բիձու հեռանալուց հետո իր վերաբերյալ բամբասանքներն ու չարախոսություններն անմիջապես ծայր առան ու սկսվեցին, այլեւ էն պատճառով, որ վաղուց արդեն պատրաստվում եմ վերադառնալ ու արդեն վերջնականապես վերադառնալու եմ բուն նյութիս, իսկ բուն նյութս, հիշում եք, «Ապագա բժիշկ» նորամուտս ու նորամուտիս հետ կապված իմ ու Ախալքալաքցի Աշոտի ուտուշխմուշն էր, որ պիտի պսակվեր փոխպարետ Վարոսի խցում եփվող նրբերշիկներով, իսկ ինչ վերաբերում է Բիձու գնալուց հետո Բիձու շուրջ պտտված խոսակցություններին, դրանք բամբասանք անվանելը կարծում եմ մի քիչ սխալ կլինի, որովհետեւ այն՝ ինչ բնական է, սխալ համարելն իսկապես սխալ է, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Բիձուն ու իր հեռանալուց հետո ծայր առած խոսակցություններին, ապա ցանկացած հայ մարդ եւ համանախագահ ու փոխգնդապետ անժամանակ ու վաղաժամ լքելով որեւէ սեղան՝ պարտավոր է հոգեբանորեն պատրաստ լինել իր հետեւից ամեն տեսակ խոսակցությունների առկայությանը, եւ Բիձու պարագայում ու Բիձու գնալուց հետո իր մասին խոսակցություններն էն նվազագույնն էին, որ սովորաբար մարդու վաղաժամ հեռանալուց հետո ընթանում ու տեղի են ունենում. այսինքն, Բիձու գնալուց հետո իր մասին մեր եւ նույնիսկ Դոցենտի ասածները բամբասանք անվանել չի կարելի, մանավանդ որ՝ Բիձեն մանավանդ Արտաշի առումով մանավանդ Դոցենտին խոսելու տեղ լիուլի տվել ու նոր էր գնացել, եւ, չնայած էդ հանգամանքին, Դոցենտը բամբասելու հավես ու մանավանդ ժամանակ չուներ եւ ընդամենը մի քանի րոպե քթի տակ փնթփնթալուց ու պրոլետարիատին Բիձուց պաշտպանելուց հետո անմիջապես անցավ իր ռեպերտուարի երկրորդ եւ արդեն միանգամայն անկաշկանդ ու լիակատար կատարմանը:

Հիմա արդեն կարող եմ վերադառնալ յոթանասունվեց թվականի օգոստոս ու Բժշկական ինստիտուտ միանգամայն հանգիստ խղճով, որովհետեւ իմ ու էն երկու ոստիկանների գիշերային հանդիպումից արդեն մի ամբողջ ամիս է անցել, եւ արդեն մի ամբողջ ամիս է՝ որեւէ խաղադրույք չեմ դրել ո՛չ օնլայն եւ ո՛չ էլ հեռակա տարբերակով, եւ հիմա արդեն էն կարծիքին եմ, որ էս մի ամիսը հեշտությամբ կարող է երեք ամիս դառնալ, որովհետեւ սեփական փորձով արդեն գիտեմ, որ ամենադժվարն էս առաջին ամիսն է, ու որ ասում եմ՝ էս մի ամիսը կարող է երեք ամիս դառնալ, միանգամայն վստահ եմ ասում, ու որ ընդամենը երեք ամիս եմ ասում եւ ոչ թե երեք տարի, դրա պատճառն այն է, որ համոզված չեմ, թե էս առաջիկա երեք ամիսների ընթացքում ավելի հետաքրքիր զբաղմունք եմ գտնելու, բայց համոզված եմ, որ եթե երեք կամ չորս ամսից վերստին վերադառնամ խաղադրույքներիս, արդեն միանգամայն այլ իրավիճակի ու հոգեվիճակի մեջ եմ լինելու, ավելի ստույգ՝ երեք կամ չորս ամսից էդ նույն զբաղմունքին վերադարձողը ոչ թե ես եմ լինելու, այլ՝ ինձանից միանգամայն տարբեր մեկ ուրիշը, ավելի ստույգ՝ էդ մեկ ուրիշն է՛լ եմ ես լինելու, բայց՝ միանգամայն այլ հոգեվիճակով, եւ, որ ամենակարեւորն է, միանգամայն ա՛յլ առողջական վիճակով. այսինքն, էս պահին իմ նպատակը ոչ թե բուքմեյքերական տարածքներից ոտքս հիմնավորապես ու վերջնականապես կտրելն է, այլ, ընդհակառակը, հիմնավորապես առողջացած՝ արդեն հարազատ դառած էդ տարածքներ վերադառնալս, ու էս ուղղությամբ ամենադժվար պահերն իմ կողմից արդեն հաջողությամբ հաղթահարված են, եւ էսօր արդեն երեսուներորդ օրն է՝ որ որեւիցե խաղադրույք չեմ դրել, եւ չնայած օրը նոր է սկսվել ու էս սկսվածը շաբաթ է, բայց վստահ եմ, որ էսօրվա օրն էլ եմ անբասիր ու անհետեւանք անցկացնելու, եւ եթե ոստիկանների ու իմ կեսգիշերային հանդիպմանը հաջորդած էս երեսուն երկարուձիգ օրերին տնից դուրս գալիս հետս համարյա փող չէի վերցնում, որ չլիներ թե՝ որեւէ նոր ու անհեթեթ խաղադրույք դնեի, ապա էսօր արդեն տրամադրվել եմ լիքը գրպաններով տնից դուրս գալ, ու հենց հիմա մտածում եմ՝ լափ էլ պիտի լիքը գրպաններով բուքմեյքերական տարածք մտնես ու հենց լիքը գրպաններով պիտի փորձությունդ հաղթահարես, եւ ոչ թե՝ էն ծխողների նման, որ ծխախոտի տուփը ճխլում են՝ իբր ծխելը թարգում են, բայց մի քանի ժամից շնչակտուր վազում են խանութ՝ ծխախոտ առնելու, եւ, էս ամենից բացի, էսօր պարտավոր եմ հետս փող վերցնել, որովհետեւ Արոն արդեն զանգել ու ասել է, որ էսօր իրիկվա կողմ հավաքվելու են, այսինքն, էսօրվա էս շաբաթ օրն իրենց լողացող գրաֆիկի առաջին օրն է, եւ միանգամայն հնարավոր է, որ իրիկվա կողմ իրենց միանամ, չնայած, մյուս կողմից էլ, էսօր ֆուտբոլային չափազանց հագեցած օր է, եւ ես պարտավոր եմ բուքմեյքերական որեւէ տարածքում գտնվել ոչ միայն էն պատճառով, որ հենց տեղում ու հենց իրադարձությունների հորձանուտում փորձվեմ ու լիքը գրպաններով փորձությունս հաղթահարեմ, այլեւ, խաղադրույք չդնելով հանդերձ, պարտավոր եմ մարզավիճակս պահպանել ոչ միայն հետագա ու հեռանկարային խաղադրույքների իմաստով, այլեւ էն պատճառով, որ արդեն հինգ ամիս է՝ Բոբոշը չկա, եւ արդեն հինգ ամիս է՝ ես ամեն շաբաթ ֆուտբոլային հոդվածներ եմ գրում Մանուկյան Արայիկի «90 րոպե» շաբաթաթերթի համար, եւ, հիմա որ մտովի հաշվում եմ, էս հինգ ամիսներին տանուլ տվածս հենց էդ ֆուտբոլային հոդվածներիս հոնորարներն են եղել. այսինքն, ֆուտբոլի բերածը հենց ֆուտբոլն էլ տարել է, որովհետեւ, ինչքան էլ «Քլիվլենդի» ու բասկետբոլի առումով ձեր ու ոստիկանների առաջ բացվեցի, ֆուտբոլի տարածն անհամեմատ շատ է, չնայած, ի տարբերություն բասկետբոլի, թենիսի եւ այլ մարզաձեւերի, ֆուտբոլն էս վերջին հինգ ամիսների ընթացքում ոչ միայն տարել, այլեւ բերել էլ է, եւ էս պահի դրությամբ էլ վիպասան լինելուց զատ նաեւ ֆուտբոլային մեկնաբան եմ եւ պարտավոր եմ ֆուտբոլային հորձանուտում գտնվել, եւ եթե էսօրվա խաղերը հետաքրքիր ընթացք ու բովանդակություն ունենան, շատ հնարավոր է, որ էսօր Հինգշաբթվա վկաների մոտ չանցնեմ, մանավանդ որ, խոսքը մեր մեջ, իրենց մասին ինչ որ գրելու էի՝ արդեն գրել պրծել եմ, բայց, մյուս կողմից էլ, շատ տգեղ կստացվի, եթե լողացող գրաֆիկի էս առաջին օրը բաց թողնեմ, որովհետեւ, ինքներդ եք վկա, որ հավաքների էս երկրորդ օրվա հարցն անձամբ իմ առաջարկությամբ մտավ օրակարգ, քննարկվեց ու քվեարկվեց, եւ լողացող գրաֆիկի էս առաջին օրը հատկապես ի՛մ բացակայությունն արտառոց կլինի, չնայած, մյուս կողմից էլ, էսօր իմ գլխավոր փորձությունը բուքմեյքերական շրջանակներում է սպասվում, եւ եթե էսօրվա էսքան խաղերի մեջ ինձ հաջողվի ինքնազսպվել ու որեւէ խաղադրույք չդնել, ես արդեն իրավունք կունենամ ինձ միանգամայն առողջ մարդ համարել, որովհետեւ «Չելսին» դրսերում երկու անընդմեջ պարտություններից հետո՝ էսօր իր դաշտում ուղղակի պարտավոր է սատկացնել «Նյուքասլին», եւ խաղադրույքի առումով «Չելսիին» հղում չկատարելն էսօր ինձանից գերմարդկային ջանքեր է խլելու, եւ, դրանից էլ բացի, էսօր Միլանում Ռոնալդոյի նորամուտն է, եւ չնայած էս առումով խաղադրույքի ու փորձության որեւէ խնդիր չունեմ, բայց Ռոնալդոյի առումով արդեն Մանուկյան Արայիկի «90 րոպե» շաբաթաթերթի ընթերցողներին լիքը ասելիք ունեմ, ու ասելիքս առավել կամբողջանա, եթե էսօր Ռոնալդոյին հաջողվի հեռակա կարգով ու ֆուտբոլային լեզվով իր ասելիքն ասել Կապելոյին, որը չափազանց վիրավորական ձեւով բրազիլացուն մեկուսացրեց «Ռեալից», եւ եթե էսօր Ռոնալդոն հաջողացնի գոնե մի գոլ խփել, դրանով ե՛ւ իր ասելիքն ասած կլինի էդ ինքնավստահ ու ինքնագլուխ սենյորին, ե՛ւ ինձ օգնած կլինի, որպեսզի էս ասածներս կարողանամ հիմնավորել Մանուկյան Արայիկի «90 րոպե» թերթի խստապահանջ ընթերցողների համար, բայց որպեսզի էս ակնկալիքներս իրականանան, նախ Անչելոտին պիտի Ռոնալդոյին վստահի ու գոնե մի խաղակես խաղացնի, իսկ մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է, եւ Ռոնալդոյի մոտ ինչն է շատ՝ տեխնիկան, չնայած վերջին ամիսների իր չաղությունը նաեւ իր տեխնիկային է ահագին խփել, եւ չնայած իր անփոփոխ երկրպագուն եմ, ու ոնց էլ խաղա՝ իր խաղի մեջ մի լավ բան գտնելու ու գրելու եմ, բայց, բոլոր դեպքերում, ցանկալի է՝ գոլ խփի, ու էս խաղը նաեւ «Արմենիան» է ցուցադրելու. այսինքն, տեսականորեն հնարավորություն ունեմ էդ խաղին Հինգշաբթվա վկաների տարածքում հետեւել, չնայած, այնուամենայնիվ, ցանկալին ու պարտադիրը հենց համապատասխան տարածքում փորձության ենթարկվելն է, մանավանդ որ, շատ հնարավոր է, Բիձեն «Միլանի» էդ խաղը քթիցս բերի՝ րոպեն մեկ հրավիրյալներիս խոհանոց ուղարկելով, չնայած, ինչքան հիշում եմ, պայմանավորվեցինք, որ լողացող օրերին որեւէ կանոնադրական հարց չի քննարկվելու ու քվեարկվելու, բայց Բիձուն շատ չկա եւ ինքն էդ խաղի ամենալարված ու ամենահետաքրքիր պահին կարող է հարց բարձրացնել՝ իրենց էդ հավաքների ժամանակ ֆուտբոլային դիտումները կատեգորիկ արգելելու վերաբերյալ, եւ սա ասում եմ ո՛չ թե շեշտելու համար՝ որ ժամը վեցին գնացի, ու հենց էդպես էլ եղավ, այլ ուզում եմ եւս մեկ անգամ նշել ու շեշտել, որ ցանկացած փորձություն պարտավոր ես կրել տվյալ փորձության համար հատկացված համապատասխան տարածքում, եւ էսպիսի դեպքերում համապատասխան տարածքից խուսափելը հավասարազոր է փորձությունից խուսափելուն, ու էս առումով նույնպես միանգամայն ճշգրիտ է Բիձու ասածը՝ «քաջե՛ր, մենք ոչ թե մեր արածների համար ենք պատասխան տալու, այլ՝ չարածների», եւ Բիձու էդ խոսքի վրա Անչելոտին Ռոնալդոյին խաղադաշտ մտցրեց, եւ չնայած բրազիլացին խաղի էդ մնացած քսան րոպեների ընթացքում չկարողացավ որեւէ էական բան անել, բայց տրամադրությանս կտրուկ վայրէջքը ո՛չ էդ պատճառով էր եւ ոչ էլ է՛ն պատճառով, որ Բիձեն, այնուամենայնիվ, քննարկման ու քվեարկման դրեց եւ փաստորեն անցկացրեց իրենց էդ հավաքների ժամանակ ֆուտբոլային եւ այլ մարզաձեւերի մրցումների դիտումների արգելման հարցը, այլ է՛ն պատճառով, որ ես իմ փորձության բուն տարածքներից ճողոպրել ու սողոսկել էի միանգամայն այլ փորձության տարածք, ուր միանգամայն ավելորդ ու կողմնակի էի եւ իմ ֆուտբոլային կրքերով նույնիսկ խանգարում էի իրենց էդ ուրույն կերուխումին, մանավանդ որ՝ իրենց փորձության էդ տարածքի մասին ինչ որ գրելու էի՝ արդեն գրել պրծել էի, չնայած եթե գրեմ՝ էլի ու էլի կգրվի, մանավանդ որ՝ Հինգշաբթվա վկաների տարածքում միանգամայն կողմնակի գոյություն ու ներկայություն եմ, եւ գրողին կողմնակի ու կողքանց նայողի հայացքն էսպիսի դեպքերում ո՛չ միայն չի խանգարում, այլեւ օգնում է՛լ է, եւ եթե իմ փորձության բուն տարածքներում էդ կողքանց նայողի հայացքն ինձ ոչ միշտ է հաջողվում ունենալ, Հինգշաբթվա վկաների էս տարածքում ոչ միայն կողքանց եմ նայում, այլեւ, ինչպես տեսնում եք, հումորով, ու շատ հաճախ նույնիսկ իմ կողմնակի լինելն եմ մոռանում, որովհետեւ, չնայած Բիձեն չթողեց «Միլանին» ու Ռոնալդոյին մարդավարի նայեմ, այդուհանդերձ, ընդգծված հարգանքով է վերաբերվում ինձ, եւ եթե ասեմ թե՝ իր էդ ընդգծված վերաբերմունքն ինձ չի ոգեւորում, ինձ ու ձեզ խաբած կլինեմ, եւ քիչ բան ասած կլինեմ՝ եթե ասածիս չավելացնեմ, որ երբ քեզ կողմնակի միջավայրում ընդգծված հարգանքով են վերաբերվում, դու ոչ միայն հումորդ չես կորցնում, այլեւ ժամանակ առ ժամանակ նույնիսկ կողմնակի լինելդ ես մոռանում, եւ երբ քեզ հաջողվում է հումորդ չկորցնել եւ կողմնակի լինելդ մոռացության տալ, ներկաներն անկախ իրենցից սկսում են քեզ հարգել, հաշվի առնել եւ նույնիսկ վստահել ընդհուպ է՛ն աստիճանի, որ նույնիսկ իրենց նվիրական գաղտնիքներն են առաջդ փռում, ու էս անգամ էլ էդպես եղավ, եւ երբ վերստին խոսակցությունը պտտվեց անվտանգության դոկտրինի շուրջ, Բիձեն ինձ մի կողմ քաշեց եւ ահագին երկար բացատրեց ու ի հայտ բերեց իր իսկ հայտնագործած Հատուցման զենքի էությունը, եւ շուտով ինձ համար միանգամայն պարզ դարձավ, որ էդ Հատուցման զենքն արդեն համարյա պատրաստ է ո՛չ միայն Բիձու մտապատկերում, այլեւ՝ իրականության մեջ, եւ իրականության մեջ ընդամենը մի քանի տոննա ուրան էր պակասում, եւ իր էդ նվիրական գաղտնիքն ականջիս շշնջալուց հետո Բիձեն կտրուկ շրջվեց, մոտեցավ սեղանին, բաժակը վերցրեց, բարձրացրեց ու ասաց՝ «քաջե՛ր, նոր հազարամյակը հայտնագործությունների հազարամյակ է եւ ոչ թե՝ գուշակությունների», եւ Արոն ծիծաղեց ու ասաց՝ «տղերք, Նոստրադամուսի թազա անեկդոտը լսե՞լ եք», եւ երբ պատասխանեցինք ու ասացինք՝ «չենք լսել», Արոն ոգեւորված պատմեց. «Ուրեմն, մի անգամ Նոստրադամուսը հոգնած ու սոված գալիս ա տուն, կնոջը հարցնում ա՝ «ա՛յ կնիկ, ուտելու ի՞նչ կա», եւ կինը խորամանկ ժպտալով՝ նայում ա մարդուն ու ասում ա՝ «իբր թե չգիտես, հա՞»»:

Ես գիշերվա տասնմեկի կողմերը լքեցի Հինգշաբթվա վկաների տարածքը, եւ տաքսու մեջ նստած՝ արդեն գիտեի, որ այլեւս էդ տարածք ոտ չեմ դնելու, որովհետեւ էդ տարածքն իրենց իսկ փորձության եւ իրենց իսկ ստեղծագործության տարածքն էր, եւ չնայած առիթից օգտվելով՝ հիմա ի՛նքս եմ իրենց էդ մեկօրյա ու երկօրյա կյանքը ստեղծագործության վերածում, բայց իրենց էդ կացութաձեւն աշխարհի անարդարություններին պարբերաբար նետվող իրենց իսկ ձեռնոցն էր, մինչդեռ իմ ձեռնոցները մոռացել ու թողել էի Դոցենտի պահարանի վրա եւ մտքովս անգամ չանցավ վերադառնալ ու վերցնել ո՛չ միայն էն պատճառով, որ տաքերն արդեն սկսվել են, ու էդ պահին գարնան շունչը տաքսու պատուհանից դեմքիս էր խփում, այլեւ է՛ն պատճառով, որ «Սոսյեդադի» հետ «Ռեալի» խաղն արդեն սկսվելու վրա էր, եւ Ռոնալդոյի նորամուտն արդեն լավիցվատից տեսած՝ շտապում էի սենյոր Կապելոյի հերթական ձախողումը տեսնել եւ ընդամենն էդ ու էդքանն էի փափագում, որովհետեւ ոչ թե խաղալու էի շտապում, այլ ընդամենը՝ խաղը նայելու ու Կապելոյի լիակատար ֆիասկոն վայելելու, ինչպես նաեւ՝ խաղադրույք չդնելս ու կամքիս ուժի հերթական դրսեւորումը վայելելու, որովհետեւ վերջերս նաեւ հասկացել եմ, որ բուքմեյքերական էս կրքերս ոչ միայն գրպանիս են խփում, այլեւ՝ գրողի ու մտավորականի հեղինակությանս, եւ դրա վկայություններից ամենաուշագրավն «Առավոտի» խմբագրի տեղակալ Պետրոսյան Վալոդի՝ ինձ ձոնված վերջին ստեղծագործությունն է.

«Առավոտն» արդեն քեզ չի հմայում,

Երբ հարազատ է միշտ եղել այնքան.

Միայն քո էջի շուռտիպն ես նայում,

Ապա՝ շտապում բուքմեյքերական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել