Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արա Գեղեցիկ եւ Շամիրամը»՝ նորովի

Հոկտեմբեր 27,2007 00:00

\"\"Երեկ Հանրային ռադիոյի մամուլի սրահում ասուլիս էին հրավիրել Հ1-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» դիցապատմական ողբերգության հիման վրա բեմադրված ներկայացման ռեժիսոր Դավիթ Հարությունյանը, դերասաններ Խորեն Լեւոնյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ երաժշտության հեղինակ Արման Էլբերտը: Նրանք հայտնեցին, որ «նորացված» «Արա Գեղեցիկ եւ Շամիրամը» կցուցադրվի նոյեմբերի 6-9-ին, 12-14-ին եւ 17-18-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

Հ. Քեշիշյանն ասաց, որ պիեսը բեմադրելիս որոշ հատվածներ ենթարկվել են փոփոխության, որոշներն էլ՝ ընդհանրապես հանվել: Նրա խոսքերով, պիեսը բեմադրվել է շնորհալի ու սրտացավ դերասանների շնորհիվ, ինչն էլ ներկայացման հաջողության գրավականը կարող է լինել:

Դառնալով դասական գործի ընտրության գաղափարին՝ Հ. Քեշիշյանը հայտնեց. «Մինչ այս գործն ընտրելը բավական երկար ճանապարհ ենք անցել: Զուգահեռ աշխատում ենք նաեւ Կաֆկայի «Դատավարության» վրա, որը գրեթե պատրաստ է: Երկար մտածելուց հետո որոշեցինք, որ ճիշտ կլիներ սկսել հայ դասականներից: Կարծում եմ՝ «Արա Գեղեցիկ եւ Շամիրամը» իր հնչեղությամբ, ճոխ լեզվով շատ մոտ է Շեքսպիրին: Հակառակի պես, հայերն էլ ծայրահեղությունների ժողովուրդ են՝ կամ Շեքսպիր են սիրում, կամ գերադասում շատ կենցաղային հումոր»:

Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ իր՝ երիտասարդ բեմադրիչի համար մեծ պատասխանատվություն է նման լուրջ գործին մոտենալը: Նրա ձեւակերպմամբ, այս պիեսում հայկական բեմերի համար այնպիսի նորամուծություններ են արվել, որպիսիք երբեւէ չեն եղել:

Ն. Հովհաննիսյանն էլ, որ մարմնավորում է Ասորեստանի գեղեցկուհի թագուհի Շամիրամին, հայտնեց. «Որպեսզի ճիշտ ներկայացնեի կերպարը ու հասկանայի հերոսուհուս բարդ հոգեվիճակը, մինչ բեմադրությունը՝ ստիպված եմ եղել հսկայական քանակությամբ գրականություն կարդալ»:

Դ. Հարությունյանը շեշտեց, որ իր համար, որպես հեռուստատեսային ռեժիսոր, շատ կարեւոր է իմանալ, թե իրեն ինչպես կընդունի թատրոնի քմահաճ ու անկանխատեսելի հանդիսատեսը:

Ասուլիսի «դիրիժոր» Հ. Քեշիշյանը խոսեց նաեւ ներկայացման երաժշտությունից: Նրա կարծիքով, Արման Էլբերտի գրած երաժշտությունը կարող է փայլ տալ ցանկացած պատմական ֆիլմի: Նաեւ հավելեց, որ «Արա Գեղեցիկ եւ Շամիրամը» դեկտեմբերին հնարավորություն կունենա դիտել նաեւ Գյումրիի հանդիսատեսը: Ինչպես եւ սպասվում էր, Հ1-ի պրոդյուսերը հայտարարեց, թե ներկայացումը առաջիկայում կտեսագրվի ու կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել