Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրավիճակը տխուր է

Հոկտեմբեր 27,2007 00:00

Բաց նամակ ԳՄ նախագահ Լեւոն Անանյանին

Գրում ենք այս նամակը սրտի մեծ ցավով, նաեւ ամոթով: Մենք ամաչում ենք մեր ժամանակակից գրականության համար, այն վիճակի համար, որի մեջ հայտնվել են մեր արձակն ու պոեզիան: «Ուսանողի ձայն» մեր երիտասարդական ամսաթերթն անդրադարձել է Գրողների միության այս աղետալի կացությանը, բայց երբ փորձեցինք մեր հրապարակումը ներկայացնել ձեզ՝ պրն Անանյան, ԳՄ աշխատակիցներից մեկը մեզ թույլ չտվեց անգամ մոտենալ ձեր կաբինետին՝ «Անանյանը գրականությամբ չի զբաղվում» ասելով:

Հարց է առաջանում՝ բա ինչո՞վ եք զբաղվում: Ամեն օր մամուլում կարդում ենք հոդվածներ Գրողների միությունում ձեր տխուր գործունեության մասին: Եվ ի՞նչ՝ ոչ մի պատասխան: Ասել է, թե դուք համաձայն եք ձեզ ուղղված քննադատություններին: Այդ դեպքում արժե՞, արդյոք, շարունակել նախագահ մնալ եւ էլ ավելի փչացնել մեր գրականությունը:

Մեր դասախոսները մեզ միշտ ներշնչում են հարգանք գրականության ու գրողների հանդեպ: Բայց այն, ինչին ականատես եղանք Գրողների միությունում, ուղղակի զզվելի էր: Իբր թե քննարկում էիք արդի բանաստեղծության վիճակը, բայց ձեր կողմից շատ սիրված գրողներից մեկը, որն ավելի շատ ծաղրածուի էր նմանվում, հայտարարեց, որ քննարկվող գիրքն ինքը զուգարան է տանում, իսկ գրքի հեղինակը սպառնաց այդ գրող- ծաղրածուի գլուխը ջարդել:

Հարց երկրորդ՝ ի՞նչ մեղք է գործել մեր գրականությունը, որ այսպես անգթորեն նվաստացնում եք այն: Մենք արդեն «գրող» ասելով սկսել ենք հասկանալ կամ շիզոֆրենիկ, կամ այլասերված մարդ: Այդ պատճառով էլ, եթե մտնում ենք Գրողների տուն, մտնում ենք չուզելով, քանի որ մեզ ստիպելով են բերում:

Վերջերս ուսանողների մոտ ձեռքից ձեռք էր անցնում ԵՊՀ դասախոս Յուրի Խաչատրյանի «Ստորապատում» գիրքը՝ կրկին նվիրված նույն խնդրին: Անկեղծ ասենք, գիրքը մեզ շատ դուր եկավ՝ ինչքա՞ն պիտի շարունակենք հանդուրժել սուտը, ստորությունը, քծնանքը, կաշառակերությունը: Մեր ծնողները հպարտանում են Գրողների միության անցյալով, իսկ մենք ամաչում ենք Գրողների միության ներկայի համար, որի նախագահը, ինչպես իմանում ենք Յու. Խաչատրյանի գրքից, ի թիվս շատ այլ զանցանքների, նաեւ գրագող է:

Հաշվի առնելով մեր երիտասարդության հետաքրքրասիրությունը, խնդրում ենք մամուլում բացատրություն տվեք՝ ինչո՞ւ եք դուք հանդիսավոր լռում, երբ ձեր սիրելի ծաղրածու-գրողները հարձակվում են Պարույր Սեւակի, Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի վրա: Այս ի՞նչ արշավանք եք սկսել հայ գրականության դեմ եւ ինչքա՞ն դեռ պիտի նսեմացնեք այն… մինչեւ հասցնեք ձեր մակարդակի՞ն:

Ի դեպ, Յուրի Խաչատրյանն իր գրքում պնդում է, որ Դուք սեփականել եք նրա հոդվածը Կոստան Զարյանի մասին:

«Գրողների պոլիկլինիկա» շախմատային փայլուն օպերացիան, որին Կապաբլանկան ու Լասկերը կնախանձեին, բարեհաջող ավարտվեց «Մերսեդեսով»: Մնաց Գրողների տան կողքի մի ափ հողի շահութաբեր վաճառքը…

Այդ միությունը գոյություն ունի, որ մի քանի ճարպիկ տղերք բարեկեցիկ կյանքո՞վ ապրեն:

Այդ միությունը գոյություն ունի, որ մարդիկ գիրք ստեղծեն եւ առաջաբաններ գրեն եւ այդ առաջաբանները ստորագրի Գրողների միության նախագա՞հը, դրանք լույս տեսնեն ի՞ր ստորագրությամբ…

Տխուր է, անչափ տխուր՝ ապրել մի երկրում, որտեղ ցանկացած մարդ կարող է նստել Ավետիք Իսահակյանի աթոռին:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի մի խումբ ուսանողներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել