Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՂԲԱՅՐՍ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՍ ՀԵՏ»

Հոկտեմբեր 27,2007 00:00

Հարցազրույց «Միսս Հայաստան-2007» Մարգարիտա Սարուխանյանի հետ

Հայաստանյան գեղեցկուհիների փնտրտուքը՝ «Միսս Հայաստան» գեղեցկության եւ նրբագեղության մրցույթում, անցկացվում է 1996-ից: Հիշեցնենք, որ առաջին գեղեցկուհին Կարինե Խաչատրյանն էր, 1997-ին՝ Անգելինա Բաբաջանյանը, 1998-ին՝ Գոհար Հարությունյանը: 21-րդ դարասկզբին հայաստանյան գեղեցկուհու թագը նվաճեց Քրիստինե Բաբայանը, 2001թ. եւ 2003-ին՝ Իրինա եւ Լուսինե Թովմասյան քույրերը, 2006-ի ամենագեղեցիկ հայուհին Մարինա Վարդանյանն էր:

Վերջինս օրերս կայացած «Միսս Հայաստան» մրցույթում գեղեցկուհու թագը փոխանցեց 18-ամյա Մարգարիտա Սարուխանյանին: «Միսս Հայաստան-2007»-ը սիրով զրուցեց «Առավոտի» հետ:

– Հայտնի է, որ դուք 2004-ին մասնակցել եք «Էլիտ մոդել լուք» հայաստանյան մրցույթին՝ չարժանանալով ժյուրիի ուշադրությանը: Ի՞նչը ձեզ վստահություն ներշնչեց՝ այս մրցույթին մասնակցելու:

– Գեղեցկուհիների եւ մոդելների մրցույթները տարբեր են: Եթե առաջինի դեպքում հիմնականում ուշադրություն է դարձվում դիմագծերին, ապա մոդելներն ընտրվում են այլ չափորոշիչներով: Թե ինչու ինձ «Էլիտ մոդել լուքում» չնկատեցին՝ գուցե կազմակերպիչներն ասեն: Ինչ վերաբերում է գեղեցկության մրցույթին մասնակցելու վստահությանս, կարող եմ հիշեցնել միայն, որ հասակս 174 սմ է եւ ունեմ գեղեցկության մրցույթի համար անհրաժեշտ 90-60-90 համամասնություն: Ուրախ եմ, որ «Միսս Հայաստան-2007» մրցույթի ժյուրիի կազմում էր նաեւ «Միսս Եվրոպա» կազմակերպության համանախագահ տիկին Կորին Սփակը:

– Եվ հայաստանյան, եւ արտերկրյա տարբեր մրցույթներից հետո մշտապես ծավալվում են հիմնավորված եւ նույնիսկ անհիմն ասեկոսեներ՝ հաղթողի անվան շուրջ: Ձեր դեպքում հիմնական «մեղադրանքն» այն է, որ «Միսս Հայաստան-2007»-ի հովանավորներից մեկը ձեր եղբայրն է՝ «Գլոբալ Մոբայլի» տերը:

– Այո, «Միսս Հայաստան-2007»-ի հովանավորների թվում էր նաեւ «Գլոբալ Մոբայլ» բջջային հեռախոսների խանութների ցանցը, որը ներկայացնում էր մորաքրոջս տղան՝ Հայկը: Նա արվեստասեր է, գեղեցիկը գնահատող եւ առաջին անգամ չէ, որ աջակցում է մշակույթի ոլորտի այս կամ այն միջոցառմանը…

– Գեղեցկուհի հռչակվելուց հետո ի՞նչ է փոխվել ձեր կյանքում կամ հասցրե՞լ եք օգտվել «միսսի» «արտոնություններից»:

– Երեւանի մենեջմենթի համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի եմ եւ, եթե դա կարելի է համարել արտոնություն, ապա ասեմ, որ այլեւս ուսման համար չեմ վճարելու: Գեղեցկուհի հռչակվելու առիթով նաեւ նշեմ, որ գեղեցիկը թեեւ սահման չունի, բայց ենթակա է կատարելագործման: Կնոջն է տրված սեփական գեղեցկության կախարդական բանալին, բայց միայն ֆիզիկական գեղեցկությունը չէ, որ նրան դարձնում է գրավիչ:

– Հավանաբար, «Միսս Եվրոպա- 2007»-ում Հայաստանը կներկայացնեք դուք:

– Ցավոք, այս տարի, որքան ինձ հայտնի է, զուտ կազմակերպչական խնդիրների պատճառով չի կայանալու «Միսս Եվրոպան»…

– «Միսս 2007»-ը այլեւս հայաստանցի դիզայներներից ո՞ւմ կվստահի իր հագուկապը:

– Հագուկապի էսթետիկական դերը կայանում է նրանում, որ արտաքին կուլտուրայի մյուս գործոնների հետ միասին բացահայտի մարդու գեղեցկությունն ու հոգեկան հարստությունը: Երբեք չի կարելի գերադասությունը տալ հագուստին: Գեղեցիկ զգեստը չի կարող մարդուն դարձնել, օրինակ, ավելի քաղաքակիրթ կամ հմայիչ: Իսկ հայաստանյան դիզայներներից ինձ գրավում է Լիլիթ Մարգարյանի ձեռագիրը:

– Արեւմուտքում՝ վաղուց, Հայաստանում՝ նոր-նոր, գեղեցկուհիները հրավիրվում են նաեւ ֆիլմերում նկարահանվելու, մտադրություն չունե՞ք համալսարանն ավարտելուց հետո այլ բուհում, օրինակ՝ թատերականում եւս ուսում առնել…

– Ոչ, այլ մասնագիտություն չեմ ընտրի: Արդեն քայլում եմ ընտրածս ուղիով: Իհարկե, այնպիսի նախասիրություններ էլ ունեմ, ինչպիսիք են պարը, երաժշտությունը եւ թենիսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել